«Եթե այս հարցը չլուծվի՝ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»․Փաշինյան | Region

«Եթե այս հարցը չլուծվի՝ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»․Փաշինյան

Հուլիս 29,2026 17:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայկական մի շարք ապրանքների՝ ՌԴ արտահանելու արգելքին, ասել է՝ հայկական արտահանման խնդիրների և ԵԱՏՄ կանոնների պահպանման լուծումը սկզբունքային նշանակություն ունի, հակառակ դեպքում առաջացած ճգնաժամը կարող է հանգեցնել կազմակերպության կործանմանը:

«ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել հայտնի հանգամանքների պատճառով՝ այն բանի հետևանքով, որ Հայաստանի Հանրապետությունը փորձել է այլընտրանքներ գտնել։ Քաղաքականության մեջ շատ կարևոր է լեգիտիմություն ունենալ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերների շրջանում։ Հարցն այն է, թե երբ պետք է իրականացվի այդ այլընտրանքը։ ԵԱՏՄ երկրների առաջնորդները մայիսի 29-ին ընդունված հայտարարությամբ ճանաչել են Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Հայաստանի իրավունքը, այսինքն՝ ճանաչել են այս օրակարգի լեգիտիմությունը»,-ասել է Փաշինյանը։

Անդրադանալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս կայացած հեռախոսազրույցին, որի ընթացքում Պոիտինը կրկին պնդել է, որ ՀՀ-ն պետք է հանրաքվե անցկացնի՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, Փաշինյանն ասել է․«Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և մենք գնալու ենք այդ ճանապարհով, հատկապես հիմա, երբ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ Ես չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետությունն այլընտրանքներ չունենա։ Հայաստանի Հանրապետությունը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ։ Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»։

Փաշինյանի խոսքով․« եթե Միության շուկայում առաջացած խոչընդոտները չվերացվեն սեղմ ժամկետներում, ապա մենք հիմա արձանագրում ենք, որ պրոբլեմը Հայաստանի Հանրապետությանն է, բայց պրոբլեմը Հայաստանի Հանրապետությանը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որովհետև ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը չլուծվի՝ թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։

Նորություններ