Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
2026 թվականի պեղումների ընթացքում հողի հաստ շերտի տակից ամբողջությամբ բացվել է 19-րդ դարի հեղինակների հիշատակած Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը։ Հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն»-ից։
Ինժեներական և գեղարվեստական լուծումներով առանձնացող կառույցն այժմ հասանելի է այցելուների համար։ «Դեռևս 19-րդ դարի հեղինակները, մասնավորապես՝ Երվանդ Լալայանը, հիշատակում են Տաթևի Մեծ անապատի աղբյուրը, որի հստակ տեղն անհայտ էր, քանի որ կառույցների մեծ մասը ծածկված էր հողի հաստ շերտով։ Ճարտարապետ Մուրադ Հասրաթյանի նկարագրության հիման վրա իրականացված (2026 թ.) մեր (ՊԺԳՀԿ արշավախմբի ղեկ.՝ Արման Նալբանդյան) պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվեց Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը։ Վերջինս բավականին հետաքրքիր կառույց է՝ թե՛ իր ինժեներական, թե՛ գեղարվեստական լուծումներով։Աղբյուրն ամբողջությամբ բացվել է, և այժմ այն հասանելի ու տեսանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար»,- ասված է «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունում։
Նորություններ
