«Կառավարությունում տրոյական ձի է գործել». Փաշինյանը իրավապահներին կոչ արեց ստուգել Լիպարիտ Դրմեյանի հաշիվներն ու ունեցվածքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փաստացի հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ։
«Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող տրոյական ձիու գործունեությունը քննեն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ է, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննե՞լ են էդ դեպքը, թե՞ չեն քննել»,-հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին ստուգել նախկին պաշտոնյայի հաշիվներն ու ունեցվածքը։
Փաշինյանն այս հայտարարությունն արեց ՀԷՑ նախկին սեփականատերերի հետ կապված արբիտրաժային դատարանում քննված գործի մասին խոսելիս, նշելով․ «Հիշո՞ւմ եք ինչ խոսակցությունն էին գնում, թե բա ՀԷՑ-ի նախկին սեփականատերը, կալուգացին արբրիտաժում հաղթել է։ Պարզվեց, որ էս շենքում իրանք մարդ ունեին։ Էդ մարդուն երբ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում․․․բա դա կոռուպցիա չէ՞։ Իր գրության հիմա վրա աղմուկ էր բարձրացրել։ Հետո գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչի ցուցակում։ Որևէ մեկը քննե՞լ է՝ սա կոռուպցիա է, թե՞ կոռուպցիա չէ»։ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունում գործել է «տրոյական ձի», նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին), որն ըստ վարչապետի, տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական դաշտ, կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող գրություններ է գրել․«Ո՞նց կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել։ Պատահակա՞ն է, որ եռագլուխ կուսակցության պոչի ցուցակում է հայտնվել, հետո պարզվեց, որ էդ պոչն ինչ-որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ ․․․Բա ինչի՞ չեք գրում, որ ջախջախվել են արբիտրաժում, որովհետև տրոյական ձիուն հանել ենք շենքից»։
Հիշեցնենք, որ 2025-ի հուլիսին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիրքորոշում էր հայտնել, որ «Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման»։ Ապա վարչապետը հայտարարել էր՝ կառավարության անունից ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի համարող պաշտոնյաները պետք է ազատման դիմում գրեն։
Կարճ ժամանակ անց՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին պաշտոնից վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանը ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Լիպարիտ Դրմեյանը 2026-ի հունիսի 7-ին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։
Նորություններ
