Մոռացված Բարձրաշենը․ երբեմնի ծաղկուն գյուղում այսօր ապրում է ընդամենը 2 ընտանիք | Region

Մոռացված Բարձրաշենը․ երբեմնի ծաղկուն գյուղում այսօր ապրում է ընդամենը 2 ընտանիք

Հուլիս 30,2026 18:00

Բարձրաշեն գյուղը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Անիի տարածաշրջանում գտնվող բնակավայրը 1981թ․-ին լուծարվել է և կցվել է Իսահակյան գյուղին: Բնակիչների կողմից անընդունելի և անհասկանալի այդ որոշումից հետո ընտանիքները սկսել են աստիճանաբար հեռանալ բնակավայրից։ Երբեմնի մարդաշատ գյուղում այսօր մշտական բնակվում է 2 ընտանիք՝ տարեց ամուսիններ։

Բնակիչների նախնիները 1860 թ․-ին գաղթել են Արցախից, իսկ 1915-1920 թթ․-ին այստեղ են տեղափոխվել Մուշից և Բուլանղի գավառակից գաղթած արևմտահայերը։ Բնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց ամենատարեց բարձրաշենցին՝ Եպրաքսյա Մկրտչյանը, ժամանակին Բարձրաշենը հարուստ, հացառատ գյուղ է եղել, անգամ հարևան համայնքներից եկել և այստեղից հացահատիկ են տարել։ 91-ամյա կնոջ որդիներն ապրում են Մարալիկ քաղաքում։ Ասում է՝ ժամանակ առ ժամանակ գալիս է գյուղի իր տուն, սիրտը չի կտրվում, չէ՞ որ ավելի քան 7 տասնամյակ ապրել է այս պատերի ներքո։

Բարձրաշենցիները ժամանակին փորձել են փրկել գյուղը։ Նրանք տարբեր պետական ատյանների են դիմել՝ հորդորելով վերանայել լուծարման որոշումը։ Գյուղի կյանքը պահպանելու նպատակով անգամ տնակային դպրոց են հիմնել, սակայն այդ ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել, և արտագաղթը շարունակվել է։

Նորություններ