«Եթե անհամաձայնություն կա, կգնանք արբիտրաժում կքննարկենք»․Փաշինյանը՝ երկաթուղու կառավարման մասին | Region

«Եթե անհամաձայնություն կա, կգնանք արբիտրաժում կքննարկենք»․Փաշինյանը՝ երկաթուղու կառավարման մասին

Հուլիս 30,2026 16:01

«Խնդիրը մեկ բաղադրիչի մեջ է՝  Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, մինչ այդ Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և բազմաթիվ այլ պետությունների հետ, իսկ նախկինում  մեր երկիիրը չուներ կամ չէր կարող ունենալ ռազմավարական հարաբերություններ այսքան գործընկերների հետ և խնդիրը այստեղ է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների լարվածությանը։

Օրերս ՌԴ նախագահը կրկին պնդել է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի, թե որ ուղղությամբ է գնում՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ։ Փաշինյանը պնդում է, որ հանրաքվե անցկացնելու կարիք այժմ չկա։

Այսօր լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, բայց ես կասեմ, որ Ռուսաստանը այդտեղ խնդիր է տեսնում և  կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են կամ չկան հարաբերություններ ընդհանրապես։ Մենք այդ մոտեցումը չենք ընդունում։ Մենք ասում ենք, որ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերությունները պետք է լինեն և սա լեգիտիմ դիրքորոշում  է»։

Վարչապետը նկատեց՝ ՀՀ-ն 2022-ին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չկատարեց․«Ի՞նչ էր արել ՀՀ-ն, ո՞ւմ էր վատություն արել։ Ինչո՞վ էր ՀՀ-ն վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՞ մեջ է խնդիրը, բա դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչու՞ է անընդհատ այն կանխավարկածը առաջ քաշվում, որ մենք ենք վատ գործընկեր։ Հայաստանը ու՞մ էր ինչ վատ բան արել, որ Բելառուսի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանը ու՞մ է պետ»։  Բելառուսին ՀՀ-ն վատությո՞ւն էր արել, ո՞նց կարելի է ինքնիշխան երկրի մասին այդպես խոսել, հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Հարգարժան Բելառուսի նախագահը փնտրում-փնտրում և չէր գտնում այդ հարցի պատասխանը, հիմա մենք այդ հարցի պատասխանը տալիս ենք։ Հայաստանը պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Վրաստանին, Լեհաստանին, Գերմանիային, Ֆրանսիային  և այդ բոլոր գործընկերները Հայաստանի Հանրապետությանն են պետք»։

Լրագրողի այն հարցին՝ եթե պնդում է, որ դեպի Եվրոպա արտահանում է իրականացվում, ապա ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահին խնդրել, որպեսզի վերացվեն հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները, Նիկոլ Փաշնյանը պատասխանեց․«Տնտեսական սահմանափակումների հեռացման խնդրանքը եղել է այն տրամաբանությամբ, որ ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են լինում կամ ընդհանրապես չեն լինում, ես խնդրել եմ, որ մեր դիրքորոշմանը մոտենան ըմբռնումով և հարգանքով, մանավանդ որ դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում։ Ասում է, որ այո,  դուք ունեք այլընտարնքներ ունենալու իրավունք,  բայց այսօր որոշեք, թե որ այլընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, որ դեռ այլընտրանքը ձևավորված չէ և այն ձևավորման ընթացքի մեջ է և հիմա ազնիվ չի լինի մեր ժողովորդի առաջ հարց դնենք, թե դուք չձևավորված այլընտանքը ուզում եք, թե՞ ոչ։ Ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք չունենք և մենք կգնանք, կձևակերպենք և  հետ կվերադառնանք»։

Անդրադառնալով Սյունիքով անցնող երկաթուղուն, որն ըստ էության կապվելու է  TRIPP-ին, Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու։ Այսինքն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, երկաթուղին հայկական կողմը պետք է կառավարի։ Հիշեցնենք, որ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին:

Այսօր Փաշինյանն ասաց, որ երկաթուղու հետ կապված որևէ քննարկում չի եղել ՌԴ նախագահի հետ, որի հետ վերջերս է խոսել հեռախոսով։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, դա ՀՀ  սեփականությունն է։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես  նպատակահարմար է գտնում, ես ուզում եմ  հստակ լինել այս հարցով՝ այլընտրանք չկա այստեղ։ Ես կարող եմ սպասել բավարար չափով, բայց ոչ անվերջ, այդ հարցը պետք է լուծվի։ Կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշում կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, կգնանք արբիտրաժում կքննարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տիրուն Մարգարյան

Նորություններ