«Փաշինյանը փորձում է փլուզել սփյուռքը, որովհետև խանգարում է Փաշինյանի՝ «Իրական Հայաստան»-ի «գաղափարախոսությանը». Ստեփան Դանիելյան | Region

«Փաշինյանը փորձում է փլուզել սփյուռքը, որովհետև խանգարում է Փաշինյանի՝ «Իրական Հայաստան»-ի «գաղափարախոսությանը». Ստեփան Դանիելյան

Օգոստոս 11,2026 15:15

Օգոստոսի 6-ին նախատեսված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գործով դատական նիստը: Սակայն նախքան քննության մեկնարկը դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտարարեց։

Վեհափառ Հայրապետը և ևս վեց բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ: Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի իրականացմանը խոչընդոտելու համար, նույն գործով մեղադրվել են նաև 6 բարձրաստիճան հոգևորականներ։

Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին, դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Սակայն Մայր Աթոռը չվերականգնեց, այլ՝ կարգալույծ արեց նրան՝ պնդելով՝ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Արդյոք դատավորի ինքնաբացարկը կարող է նախադեպ լինել, և գործով նշաշանկվող մյուս դատավորներն էլ ինքնաբացարկ հայտարարեն, մեր այս հարցին ի պատասխան քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն  ասում է՝ դժվար է նման կանխատեսում անել։

Regions TV-ի հետ զրույցում Ստեփան Դանիելյանը շեշտում է՝ որևէ մասնավոր անձ, առավել ևս երկրի դե ֆակտո ղեկավարը, իրավունք չունի միջամտելու Նվիրապետական Եկեղեցու գործերին, փոխելու Կաթողիկոսին կամ առաջնորդելու հոտին:

Դանիելյանը պնդում է՝ Փաշինյանը չի կարող դիտարկվել որպես ՀԱԵ հետևորդ։

«Ըստ կանոնական իրավունքի՝ Նիկոլ Փաշինյան անձնավորությունը չի կարող դիտարկվել որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև Հայ առաքելական եկեղեցում գոյություն ունի յոթ խորհուրդ։ Յոթ խորհուրդներից մեկը ամուսնության խորհուրդն է, այսինքն՝ որպեսզի լիներ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ, ամուսնությունը պետք է օծվի եկեղեցում։ Ինքը երեխաներ ունի և ոչ միայն եկեղեցում չի օծվել, նաև քաղաքացիական օրենսդրությամբ չի ամուսնացել»,- նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ այս փաստն արդեն իսկ բացառում է նրա որևէ իրավասություն եկեղեցական հարցերում:

Դանիելյանն ընդգծում է երեք հիմնական պատճառ, թե ինչու է ապօրինի իշխանության միջամտությունը՝  Եկեղեցական կանոնակարգ. մասնավոր անձը չի կարող զբաղվել Եկեղեցու բարեկարգման կամ բարենորոգման հարցերով, Սահմանադրական նորմ. որպես աշխարհիկ իշխանության ղեկավար՝ նա իրավունք չունի խառնվելու ներեկեղեցական գործերին, քանի որ Սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին տարանջատված են, Իրավական անկախություն. ՀԱԵ-ն ունի հատուկ կարգավիճակ, գործում է իր ներքին կանոնադրությամբ, որը տարածվում է համաշխարհային մասշտաբով: Պետությունն իրավասու չէ միջամտելու հոգևորականներին կարգալույծ անելու կամ նոր առաջնորդներ նշանակելու գործընթացներին, որովհետև եկեղեցին և պետությունը իրարից բաժանված են՝ ըստ Սահմանադրության։

Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ Փաշինյանի գործողությունները պատահական չեն. նա փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել բոլոր կառույցների, այդ թվում՝ Եկեղեցու նկատմամբ: Դրա համար առաջ է մղում այսպես կոչված «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:

«Նրա՝ Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն է՝ 29,800 քառ. կմ-ով Հայաստանը։ Նա ուզում է մի կողմ դնել  Արցախի հարցը, Ցեղասպանության հարցը, պատմության հարցերը, դրա համար պատմական ինչ-որ իբրև թե փաստերով են խոսում, իր թիմակիցներն էլ շրջանառում են թեզեր, թե իբր «Լոռին Վրաստանինն է եղել», «Անին Հայաստանինն է եղել» և այլն՝ փորձելով ջնջել պատմական փաստերը  Հիմա այս կոնտեքստում ինքն ի՞նչ է անում։ Ինքը փորձում է փլուզել սփյուռքը, որովհետև սփյուռքը կառուցված է երկու գաղափարի վրա՝ Ցեղասպանության պահանջատիրություն և Եկեղեցու շուրջ ձևավորված համայնքներ: Դա է սփյուռքի հայերի ինքնագիտակցության մեխը, ինչը խանգարում է Փաշինյանի գաղափարախոսությանը»,-ընդգծում է վերլուծաբանը։

Ըստ Դանիելյանի՝ Սփյուռքի ինքնագիտակցությունն ու արտերկրի հայությունը խանգարում են Փաշինյանի «29,800 քառ. կմ»-անոց տեսլականին, քանի որ դրսում ապրող հայերը դուրս են նրա տոտալ քարոզչական ազդեցությունից: Հիշեցնում է՝ դրա համար էլ  ընտրական օրենսդրությունում փոփոխություն արեց, որպեսզի բոլոր նրանք, ովքեր վերջին 1.5  տարում չեն բնակվել Հայաստանում, չեն կարող մասնակցել ընտրություններին։

«Այստեղ նաև պետք է հասկանալ աշխարհաքաղաքական նպատակները, որը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին։ Ուրեմն նաև իր խաղաղության գաղափարախոսությունը կառուցում է նրա վրա, որ մենք պետք է որևէ հարց չունենանք, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բացասական կդիտվի` Ցեղասպանության հարց, պահանջատիրության հարց, Եկեղեցին, որը այս սփյուռքի  և հայության գաղափարախոսության կիզակետն է հանդիսանում»,- եզրափակում է վերլուծաբանը։

Տիրուն Մարգարյան

Նորություններ