Վտանգավոր շոգը տարածվում է ԱՄՆ-ով․ ինդեքսը կգերազանցի 100 աստիճանը
Միլիոնավոր մարդիկ ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում շարունակում են գտնվել վտանգավոր շոգի մասին նախազգուշացումների տակ, որը առաջիկայում կշարժվի դեպի Միջին Արևմուտք և արևելք:
ԱՄՆ-ի արևմտյան հատվածում պահպանվում է վտանգավոր տապը, որի թուլացումն ակնկալվում է հանգստյան օրերի երկրորդ կեսին: Ծայրահեղ շոգի մասին ազդարարումները գործում են մինչև շաբաթ օրվա տեղական ժամանակով 20:00-ն Հարավային Կալիֆոռնիայի և Արիզոնայի որոշ հատվածներում, այդ թվում՝ Ֆենիքսում, Թուսոնում և Փալմ Սփրինգսում: Այս տարածքների բնակչությանը հորդորում են չգտնվել բաց երկնքի տակ երկար ժամանակ և հնարավորության դեպքում խնայել էլեկտրաէներգիան:
Բացի այդ, շոգի վերաբերյալ նախազգուշացում է տրվել Հարավային Կալիֆոռնիայի ափամերձ գոտու մի մասում, մասնավորապես՝ Սանտա Բարբարայի, Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի շրջաններում:
Առաջիկա օրերին վտանգավոր տապը կընդգրկի ԱՄՆ Միջին Արևմուտքի զգալի հատվածը, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին կտեղաշարժվի ավելի հեռու՝ դեպի արևելք: Կիրակի կեսօրին ջերմաստիճանը և խոնավությունը հաշվի առնող շոգի ինդեքսը Կանզաս նահանգի Ուիչիտա, Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի և Այովա նահանգի Դե Մոյն քաղաքներում կմոտենա Ֆարենհայտի 100 աստիճանին:
Մինչև երեքշաբթի Չիկագոյում զգացվող ջերմաստիճանը կմոտենա Ֆարենհայտի 90-ական աստիճանների վերին սահմանին: Միևնույն ժամանակ, շոգի ինդեքսը 100 աստիճանը կգերազանցի Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ և Ռալի, Վիրջինիայի Ռիչմոնդ քաղաքներում, ինչպես նաև Վաշինգտոնում: Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում սպասվող ավելի տաք ու խոնավ օրերի պայմաններում տարածաշրջանի մեծ մասը, ըստ կանխատեսումների, զերծ կմնա այս վտանգավոր ալիքից:
Հայտնի է, որ այս տարի Եվրոպայով անցած վտանգավոր շոգի ալիքը 40 հազար մարդու կյանք է խլել: Օգոստոսի դրությամբ Ուկրաինայում նույնպես գրանցվել է Ցելսիուսի սանդղակով բարձր ցուցանիշների հետ կապված ջերմաստիճանային ավելի քան 20 նոր ռեկորդ:
