«Ասացին՝ բնակտարածքը չի քանդվի, մինչև բնակիչներին ապահովենք կացարանով»․ Շիրակի 49-ի բնակիչները թաղապետարանում հանդիպման էին | Region

«Ասացին՝ բնակտարածքը չի քանդվի, մինչև բնակիչներին ապահովենք կացարանով»․ Շիրակի 49-ի բնակիչները թաղապետարանում հանդիպման էին

Սեպտեմբեր 01,2026 15:06

«Մեզ թույլ տվեցին, որ մենք շարունակենք ապրել այնտեղ, ժամկետ չեն ասել»,-քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 49 հասցեի քանդման ենթակա տնակներից մեկի բնակիչները։ Երեկվա աղմկահարույց միջադեպից հետո նրանց հանդիպման էր հրավիրել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։

Հանդիպումից հետո բնակիչներից Լիլիթ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ իրենց թույլատրել են բնակվել տնակներում այնքան, մինչև կարողանան կացարանով ապահովել․«Ասացին՝ ապօրինի տարածք է, վաղ, թե ուշ քանդելու ենք, բնակտարածքը չի քանդվի, մինչև բնակիչներին ապահովենք կացարանով»։

Բնակիչները պետք է կացարանի համար դիմում գրեն։

Հիշեցնենք, երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում թաղապետարանի աշխատակիցները փորձում էին քանդել Շիրակի 49 հասցեի վեց տնակները, պատճառաբանելով՝ բնակիչներն ապօրինի են ապրում այդտեղ, սեփականության վկայական չունեն։ Թաղապետարանի աշխատակիցները  ոստիկանների ուղեկցությամբ երեկ, երբ փորձում էին քանդել տնակները, իրավիճակը լարվեց, բնակիչները թույլ չտվեցին տրակտորներին մոտենալ տնակներին, նրանք քարեր էին նետում տրակտորի և ոստիկանների, թաղապետարանի աշխատակիցների ուղղությամբ։ Այս միջադեպից հետո երեկ բերման էին ենթարկվել երկու անձ, որոնցից մեկն արդեն ազատ է արձակվել, մյուսը դեռ ունի ձերբակալվածի կարգավիճակ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը երեկ հայտարարել է, որ «բնակիչները տարածքն աղբավայրի են վերածել, գումարի դիմաց աղբով լցված մեքենաներին թույլ են տվել, որ այդ տարածքում շինարարական աղբը թափեն։ Դա հանրային տարածք է և չէր կարող այդտեղ աղբավայր լինել»։

Մխիթարյանն անդրադառնալով բնակիչների պնդումներին, որ 30 տարի ապրել են այդտեղ, ասել է, որ «այդ 30 տարվա ընթացքում արդեն 7–10 շինություն կա սարքած, որոնք նաև վարձով են տրամադրում»։

Երեկ քաղաքապետարանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ «այդտեղ հաշմանդամ երեխաներ կան, կա երկու ամսական երեխա, քանդման որոշումը կանգնեցրել ենք»։  Բնակիչներին նաև զգուշացրել են, որպեսզի տարածքը աղբավայրի չվերածեն։

Այսօր լրագրողների հետ զրույցում բնակիչները պնդեցին, թե իրենք աղբի հետ կապ չունեն․«Իրենց մեղքը թող մեր վրա չթափեն։ Քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակիցներն են Աերացիայի տարածքում աղբ թափում, մենք դրա հետ կապ չունենք»:

Նորություններ