ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման ապրանքների 80%-ը․ ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել աջակցման միջոցառումների ծրագրին | Region

ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման ապրանքների 80%-ը․ ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել աջակցման միջոցառումների ծրագրին

Սեպտեմբեր 02,2026 17:32

ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնեց ժամանակավոր առևտրային ազատականացման միջոցառումներ ներդնել հայկական ապրանքների համար՝ աջակցելու Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից հետո։
Այս մասին հայտնում են  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։

Այս միջոցառումները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը։ Արտոնյալ կարգավորումն ուղեկցվում է որոշակի պայմաններով, ինչպես նաև ներառում է պաշտպանական միջոցառումներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու համար, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա։

Խորհուրդը հաստատել է Հանձնաժողովի առաջարկը առանց փոփոխությունների՝ հարթելով ճանապարհը կանոնակարգի արագ ընդունման համար, այն բանից հետո, երբ սպասվում է, որ Եվրոպական խորհրդարանը նույնպես կհաստատի առաջարկն առանց փոփոխությունների։

«Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, ովքեր ընտրել են բարեփոխումների և Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի։ Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է հղում․ տնտեսական ճնշման հանդիպելիս ԵՄ-ն կարձագանքի։ Մենք կստեղծենք նոր հնարավորություններ և կկանգնենք մեր գործընկերների կողքին»,-հայտարարել է Եվրամիությունը  նախագահող երկրի՝ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին։

Կանոնակարգը ներդնում է ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում հայկական ապրանքների լայն տեսականու համար, ներառյալ գյուղատնտեսական ընտրված ապրանքները, որոնք ենթակա են սակագնային քվոտաների: Միջոցառումները կկիրառվեն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի ժամկետով և կընդգրկեն դեպի Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի հայկական արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաև ըմպելիքների և ոգելից խմիչքների ավելի քան 91%-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է․«Առաջարկվող կանոնակարգը նպատակ ունի աջակցել Հայաստանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումները խաթարեցին հայկական արտահանումն ու տարանցիկ երթուղիները: Այն նաև նպատակ ունի ամրապնդել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին (CEPA) համապատասխան»:

Արտոնյալ կարգավորումները պայմանավորված են նրանով, որ Հայաստանը պահպանի ապրանքների ծագման համապատասխան կանոնները, վարչական համագործակցություն ծավալի ԵՄ-ի հետ, ձեռնպահ մնա ԵՄ ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ ներդնելուց և հարգի CEPA-ի էական տարրերը, ներառյալ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները:

 Սպասվում է, որ Եվրոպական խորհրդարանը կընդունի իր դիրքորոշումն առանց փոփոխությունների սեպտեմբերյան լիագումար նիստի ընթացքում:

 

Նորություններ