Գյումրիում մի քանի օրվա ընթացքում շները երկու անգամ հարձակվել են քաղաքացու վրա ու կծել
Գյումրիում թափառող շների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում։ Գրեթե ամեն օր արձանագրվում են բնակիչների վրա շների հարձակման դեպքեր:
Հերթական միջադեպը գրանցվել է այսօր․Գումրիի Մուշ թաղամասի Մարտիրոս Սարյան փողոցում թափառող շները հարձակվել են բնակիչ Գ. Սահակյանի վրա։ Սա շների՝ Սահակյանի վրա հարձակվելու առաջին դեպքը չէ։ Մոտ տասը օր առաջ էլ մի շուն հարձակվել էր Սահակյանի վրա ու կծել։
Նույն թաղամասի հրապարակում զբոսնելիս շների թիրախում էր հայտնվել նաև բնակիչ Հ. Համբարյանը:
«Մի քանի օր առաջ առավոտյան աղջկաս հետ դուրս էի եկել աղբը թափելու, երբ շունը հետևից բռնեց ոտքս: Նախքան այդ ո՛չ ձայն էի լսել, ո՛չ էլ տեսել էի նրան: Կծած վերքը խորն էր, համարյա երակիս էր կպել։ Անմիջապես գնացինք հիվանդանոց, կատաղության և փայտեցման դեմ սրսկումներ արեցին։ 2 պատվաատում անցնելու եմ այսօրվա դեպքից հետո»,- Regions TV-ի հետ զրույցում պատմեց Գ. Սահակյանը։
Այսօր առավոտյան էլ, ինչպես պատմում է տիկին Սահակյանը, փողոցով անցնելիս է եղել, երբ խմբով շները հաչացել են ու հարձակվել նրա վրա․«Ընկա գետնին, երկու տղամարդ տեսան, օգնության հասան։ Բայց շներից մեկը հասցրել է կծել, լավ է, հագուստս երկար էր, շան ատամները շատ խորը չեն մտել, բայց ոտքս ձգված է ու չեմ կարող նորմալ քայլել: Շատ վախեցած եմ, առավոտյան ժամերին այլևս տանից դուրս չեմ գա»։
Խնդիրն առավել մտահոգիչ է դառնում սեպտեմբերի 1-ից՝ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, քանի որ դպրոցահասակ երեխաները վաղ առավոտյան դասի են գնում հենց այն փողոցներով, որտեղ առավել հաճախ են գրանցվում հարձակումները:
Թեև Գյումրիում գործում է թափառող շների ստերջացման ծրագիր, սակայն դա խնդիրը չի լուծում, շների հարձակումներն ու քաղաքացիներին վնասելը շարունակվում է, դեռ մի բան էլ ավելանում։ Անցած տարի, ըստ պաշտոնական տվյալների, Գյումրիում 1000-ից ավելի դեպք է գրանցվել, 2024-ին՝ 750:
Նախընտրական շրջանում թափառող շների թեման ծրագրերի թոփ-թեման է միշտ լինում, թղթի վրա խոստումներ են գրում, հետո ձևավորվում է իշխանություն, բայց խնդիրը չի լուծվում։
RegionsTV-ն Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում խնդրեց՝ թե ինչ են նախատեսում անել, ի՞նչ ծրագիր կա և ի վերջո երբ վերջնական կլուծվի այս հարցը։ Մեզ քաղաքապետարանի լրատվականից վստահեցրին, թե ոլորտի պատասխանատուն արձակուրդում է, ու հորդորեցին Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի վերջին հարցազրույցը դիտել, որտեղ նա անդրադառնում է խնդրին։
Առաքելյանն այդ հարցազրույցում վստահեցնում է՝ միայն ստերջացումը խնդրի վերջնական լուծում չէ, և հարցը կարգավորելու համար նախատեսվում է համայնքային բյուջեի միջոցներով կառուցել շների կացարան:
«Նախագծային փուլն արդեն ավարտական է, մոտ 10 օրից կհայտարարենք մրցույթ: Ստերջացման համակարգը մենք միշտ կիրառում ենք, ընթացքում եղան նաև բարերարներ, որոնք բարեգործական հիմունքներով իրականացրին ստերջացում, բայց դա հարցի լուծում չէ: Ութ տարի առաջ ընդունված՝ շներին չքնեցնելու, չկրակելու օրենքը պատուհաս դարձավ քաղաքացիների համար: Սա միայն Գյումրիի խնդիրը չէ, այլ ամբողջ հանրապետության: Նախքան այդ օրենքն ընդունելը պետք էր կացարանների հարցը լուծել, հետո նոր օրենքն ընդունել»։
Տիրուն Մարգարյան
