«Սա բացարձակ ուժի ցուցադրություն է, բռնություն է ու խոշտանգում». իրավապաշտպանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ գործողությունների մասին
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված գործողությունները հրապարակային բռնություն են, ու դրանք որևէ առնչություն չունեն օրենքի հետ։ Այս կարծիքին է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց, նրա նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։
Երեկ Խաչատրյանի փաստաբանները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ԱԱԾ ծառայողները նրան անկողնուց տեղափոխում պատգարակի վրա, որի ընթացքում Խաչատրյանը ցավեր է արձակում, ենթադրաբար՝ ցավերից։ Տեսանյութից մեկում Խաչատրյանը պատգարակի վրա գտնվում է դատարանում։
Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ՝ ողնաշարի հիվանդություն, որը պահանջում է անհետաձգելի վիրահատություն, ինչը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։ Դատախազությունն էլ արձանագրում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, թե Գագիկ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է դիտարկվել ՄՌՏ հետազոտությունից հետո, որից Խաչատրյանը հրաժարվում է։
Regions TV-ի հետ զրույցում Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ օրենքը և իրավունքը բոլորի համար են՝ անկախ անձի ինքնությունից, և իրավապահ մարմինները պարտավոր են պահպանել այն։

Ժաննա Ալեքսանյան
«Այս վերջին ժամանակներում մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի դեպքը, Արգամ Աբրահամյանի դեպքը, որտեղ բաց հրապարակային բռնություն է տեղի ունեցել։ Իսկ Գագիկ Խաչատրյանի դեպքում ուղղակի խայտառակություն է։ Մենք ունենք օրենքներ, ունենք դատարան, ունենք իրավունքի մասին բազմաթիվ տեսություններ։ Ի՞նչն է պատճառը, որ վատառողջ, վիրահատություններ տարած, ծանր վիճակում գտնվող մարդու հետ այդպես վարվեն։ Եվ դատախազությունը, գլխավոր դատախազությունը կարծում են, որ նա կարող է մասնակցել ցանկացած վարույթային գործողության՝ նման առողջական խնդրով, բայց այն, ինչ մենք էինք տեսնում՝ ինչպես էր այդ մարդը ցավից մղկտում, ուղղակի սարսափելի է։ Սա բռնություն է նաև հասարակության նկատմամբ։ Սա խոշտանգում է նաև մեր նկատմամբ։ Անտարբեր չես կարող անցնել։ Ուղղակի սարսափելի մի պատկեր է։ Բռնությունների այս շարքը ցույց է տալիս, որ այս իշխանությունները, իրավապահ մարմինները ուզում են, որ այդ բռնությունը օդում կախված լինի մեր բոլորի վրա, որ մենք սովորենք այդ բռնությանը և ենթարկվենք դրան»,- նշում է իրավապաշտպանը։
Կողմերը հակասական տեղեկություններ են ներկայացնում Խաչատրյանի առողջական վիճակի մասին, ո՞ւմ հավատալ, ինչպե՞ս պետք է փարատվի հանրության կասկածը, ինչպե՞ս պետք է վերջնականապես գնահատի նրա վիճակը։ Մեր այս հարցերին ի պատասխան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ չկա որևէ փաստական հիմք չհավատալու Խաչատրյանի փաստաբաններին։
«Ես կարդացել եմ փաստաբանների հայտարարությունը, որ նա ունի առողջական ծանր վիճակ, վիրահատություններ է տարել, նրա ողներում կան ինչ-որ մետաղական ամրացնող բաներ։ Եվ ինչո՞ւ ես չպետք է հավատամ փաստաբանների հայտարարությանը, որովհետև նրանք նաև ասում են, որ նա ենթակա է վիրահատությունների, որոնք այստեղ՝ Հայաստանում չեն արվում, ու պետք է հաշվի առնեին այդ փաստաթղթերը։ Այդ վիճակով մարդուն տանել դատարան․․․, և ինչպե՞ս միանգամից դատարանը կալանավորելու որոշում կայացրեց։ Սա ուղղակի խոշտանգում է։ Կարողացե՞լ է այդ մարդն ինքն իրեն պաշտպանել, կարողացե՞լ է այդ մարդը խոսել այդ մեղադրանքի մասին, իր հիմնավորումները ներկայացնել։ Իհարկե՝ ոչ։ Մարդը չի կարող առանց ցավերի այդպիսի ձայներ հանել, այդպիսի տառապանքների ենթարկվել։ Հարուցված է քրեական գործ, դատեք և պատժեք»,-ասում է իրապաշտպանը։
Նրա կարծիքով՝ դատարանը չպետք է նրան կալանավորեր, այն էլ այդ վիճակում, որտեղ մարդն ի վիճակի չէ խոսելու․«Արդյո՞ք նրա գիտակցությունը, այդ վիճակը թույլ կտա՞, որ նա կարողանա ինքն իրեն պաշտպանել։ Սա է իմ մտահոգությունը»։
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ տարիներ առաջ ևս կար քրեական վարույթ նախաձեռնված.«Ութ տարուց ավելի է՝ իշխանության են, պայքարում են թալանի դեմ, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ տարիներ առաջ էլ կար հարուցված քրեական գործ, ինչո՞ւ մինչև հիմա չէին պատժում, ինչո՞ւ մինչև հիմա վճիռներ չկան նաև Գագիկ Ծառուկյանի մասով։ Ի՞նչն է պատճառը, որ այսքան տարի դուք այդ թալանի դեմ չեք կարողանում պայքարել և դատարանների վճիռներ չունեք։ Սա բացարձակ ուժի ցուցադրություն է։ Ուժի ցուցադրություն է այդ տիրույթում. մարդուն վատ վիճակի մեջ կալանավորում են իբրև թե իրենք այդպես են պայքարում։ Սա անհեթեթություն է։ Ես այդ տեսանկյունից եմ մոտենում, ինձ համար կարևոր չէ, թե ով է այդ անձը, օրենքը հավասար է բոլորի համար»։
Տիրուն Մարգարյան
