Գնաճ, վառելիք, պատերազմներ. ինչպես են համաշխարհային իրադարձություններն ազդում Հայաստանի գների վրա | Region

Գնաճ, վառելիք, պատերազմներ. ինչպես են համաշխարհային իրադարձություններն ազդում Հայաստանի գների վրա

Նոյեմբեր 03,2026 14:23

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերյան նիստում որոշում է կայացրել ևս մեկ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0.25 տոկոսային կետով, այն սահմանելով 7.0% (նախկին 6.75%-ի փոխարեն):

Այս մասին տեղեկանում ենք ԿԲ այսօր հրապարակած դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցից։

Ըստ ԿԲ-ի՝ տոկոսադրույքի հետևողական բարձրացումը (որը նախորդել էր նաև սեպտեմբերյան բարձրացմանը) պայմանավորված է տնտեսությունում պահպանվող գնաճային ճնշումներով և բարձր պահանջարկով՝ երկրում շարունակում են բարձր տեմպերով աճել տնտեսության առանցքային ճյուղերը (մասնավորապես՝ շինարարությունն ու ծառայությունները), ինչը հանգեցնում է ներքին ավելցուկային պահանջարկի ձևավորմանը:

Վերջին ամիսներին արձանագրված գների աճի միտումները հարկադրում են ԿԲ-ին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ գնաճային սպասումներն արմատավորվելուց զերծ պահելու համար:

2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 4.3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 4.7%։

ԿԲ վերլուծության համաձայն՝ համաշխարհային տնտեսությունում տիրող անորոշությունը մեծացնում է գնաճային ռիսկերը, ինչն ուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի վրա։ Դրա հիմնական պատճառներն են՝

  • Երկարատև պատերազմներն ու լարվածությունը թուլացնում են համաշխարհային գնողունակությունը, բայց միևնույն ժամանակ ստիպում են, որ ապրանքների գները շարունակեն աճել։
  • ԱՄՆ-ում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հսկայական ներդրումներ են արվում, իսկ պետական բյուջեի հետ կապված մտահոգությունները խորանում են։ Սա կարող է հանգեցնել միջազգային տոկոսադրույքների բարձրացման, ինչի պատճառով դեպի զարգացող երկրներ (այդ թվում՝ Հայաստան) դրամական հոսքերը կարող են նվազել։
  • Եվրոգոտում և Ռուսաստանում, չնայած վերջին եռամսյակներում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրները պահպանվում են՝ սահմանափակելով նաև միջնաժամկետ տնտեսական աճի հնարավորությունները։
  • Մերձավոր Արևելքի լարվածության և տրանսպորտային մատակարարումների խափանումների պատճառով նավթն ու գազը մնում են թանկ։ Վառելիքի պաշարների նվազումը շուկան դարձնում է շատ զգայուն նոր ցնցումների նկատմամբ։
  • Զուգահեռաբար, պայմանավորված ինչպես ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ անբարենպաստ եղանակային պայմաններով, արձանագրվում է նաև համաշխարհային պարենամթերքի գների աճի արագացում։ Այս համատեքստում առարկայական են առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության տոկոսադրույքների հետագա բարձրացման և բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը։

ԿԲ -ն կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում, պարզաբանելով՝ թիրախից բարձր գնաճը, գնաճային ճնշումների աստիճանական մեղմացումը, դեպի Ռուսաստան ապրանքներ արտահանելու սահմանափակումները, ինչի հետևանքով ապրանքները մնում են երկրում՝ ստեղծելով ավելացուկային պահանջարկ՝ ճնշում են տնտեսական ակտիվությունը, ուստի, ըստ ԿԲ-ի, միջնաժամկետ հատվածում տնտեսական աշխուժությունը կարող է նվազել։

Այդուհանդերձ, ԿԲ-ն նշում է, որ  հանքարդյունաբերությունում պահպանվում է առաջանցիկ աճը՝ արտացոլելով նախորդ տարվա անկումից հետո արտադրության ծավալների վերականգնումը։ «Առաջիկայում Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը ևս կարող է նշանակալի լրացուցիչ խթան հանդիսանալ տնտեսական աճի համար՝ ընդլայնելով հանքարդյունաբերության արտադրական կարողությունները և արտահանման ծավալները։ Տնտեսական ակտիվության աճին շարունակել է էականորեն նպաստել նաև ՏԿ ճյուղի զարգացումները՝ ԱԲ ուղղությամբ իրականացվող ներդրումների և համաշխարհային ՏՏ ենթակառուցվածքներին աստիճանական ինտեգրման պայմաններում։ Ավելին՝ վերջին ամիսներին ԱԲ ենթակառուցվածքների ձևավորմանն ուղեկցող կապիտալ ապրանքների ներմուծման դանդաղումը կարող է վկայել ներդրումային փուլից գործառնական փուլին աստիճանական անցման մասին՝ առաջիկայում նյութականացնելով արտահանման ընդլայնման հնարավորություններ։ Նշված զարգացումները, կախված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքից և ներքին տնտեսությունում ձևավորվող ավելացված արժեքից, կարող են միջնաժամկետում նշանակալիորեն ընդլայնել տնտեսության արտադրական և արտահանման ներուժը»,-նշված է զեկույցում։

Նորություններ