Ո՞ր դեպքում Սաակաշվիլին չի կարողանա իր խորհուրդներով, անգամ ականջին շշնջալով՝ օգնել Փաշինյանին
36-ամյա Միխեիլ Սաակաշվիլին իշխանության եկավ 2003թ.-ին՝ «Վարդերի հեղափոխության» արդյունքում, գործող նախագահ Էդուարդ Շևարդնաձեի վարչախմբի գործունեությունից աճող դժգոհությունների ֆոնին: Շևարդնաձեի կառավարումն ասոցացվում էր նաև պարտության հետ՝ Աբխազիայում, որը հայտարարել էր անկախացման մասին:
43-ամյա Նիկոլ Փաշինյանը կառավարությունը գլխավորեց 2018թ.-ին՝ «Թավշյա հեղափոխության» արդյունքում, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի վարչախմբի գործունեությունից կուտակված դժգոհությունների ֆոնին: Սարգսյանի կառավարումը ևս ասոցացվեց պարտության հետ՝ Ջրականում, երբ «գերագույն գլխավոր հրամանատարը» հայտարարեց 800 հեկտար «անպիտան» տարածքների կորստի մասին:
Ե՛վ Սաակաշվիլին, և՛ Փաշինյանը լայն աջակցություն ստացան ժողովրդական ստվար զանգվածների կողմից:
Սաակաշվիլին մինչ օրս ընկալվում է որպես հակասական կերպար: Շատերը նրան համարում են կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, մյուսները՝ չկայացած բռնապետ: Փաշինյանը ևս այդ պայքարի առաջամարտիկ է, սակայն պարզ չէ, թե ինչպես կընկալվի ապագայում:
Սաակաշվիլիի մեծագույն սխալներից էր Արևմուտքի դերի գերագնահատումը և հարևան Ռուսաստանի գործոնի թերագնահատումը, և, արդյունքում, վրացիները չներեցին Սաակաշվիլիին՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում ձախողումների համար: Այս դասը հավանաբար լավ է սերտել Փաշինյանը, ով արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերից զերծ մնալու վերաբերյալ իր հայտարարություններով դեռևս խուսափում է վտանգավոր իրավիճակներից:
Սաակաշվիլիի հեղինակության կորստի ևս մեկ պատճառ էր նրա տնտեսական քաղաքականությունը: «Ուժեղ ձեռքը», որը ցանկանում էին տեսնել «Վարդերի հեղափոխության» կողմնակիցները, հրաժարվեց պատերնալիզմից՝ կրճատելով քաղաքացիների արտոնությունները և սոցիալական աջակցությունը: Այստեղ Սաակաշվիլին հաշվի չէր առել վրացիների՝ պետության վրա հույսը դնելու սովորությունը, վրացական հանրության պատերնալիստական բնույթը, և նրա սայթաքումից հաջող կերպով օգտվեց ընդդիմությունը: Իվանիշվիլին՝ Սաակաշվիլիի գլխավոր ընդդիմախոսը, առաջ տարավ պատերնալիստական գիծը և դրանով իր համար զգալի քաղաքական կապիտալ կուտակեց: Փաշինյանն արտոնությունների և սոցիալական աջակցության մասով առայժմ չի «նեղացնում» իր քաղաքացիներին, սակայն վարչարարական որոշ ընթացակարգերը և կայուն գնաճն արդեն անհանգստացնում են հայաստանցիներին, և դա հմտորեն բանեցնում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսները:
Սաակաշվիլիի ամենաառաջին և ամենատպավորիչ քայլերից մեկը ոստիկանական ավարառու համակարգի ապամոնտաժումն էր: Վրացի ոստիկանների 70-80 տոկոսին նա պաշտոնանկ արեց: Մինչ այդ Վրաստանում վխտում էին կաշառակեր ոստիկանները, ու հին սերունդը, որոնց արյան մեջ էր կոռուպցիան, հեռացավ, և նրանց փոխարեն Սաակաշվիլին բերեց «մաքուր» իրավապահների: Փաշինյանը տոտալ «զտումների» չգնաց: Հայաստանյան ոստիկանական համակարգում «բարեփոխված թացն ու չորը» միախառնվել են, ինչը որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս:
Վրաստանում ժամանակին պաշտոնապես ներդրվեց «օրենքով գողերին» և նրանց հետ կապեր ունեցող անձանց 7 տարով դատապարտելու օրենքը: Շատերը երկրից հեռացան: Հենց այդ ժամանակ Սաակաշվիլին թույլ տվեց իր թերևս ամենամեծ սխալը: Վրաստանի կալանավայրերում ահավոր բաներ էին տեղի ունենում, ձու և ձի գողացողին, որսագողին ու մարդասպանին «եփում էին նույն կաթսայում», դիմակավորված անձինք մտնում էին բանտախցեր և կալանավորներին դաժանորեն ծեծում մահակներով: Հայաստանում սահմանափակվեցին միայն պրոֆիլակտիկ աշխատանքներով, «ասֆալտին փռելու» որոշ դրվագներով՝ հիմնականում մնալով մարդասիրության չափ ու սահմանի մեջ:
Սաակաշվիլին 2007թ.-ին «անցավ չափերն ու սահմանները»՝ Թբիլիսիում կոշտ միջոցներ կիրառելով կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ, նրա ձեռքերը հասան նաև ԶԼՄ-ներին, անկախ հեռուստաընկերություններ սկսեցին այցելել ֆինանսական ոստիկանության աշխատակիցները, ճնշումներ սկսվեցին ազատ խոսքի և անկախ լրատվամիջոցների նկատմամբ: Սա արդեն Հայաստանի նախագահներին բնորոշ գործելաոճ էր, ինչը մշտապես եղել է ընդդիմադիր Փաշինյանի և լրագրող Փաշինյանի կոշտ քննադատությունների թիրախում, հետևաբար վարչապետ Փաշինյանն ուղղակի չի կարող հատել այդ սահմանը, այլապես նա «քար կգցի հենց իր կտուրը»՝ փոշիացնելով վստահության կապիտալը:
Եվ վերջապես, Սաակաշվիլիի սխալներից մեկն այն էր, որ նա մեծահարուստներից ուժով կամ սպառնալիքով խլում էր փողերն ու ունեցվածքը, օրինակ, ստիպում գումարները ներդնել որևէ նախագծի մեջ: Լավատեսները նշում էին, որ այդ կերպ Սաակաշվիլին դպրոցներ է կառուցել, փողոցներ ասֆալտապատել, իսկ ոմանք պնդում էին, որ վրացի փողատերերը բռնությամբ, ստիպողաբար են ներգրավվել այդ նախագծերում: Փաշինյանն ավելի տարբերակված մոտեցում է ցուցաբերում, մեծահարուստներից զատում թալանչիներին, պետբյուջե վերադարձնում ապօրինաբար յուրացված գումարները: Սակայն, համեմատած վրացական օրինակի հետ, այս գործընթացը Հայաստանում դանդաղում է, իսկ փողոցներում ասֆալտի փոխարեն առայժմ «մարդիկ են փռվում»:
Ե՛վ Սաակաշվիլին, և՛ Փաշինյանը տարբեր ամբիոններում իրենց դրսևորել են որպես հարթակի և հրապարակի տրիբուն: Ժողովրդի և ժողովրդավարների «սրտից խոսելու» արվեստը նրանք տարիների ընթացքում լավ են յուրացրել: Շատ ավելի բարդ է, սակայն, իրականացնել ավտորիտար, կոռումպացված, քրեածին բուրգերի ապամոնտաժումը: Դա Սաակաշվիլիի մոտ մասամբ ստացվեց, իսկ Փաշինյանը դեռ աշխատում է՝ «մեծ դասականի» ասած չագուճն ու մեխը ձեռքին, որոնք պետք է բուրգի ապամոնտաժման և նորը կառուցելու գործառույթ ունենան ու ոչ ավելին:
Հայաստանյան եթերներում վարչապետն ու նրա «երիտասարդ գվարդիան» են, առույգ ու մշտարթուն Նիկոլ Փաշինյանը դանդաղկոտ ու քնկոտ Սերժ Սարգսյանի ֆոնին շահեկան դիրքում է՝ հատկապես հռետորական ձիրքի, վարք ու բարքի, վստահության պաշարի ահռելի տարբերությունը հաշվի առնելով: Վստահությունը, սակայն, կա այնքան ժամանակ, քանի դեռ նոր կառավարության անդամները լուրջ վրիպումներ չեն ունեցել, քանի դեռ թարմ են համաժողովրդական զարթոնքի օրերի հիշողությունները, քանի դեռ հանրային վայրերում հնչում են հեղափոխական հիթերը:
Հայաստանյան ժողովրդական հեղափոխության գլխավոր մեսիջն է՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության հաստատումը՝ առկայությամբ քաղաքական կամքի, որը չպետք է վերածվի քաղաքական կամակորության, այլապես ոչ ոք, նույնիսկ Սաակաշվիլին, չի կարողանա իր ֆեյսբուքյան խորհուրդներով, անգամ ականջին շշնջալով՝ օգնել Փաշինյանին:
Էդուարդ Մխիթարյան