Գերմանացի միլիարդատերն ու Հայաստանի կռացող օլիգարխիան
Գերմանացի մեծահարուստ Կարլ Ալբրեխտը, ում կարողությունը, տարբեր գնահատականների համաձայն, կազմել է ավելի քան 18 միլիարդ եվրո, մահացավ 2014 թվականին՝ 94 տարեկան հասակում: Նա երկրորդ՝ ամենահարուստ մարդն էր Գերմանիայում: Գերմանական լրատվամիջոցները ոչինչ չունեին նրա մասին հայտնելու: Ոչ մի տեղեկություն՝ անձնական կյանքի վերաբերյալ: Նշենք, որ Կ. Ալբրեխտը Եվրոպայում խոշորագույն Aldi խանութների ցանցի հիմնադիրն է (շուրջ 9000 խանութ՝ ամբողջ աշխարհում): ԶԼՄ-ները հետմահու միայն հրապարակեցին Ալբրեխտի եզակի նկարը: Եվ վերջ…
Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հրաժարվել է հանդիպել Գերմանիայի կանցլերների հետ: Արհամարհել բանկերն ու վարկերը: Նա հրաժարվել է իշխանություններից ընդունել որեւէ պատվոգիր կամ պետական պարգեւ, ներառյալ պետական բարձրագույն պարգեւը՝ Դաշնային խաչը՝ հայրենիքին մատուցած ծառայության համար:
կարլԱլբրեխտը երբեք որեւէ լրատվամիջոցի չի տվել հարցազրույց: Ինչո՞ւ… Ըստ երեւույթին գործարարը, ով համառորեն ամբողջ կյանքում աշխատել եւ ընդլայնել է ընտանեկան բիզնեսը՝ եղբոր՝ Թեոդոր Ալբրեխտի հետ միասին, ձեռք բերելով ահռելի կարողություն, ուղղակի չի ցանկացել խաղալ ուրիշների խաղը, որ որեւէ մեկն իրեն չօգտագործի սեփական հետաքրքրությունների շրջանակներում, չշահարկի կամ մանիպուլյացիայի ենթարկի:
Նա համոզված էր, որ ավելի լավ է հեռու մնալ շատ գայթակղություններից, կոռուպցիոն գործարքներից եւ անառողջ համագործակցություններից…
Օրինակը բացահայտում է մի քանի շերտ՝ եվրոպական արժեքներից, որից այնքան հեռու է մեր երկիրը:
Սեփական վաստակով ունեցվածք ձեռք բերող անկախ գործարարից գենետիկ վախ ունեն գործող իշխանությունները, որովհետեւ անվերահսկելի գործարարի փողերը, ինքնաբերաբար, «նարնջագույն» դառնալու մղում ունեն: Իշխող համակարգի համար դա նշանակում է ինքնաոչնչացում: Սա է այն տրամաբանությունը, որով առաջնորդվելով՝ տարիներ շարունակ գործող իշխանությունները շարունակում են սնել ու փայփայել օլիգարխիային, խոչընդոտել ազատ մրցակցությանն ու տնտեսության զարգացմանը եւ վերջին հաշվով կոռուպցիան դարձնել երկրի պետական քաղաքական համակարգի հենքը:
Դժվար է Հայաստանում պատկերացնել գործարարի, ով կկարողանա ՀՀ սահմաններում անխոչընդոտ աշխատել, ահռելի կարողություն ձեռք բերել, բայց երբեք չներքաշվել կոռուպցիոն գործարքների մեջ, չներքաշվել մամլիչի նմանվող պետական ապարատ, որը վայրկենապես կունեզրկի եւ կփոշիացնի ամեն ինչ, եթե «ոհմակի» խաղի կանոնները չպահպանվեն:
Դրանցից առանցքայինները հետեւյալն են. նպաստել իշխանության վերարտադրությանը, ունեցած ռեսուրս, կարողություն եւ հնարավորություն ծառայեցնել, որպեսզի ռեժիմը շարունակի իշխել, փոխարենը եւս մի քանի տարի կթույլատրվի օլիգարխիային ապրել ու աշխատել ամենաթողության՝ թույլատրելիի սահմաններում:
Եվ, իհարկե, սեփական ունեցվածքից «փայ» հանել, կիսվել վերեւների հետ՝ որպես երախտագիտության նշան՝ ամենաթողությունից իրեն էլ փայաբաժին հատկացնելու համար:
Սերժ Սարգսյանը՝ կոռուպցիոն շղթայի առաջնորդ
Հայաստանը կեղեքող կոռուպցիան, պետական մասշտաբի հովանավորչությունը իշխանությունների համար վաղուց արդեն վերածվել է ռազմավարական նշանակության գործիքի՝ իշխանությունն ամրապնդելու եւ էլ ավելի երկարակյաց դարձնելու համար:
Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանի իշխանությունը պայքարել կոռուպցիայի դեմ, երբ նրա իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ հենց կոռուպցիան: Իշխանական յուրաքանչյուր օղակի, յուրաքանչյուր բջջի հենքը կոռուպցիան է, բոլոր հարաբերություններն ու կապերը՝ կոռուպցիոն: Այսպիսով, այդ չարիքը ժամանակի ընթացքում խժռել է պետական քաղաքական համակարգը՝ ստեղծելով նոր խաղի կանոններ:
Հայաստանում գործարարը կարո՞ղ է անկախ իշխանություններից գործունեություն ծավալելով՝ դառնալ ահռելի կարողության տեր: Հնարավո՞ր է մեր երկրում մատնացույց անել մեկին, ով չի կռացել իշխանությունների դեմ, չի սպասարկել իշխանական շահերը՝ դառնալով վերարտադրության գործիքի մի մասնիկը, բայց շարունակել է անխոչընդոտ աշխատել: Պատասխանը միանշանակ է:
Սերժ Սարգսյանի համար կոռուպցիայի, պետական թալանի մեջ ընկղմված յուրայինների կամ մերձավոր շրջապատի դեմ պայքարելը կնշանակի գրել հրաժարականի թուղթը:
Ավտորիտար երկիրը կարո՞ղ է պայքարել կոռուպցիայի դեմ
Այն հասարակությունները, որոնք հասկացել են, որ կոռուպցիան ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է, պետության եւ պետականության հիմքերը խարխլող չարիք, սկսել են կտրուկ եւ դաժան պայքարն այն արմատախիլ անելու համար: Աշխարհի մի շարք երկրների ուսանելի փորձը կա՝ ռադիկալ մեթոդներով ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ:
Օրինակ՝ ընդամենը մի քանի տարի առաջ Չինաստանում ավելի քան հարյուր բարձրաստիճան չինովնիկներ ձերբակալվեցին՝ բանակի տասնյակ սպաներ, մի քանի պետական պաշտոնյաներ եւ չորս բարձրաստիճան քաղաքական գործիչ: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ այս ամենը պարարտ հող դարձավ հաջորդող երկրի ղեկավարի կողմից ձեռնարկված բարեփոխումները կյանքի կոչելու համար:
Բնական ռեսուրսներ ունեցող երկիրը, որի տնտեսությունը մեծապես զարգանում է ունեցած պաշարների հաշվին, ինչ-որ տեղ կարելի է ընկալել, որ հակակոռուպցիոն պայքարը չդարձնի ռազմավարական ուղղություն: Սակայն այն երկրները, որոնց տնտեսությունը հենված է ոչ թե բնական պաշարների, այլ ձեռնարկատիրական էներգիայի վրա, մենաշնորհների վերացման, բիզնեսի խթանման, իրեն դատապարտում է կործանման՝ հաշտվելով այն մտքի հետ, որ կոռուպցիան ապրելակերպ է, առանց որի անհնար է:
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ հանձնաժողովներ ու խորհուրդներ են ստեղծվել, իսկ կազմերում ներգրավվել կասկածելի ճանապարհով ունեցվածք ձեռք բերած անձինք, որոնց եկամուտների եւ ունեցվածքի միջեւ կա ահռելի անհամապատասխանություն եւ խզվածություն: Պայքարել այդ չարիքի դեմ իշխող քաղաքական ուժի համար նշանակում է մսխել այդ ուղղությամբ ստացված հերթական դրամաշնորհը: Պարզ ասած՝ հարստանալ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Աշխարհի փորձն ասում է՝ դեմոկրատիան եւ խոսքի ազատությունն այն ռեալ մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս էֆեկտիվ պայքար ծավալել կոռուպցիայի դեմ: Ահա թե ինչու կոռուպցիոն համակարգի գոյատեւման միակ ճանապարհն իշխող կուսակցության համար հետեւյալն է՝ բացառել ժողովրդավարական սկզբունքները պետական մեխանիզմների աշխատանքում՝ պետական մեքենայի շարժիչ ուժը Հայաստանում դարձնելով կոռուպցիան: Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները գուժեցին, որ այդ մեքենան անկառավարելի կերպով գլորվում է: Ցավոք, ապտակը սթափեցնող չեղավ:
Արմենուհի Վարդանյան