Համամասնական ցուցակում «ստրկատերերն» են, իսկ ռեյտինգայինում՝ «գլադիատոր ստրուկները»
Հայաստանում քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են ապրիլին կայանալիք ընտրություններին: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 9 քաղաքական ուժ:
Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է մեկնաբան Արա Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Հայաստանում ընթացող զարգացումների վերաբերյալ: Տարբեր քաղաքական ուժեր ներկայացրել են ԱԺ ընտրություններում մասնակցության ցուցակը: Ապրիլի 2-ին քաղաքական գործընթացի՞ ականատեսն ենք դառնալու, թե՞, ինչպես միշտ, թաղային խուժանն ու քրեաօլիգարխիկ տարրերն են դառնալու օրվա «հերոսներն» ու խորհրդարանի «դեմքը»:
-Հայաստանում քաղաքական պրոցեսներ չկան, ընդամենը կերամանին մոտ լինելու գզվռտոցներ են՝ արտաքնապես տարբեր թվացող ճամբարներում։ Եվ կերամանին մոտ լինելն էլ պայմանավորված է լինելու ընտրություն կոչված ֆարսով, որում օբյեկտիվորեն արժանի տեղ գրավելու շանսերը զրոյամերձ են, որովհետև ընտրակարգն է այդպես կառուցված։
Թե՛ «ընդդիմությունը» և թե՛ իշխանությունն իրենց խոստացածով (ծրագրի մասին խոսելն անիմաստ է, չկա այդպիսին ոչ մեկի մոտ/Ա.Հ), ըստ էության, նույնն են. իշխանությունն ասում է՝ իմ դեմ խաղ չկա, ընդդիմությունն էլ ասում է՝ մենք ազնիվ ենք, մեզ ընտրեք։
— Ձեր նախորդ հարցազրույցներում Հայաստանի ներկա վիճակի համար հիմնականում թիրախավորված քննադատություն եք ուղղել ընդդիմությանը: Հիմա ընդդիմության տարբեր թևեր մասնակցության հայտ են ներկայացրել խորհրդարանական ընտրություններին:
Ձեր կարծիքով, ի՞նչ շանսեր ունի այսօր ընդդիմությունը (ընդդիմություն բառն օգտագործենք պայմանականորեն, որովհետև ով իշխանություն չէ այսօր, իրեն ընդդիմություն է համարում):
-Ընդդիմության տարբեր թևեր ասելը զավեշտալի է։ Իհարկե, եթե մի կողմում ՀՀԿ-ին որպես ընդդիմություն տեսնենք ՀԱԿ-ին, մյուս կողմում էլ ԵԼՔ, կամ «Օսկանյան-Օհանյան-Րաֆֆի» կամ ԲՀԿ՝ դաշինքային թույլիկներին, միգուցե կարելի է վերջին չորսին ընդդիմության կեղծ պիտակ կպցնել։ Բայց ես կարծում եմ, որ տեղին կլինի ՀՀԿ-ի «դեմ ելածներին» կոչել «կռճոնների հավակնորդներ»։
Ծանր, հիվանդագին, տխուր պատկեր է, ու ըստ էության էլ կործանարար գործընթաց է սա։ Հայաստանն այս վիճակին հասավ հենց պարբերաբար խաղացվող ընտրություններ կոչված ֆարսով։
Ամեն իշխանություն հենց ընտրություն կոչված հակապետական, հակաժողովրդական լոմով ու կացնով վերարտադրման իր կանոնները թելադրեց և ավելի ու ավելի երկիրը մխրճեց անմարդկային ու ավերիչ աբսուրդների մեջ։
Սրանք ծայրահեղ զգացական խոսքեր են քաղաքական վերլուծության կոնտեքստում, բայց ինչ ասես, երբ արդեն կատարվողի ոչ մի պարամետրը չի ընդգրկվում ոչ քաղաքականի, ոչ մարդկայինի ու ոչ էլ տրամաբանականի տարրական շրջանակների մեջ։ Նախորդ օրը մի հոլովակ էի նայում Թուրքմենստանի մասին՝ անթիվ-անհամար նորակառույցներ, անհավանական զեղչեր ու արտոնություններ մարդկանց համար։ Եվ դա մեզանից շատերի կողմից ձեռ առնվող, միաձայն «ընտրվող» թուրքմենաբաշիների իբր հետամնաց երկրում։
-Բոլոր ոլորտներում հետընթաց արձանագրած գործող ռեժիմը հավակնում է դարձյալ մեծամասնություն կազմել ապագա խորհրդարանում: Սա ո՞ւմ բացթողումն եք համարում՝ ՀՀ քաղաքացո՞ւ, ընդդիմությա՞ն, քաղհասարակությա՞ն… Նորմալ երկրում այս որակի իշխանությունը վաղուց պետք է որ հրաժարական տար և թիմով հանդերձ հեռանար, մինչդեռ ճիշտ հակառակ պրոցեսի ականատեսն ենք դառնում՝ վերարտադրվելու և ավելի ամրապնդվելու ձգտում:
— ա) Դուք որպես մեղավոր սուբյեկտների նշել եք քաղաքացուն, ընդդիմությանը և քաղհասարակությանը։ Ես կասեի սրանցից և ոչ մեկը, որովհետև դրանք երեքն էլ իրականում գոյություն չունեն։ Մեղավորը մեր ժողովրդի պատմականորեն ձևավորված արժեքային մանկամտությունն է, որն անտեղյակ է սուբյեկտայնությանն առհասարակ և պետություն կոչված սուբյեկտի էությանն ու լիդեր կոչված սուբյեկտին՝ մասնավորապես։
Մեր պատկերացումներով պետությունը «լավ» պետությունն է, իսկ լիդերն էլ «լավ տղան»։ Նման աղոտությամբ նայելով հարցին՝ մենք հենց ունենք մեզ արժանի և՛ պետությունը, և՛ լիդերներին։ Պետությունն արդեն խամաճիկային էլ չէ, ուղղակի անտեր ու ողբի տարածք է, «լավ տղերքին» էլ նշել պետք չէ, դրանք բոլորն էլ ընտրացուցակներում են։
Սա արդեն կուռ, դրվածքային խաղ է, որը գալիս է դեռ 90-ականներից սկսած ընտրական խաղերից, երբ մի կողմից իրենց շրջապատի «լավ տղա» կոմունիստներ էին, մյուս կողմից էլ ժողովրդի ծոցից նոր-նոր դուրս ելնող «լավ տղա» ընդդիմությունը՝ երկուսն էլ առանց որևէ սկզբունքի ու ծրագրի։
Խնդիրն այն է, որ հանրությունն է ահավոր պահպանողական՝ ոչ մի նորույթ, բացի վերջին մերսեդեսից, եվրոպատուհաններից ու այֆոնից, չի մտնում մեր կյանք։ Հանրությունը անմոռաց սպառում է դրսերում՝ նորմալ հասարակություններում կերտված-արտադրվածը, բայց մտքով չի անցնում իրեն հարց տալու՝ բա լավ, մենք ի՞նչ ենք արտադրում, մենք ե՞րբ ենք արտադրելու, ի՞նչ է պետք անել գոնե սեփական ուրագն ու փոցխը արտադրելու համար, ախր մարդ ենք վերջապես, ըստ որում՝ 21-րդ դարում հայտնված մարդ։ Բայց դարերն անցնում են, իսկ հարցը չկա։
Եթե այդ տարրական հարցը չկա, ինչպե՞ս կարող են առավել բարդերը լինել ասպարեզում՝ ասենք, տրամաբանական ու ազնիվ ընտրական օրենքների հարցը, պաշտոնյաների ու երևելի ընդդիմության տարրական պատասխանատվության հարցը։ Հարյուրավոր ու հազարավոր, մեզ համար կենսական ու հրատապ հարցեր բացակայում են։ Տաբուապատ էլ չեն, ուղղակի բացակայում են. հարցադրման հանրային գիտակցումը չկա նույնիսկ։
բ) Իշխանության հրաժարականի հարցը։
Նորմալ երկրներում իշխանությունները հրաժարվում են միայն մեկ գործոնի՝ հանրային պատժիչ կարծիքի պահանջով։ Պաշտոնյան հրաժարական է տալիս, որովհետև չի կարող շարունակել աշխատել, որովհետև նրա երեսին ամեն քայլին «կթքի» հանրային կարծիքը։ Ճապոնիայում այդ խնդիրը դեռ միջնադարում հասցվել է ծայրահեղ դրսևորման՝ խարակիրիին։ Կղզիական պայմաններում հանրությունն իր ուրույն արժեքայինով պարտադրում է կարգազանցին ինքնուրույն հոգալ իրեն պատժելու հարցը։ Որովհետև եթե ինքը չանի, հանրությունն է նրան սրախողխող անելու։
Նորմալ հանրություններում հրաժարականն անխուսափելի գործառույթ է։ Իսկ Հայաստանում անկախական 26 տարիների ընթացքում ես միայն մի երկու դեպք եմ հիշում հրաժարականի, այն էլ վերևների կողմից պարտադրված, այլ ոչ սեփական վարքի ու սխալի հետևանքով գեներացված ինքնահրաժարականների։
Ո՞նց հրաժարվեն, ոչ ստիպող-պարտադրող մարդն ու հանրությունը կա, ոչ հանրային-արժեքայինը և ոչ էլ սեփական արժանապատվության պարտադրանքը։
Եվ դա է պատճառը, որ այս տարիներին, անպատժելիության պայմաններում վատին եկավ փոխարինելու ավելի վատը՝ գնաց բացասական սելեկցիա։
Եվ դա արվեց հենց ընտրական մեխանիզմներով։ Նայեք ներկա ընտրական մեխանիզմին։ Այն նույնիսկ իր ոգու մեջ ամրագրած ունի ստրկատիրական սկզբունքներ։ Համամասնական ցուցակում «ստրկատերերն» են, իսկ ռեյտինգայինում՝ «գլադիատոր ստրուկները»։ Այլ ձևով կատարվողը նկարագրելը միամտություն կլինի։ Իշխանությունը բացահայտ է ասում՝ որպես գլադիատորներ իրար դեմ կռվեք, հոշոտեք իրար, որ ես համոզվեմ, որ արժանի եք լինելու իմ կազմում։ Իսկ ես գործ չունեմ ձեր արյունալի ու կեղտոտ գզվռտոցի հետ, ինքներդ լուծեք ձեր հարցերը, ես կամ ու կամ։
Եվ այս օրենսգիրքը կազմվել է նաև «ընդդիմություն» կոչված ողորմելիության կողմից։ Ու հիմա էլ այդ նույն ողորմելին ըմբոստի կեցվածք ընդունած դռնեդուռ է ընկած, թե հավատացեք, ինձ ձայն տվեք, ես ձեր շահերը կպաշտպանեմ։
Թող ամեն ընտրող մի հատ նայի այդ ոչ միամիտ խղճուկին ու ինքն իրեն հաշիվ տա՝ սա է իրեն իշխանական փողատեր ու հարց լուծողներից ազատող-փրկո՞ղը:
Նախընտրական այլ աբսուրդների մասին ավելորդ եմ համարում խոսելն իսկ, որովհետև ամեն ինչ շատ թափանցիկ է, և մտավոր հետամնացից բարձր ինտելեկտ ունեցողն ինքը գիտի իրականությունը։
Այնպես որ, փողով ընտրելն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ինքնախաբեությամբ ընդդիմությանը ձայն տալը եղկելի անինքնասիրություն է։
գ) Հարցնում եք, թե իշխանության վերարտադրման գնալու ցանկությունն ում թերացո՞ւմն է։ Իշխանությունն անում է այն, ինչ թույլատրում է հանրությունն իր արժեքայինով։ Եթե արժեքայինը կարգազանցին պատժելու փոխարեն խրախուսում է իր կարգախոսներով, թե՝ ով էշ՝ ես փալան, կամ էլ՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, ապա իշխանությունն էլ օգտվում է այդ թեզերից և առաջարկում է եղած՝ իրենց «փալան ու եղունգավոր» կարծողներին, որ մրցեն իրար հետ ու ապացուցեն, որ եղածներից լավագույնն են, ու միանան իրենց որպես հենարան ու թալանեն ամեն մեկն ըստ իր ունակությունների։
Իհարկե, մեղավորը ժողովուրդն է, ըստ որում՝ և՛ քրեական իշխանության, և՛ մակաբույծ ընդդիմության մեղավորը ժողովուրդն է։
Եվ զավեշտն այն է, որ ռեյտինգային ցուցակներում կան իբր արժանավորներ, որոնք իրենց շրջապատին համոզելու են, թե դուք ինձ ձայն տվեք, կապ չունի, թե ես որ թիմում եմ։ Ես հո գիտեք, որ ազնիվ եմ։ Ու մարդիկ էլ, իրենք իրենց առջև ստորանալով, իրենց հիմարի տեղ դրած, խաթրի համար գնալու են ու ձայն տան այդ «արժանավորին»։
Իսկ իրականում նրանք նախ առաջ ձայն են տալու ցուցակի ստրկատերերին, հետո նոր, հազարերորդ տարբերակում՝ այդ «երևելի, բարեկամ, հարգարժան» գլադիատորին։ Խորհուրդ կտամ նմաններին ձայն տվողները հիշեն, որ հակապետական ու հենց իրենց դեմ հանցանքի են մասնակցում։
— Պարոն Հարությունյան, հասարակության մեջ կա զգալի մի հատված, որն անտարբեր է ներքաղաքական զարգացումների նկատմամբ, գերադասում է առհասարակ չմասնակցել ընտրություններին՝ համարելով, որ իրենից ոչինչ կախված չէ: Ի՞նչ եք կարծում, այս անտարբերության կամ առհասարակ բոյկոտի տարբերակը երբևէ կարո՞ղ է արդյունավետ լինել: Օրինակ՝ Հիմնադիր խորհրդարանը դեմ է ընտրական մեխանիզմին և բոյկոտի կողմնակից է:
— Բոյկոտի տարբերակը միակն է, որը պատասխան է թե ստորաքարշ ընդդիմությանը և թե լկտի իշխանություններին։ Բոյկոտն ընտրություններում ֆորմալ հաղթելու մեխանիզմ չէ, որովհետև անսահման կեղծիքի պայմաններում ֆորմալ հաղթանակն անհնար է։ Բայց բոյկոտը մարդուն իր արժանապատվությունը վերադարձնելու, իսկ երիտասարդության համար էլ՝ քաղաքացի դառնալու միակ միջոց-լծակն է։
Բոյկոտը նաև իշխանական ոչ-լեգիտիմությունն ապացուցելու միակ միջոցն է։ Իր մոտ պահելով իր ընտրական ձայնն ու հենց պասիվ կերպով տանը նստելով, եղած աժիոտաժից ու ստոր կեղծիքից մեկուսանալով՝ մարդն ինքն է դառնում դրության տերն ու երկրի գերագույն սուբյեկտը։
Կեղծված ընտրություններով իշխանավոր դարձածն ու իշխանական կռճոններով կերամանին մոտեցած իբր ընդդիմադիրը հետագայում շատ էլ լավ իմանալու են, որ իրենք ոչ լեգիտիմ են, որ ժողովուրդը բոյկոտել, անտեսել է իրենց, որ իրենք ոչ մեկին էլ չեն ներկայացնում, այլ ինքնակոչ են՝ անկախ հորջորջվող լոզունգներից կամ էլ պառլամենտական խրոխտ ճառերից։
Ներկա պահին իշխանություններն ամեն ինչ են անում բոյկոտից խուսափելու համար։ Այս խամաճիկային իշխանությունը գոյություն ունի միայն ու միայն միջազգային ու ներքին լեգիտիմության հաշվին։
Այս ընտրությունները կաշառքով, տեռորով, խաբեությամբ ու ազգակցական «խաթրով» կեղծելով՝ նա միգուցե ստանա միջազգային իր ողորմություն-լեգիտիմությունը, բայց գոնե քիչ թե շատ նկատելի բոյկոտի դեպքում կզրկվի ներքին լեգիտիմությունից, որը ցանկացած պետության ու իշխանության գոյության համար մեկ պայմանն է։
Երկրի գոյությունն ու ապագան կախված է միայն ու միայն մեզանից յուրաքանչյուրից, այլ ոչ ընդդիմությունից կամ իշխանություններից ու նրա հենարան թաղային ու գողական տականքից։ Չենք ներկայանա ընտրության, պասիվ կբոյկոտենք՝ կհաղթի ժողովուրդը, և այդ հաղթանակն արագորեն իրեն իմաց կտա բազմաթիվ նոր դրսևորումներով։ Իշխանությունը ստիպված կլինի հաշվի նստել իր դեմ ելած քաղաքացու հետ և զիջումների գնալ՝ մաքրվել քրեականից, խթանել արտադրությունները, կանգնեցնել արտագաղթը, ազատել քաղբանտարկյալներին, հարգել մարդուն։
Ավելացնեմ նաև, որ պետք չէ ակտիվ բոյկոտել, «աքլորանալ»՝ գնալ տեղամասեր, մանր ու անիմաստ կռիվներ անել ու առավել ևս՝ ծեծվել-բանտարկվել։ Միգուցե իմաստալից է ամեն քաղաքում մի տեղ հավաքվել, պարել- ուրախանալ, ձեռ առնել կատարվողը և հայտարարել, որ երկրում այնքան ճորտ ու ստրուկների կողքին արդեն կա այսքան քաղաքացի։
Գրում եմ այս տողերն ու հասկանում, որ անհնարինի մասին եմ խոսում, որովհետև երկիրը պատել է մտավոր ու ֆիզիկական գաճաճությունը, մտավորականություն ասածը վերջացած է՝ տրամաբանականի ու արժանապատիվի հետ միասին։
Բայց դե հույսը մարում է վերջինը։
Բարին քաղաքացուն ու արժանապատիվ մարդուն, և չարը՝ սրիկային, տականքին, տգետին, անհասկացողին ու կերամանին ձգտողին։
Արմենուհի Վարդանյան