Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն, որը հանգեցրել է դեռահասների գիտակցության շեղումների | Region

Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն, որը հանգեցրել է դեռահասների գիտակցության շեղումների

Փետրվար 21,2024 13:51

– Դաժան բուլլինգ՝ Ադրբեջանի դպրոցներում.

-Որտե՞ղ է չարի արմատը.

-Ադրբեջանի հանցագործությունները հայ ժողովրդի դեմ.

 

Ագրեսիվ ոտնձգությունը, բռնությունն ու ահաբեկումը՝ բուլլինգը, տարածված են ադրբեջանական հասարակության մեջ՝ նաեւ դեռահասների շրջանում։ Փետրվարի 19-ին կադրեր հրապարակվեցին, թե ինչպես է Բաքվի Խազար թաղամասի թիվ 156 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհին ծաղրանքի ենթարկում նույն ուսումնական հաստատության 9-րդ դասարանի աղջկան՝ իր հարեւանուհուն։ Տեսանյութի «ամենամեղմ» հատվածը զոհի գլխին հում ձուն կոտրելն է և մազերը կտրելը: Եթե ​​բռնություն գործադրողը չնկարահաներ այդ ամենը, գուցե ոչինչ էլ չպարզվեր։ Ադրբեջանի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն՝ այսօր Բաքվի դպրոցներում սովորողների առնվազն 36%-ը ենթարկվում է բռնության: Սմարթֆոններով նման տեսանյութեր են պտտվում, հայտնվում սոցիալական ցանցերում ու սարսափեցնում իրենց դաժանությամբ ու ագրեսիվությամբ։

Որքան էլ տարօրինակ է, համացանցում հայտնված տեսանյութին արագ արձագանքել են իրավապահ մարմինները, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Իսկ «Մաքուր աշխարհ» ընկերության նախագահ Մեհրիբան Զեյնալովան, նշելով երեխաների վարքագծի վրա հասարակության կողմից գործադրվող ազդեցությունը, ընդգծել է ծնողների, դպրոցի և հասարակության դերը ոտնձգությունների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման գործում: Զեյնալովան ընդգծել է բռնության դեմ պայքարի, կարեկցանքի և հարգանքի մշակույթի խթանման համար կոլեկտիվ միջոցառումների անհրաժեշտությունը:

Ադրբեջանական հասարակությունում փնտրում են խնդրի արմատը և հարց են տալիս, թե ինչ պետք է անել բռնությունն և ճնշումները նվազեցնելու համար։ Ընդհանրապես ինչ համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն երեխաների և երիտասարդների հոգևոր զարգացման համար:

Ամբողջ  պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական պետության և նրա ղեկավարության վրա, քանի որ պատասխանատվությունը հիմնականում կրում են սոցիալական և հումանիտար քաղաքականություն իրականացնող կառույցները։

1918 թվականին արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետությունում քարոզվում է ատելություն հայերի նկատմամբ, որոնք դարեր շարունակ ապրել են իրենց նախնիների երկրում։ Ադրբեջանում հայատյացության սերմանումը և հայերի նկատմամբ ատելության հանցագործությունների խրախուսումը դարձել է պետական ​​քաղաքականություն և ներթափանցել այդ երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտները։ Ադրբեջանն իր գոյության ողջ պատմության ընթացքում զինված հարձակումներ և բռնություններ է իրականացրել Արցախի, Նախիջևանի հայ բնակչության նկատմամբ, ագրեսիա է ծավալել  Հայաստանի Հանրապետության դեմ, անհիմն տարածքային պահանջներ է ներկայացնում, անկայունություն է տարածում տարածաշրջանում։

Ադրբեջանը կեղծում է տարածաշրջանի ժողովուրդների, մասնավորապես՝ հայերի պատմությունն ու մշակույթը՝ ոչնչացնելով կամ յուրացնելով պատմաճարտարապետական ​​արժեքները։ Իսկ 1988 թվականից սկսած՝ հայերի զանգվածային սպանությունների, հալածանքների, ահաբեկումների, բանտարկությունների միջոցով ճնշել է արցախահայության՝ ազատ ապրելու և ազատ զարգանալու կամքի և իրավունքի ցանկացած դրսևորում։ 1992 թվականի ապրիլին ադրբեջանցիները Մարաղա գյուղում իրագործեցին հայերի ցեղասպանություն։

Ադրբեջանն ավերել և շարունակում է ոչնչացնել բազմաթիվ հին հայկական հուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը։ Այս ամենի վկայությունն է 89 միջնադարյան հայկական եկեղեցիների, 5480 խաչքարերի և 22700 գերեզմանների ոչնչացումը, որոնք գտնվում են Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի հայկական տարածքներում: 400 խաչքար ոչնչացվել է Ագուլիսում, իսկ Նախիջևանի Ջուղա քաղաքում ոչնչացվել են հազարավոր ինքնատիպ միջնադարյան և հնագույն խաչքարեր։

Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական ներուժը՝ գերազանցելով և խախտելով սպառազինության թույլատրելի բոլոր ստանդարտները՝ հրահրելով տարածաշրջանային անկայունություն։ Այդ երկրի իշխանությունները հատկապես երիտասարդ սերնդի շրջանում սերմանում են հայատյացություն, այլատյացություն, ռասիզմ, կույր էթնիկ ատելություն, քարոզչություն և նոր պատերազմների ու ցեղասպանության նախապատրաստում։

Ադրբեջանական ժամանակակից մանկական և կրթական գրականության մեջ ներկայացված նյութերը՝ հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հրապարակումներ, մանկական նկարներ, երգեր, հայատյացության վառ օրինակներ են։ Եվ հենց այս պետական ​​քաղաքականությունն է Ադրբեջանում հանգեցրել դեռահասների գիտակցության լուրջ փոփոխությունների, շեղումների։

Այս բացասական գործընթացները հաղթահարելու և էլ ավելի մեծ բարդությունները կանխելու համար Ադրբեջանում, միջազգային հանրության աջակցությամբ, անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք թույլ կտան ադրբեջանական հասարակությանը ձերբազատվել իշխանությունների կողմից հրահրվող մարդաատյացության դրսեւորումներից։ Հայերի նկատմամբ երկարամյա ատելության քարոզչության հետևանքով առաջացած բացասական երևույթների հաղթահարման գործընթացում էական քայլ կարող է լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ Բաքվում, Սումգայիթում,   Արցախում եւ այլ վայրերում իրականացված զանգվածային հանցագործությունների և ցեղասպանությունների պատասխանատվության ստանձնումը:

 

Զաբելա Ավագյան

Նորություններ