Գյումրիի քաղաքապետարանի մոտից երեկ բերման ենթարկված 33 անձ ձերբակալվել է

Գյումրիի քաղաքապետարանի մոտից երեկ բերման ենթարկվածվածներից 33 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրանք ձերբակալվել են Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Հիշեցնենք, որ երեկ իրավապահները Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում, Վարդանանց հրապարակում, քաղաքապետարանի մոտ հավաքվել էին Վարդան Ղուկասյանի աջակիցները։ Այստղ էին նաև մեծ թվով ոստիկականներ։ Իրավիճակը պարբերաբար լարվում էր, ոստիկանների և Ղուկասյանի աջակիցների միջև քաշքշուկ ու բախում տեղի ունեցավ։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել։ Հակակոռուպցիոն դատարանը քննում է նրա խափանման միջոցը որպես կալանք կիրառելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երեկ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։