ԱՄՆ-ն առաջարկում է վերահսկել Հայաստան-Ադրբեջան միջանցքը․ Middle East Eye | Region

ԱՄՆ-ն առաջարկում է վերահսկել Հայաստան-Ադրբեջան միջանցքը․ Middle East Eye

Հուլիս 14,2025 18:20

ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշում է, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար

ԱՄՆ-ն առաջարկել է, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը ստանձնի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար։ Ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Այս մասին գրում  է  Middle East Eye -ը։

Լրատվամիջոցը գրում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը «Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն ունի իրեդենտիստական ենթատեքստ հայկական ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի նկատմամբ։ Ադրբեջանը պնդել է, որ միջանցքը չպետք է դրվի Հայաստանի լիակատար վերահսկողության տակ՝ մտահոգություն հայտնելով, որ Երևանին չի կարելի վստահել անարգել մուտքի երաշխիքի հարցում։   Հայաստանը կտրականապես դեմ է ճանապարհի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն»։

Ըստ լրատվամիջոցի՝ 32 կմ երկարությամբ միջանցքը դարձել է էական խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա մանրուք չէ։ Այն ձգձգվել է տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Այսպիսով, տեղի է ունենում այն, որ Ամերիկան միջամտում է և ասում՝լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը հարյուր տարվա վարձակալության պայմանագրով, և դուք բոլորդ կարող եք կիսվել դրանով», – լրագրողներին ասել է Բարաքը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ըստ լրատվամիջոցի՝ Բարաքի մեկնաբանությունները առաջին պաշտոնական հաստատումն են այն մասին, որ Թրամփի վարչակազմը առաջարկել է կառավարել միջանցքը մասնավոր ամերիկյան առևտրային օպերատորի միջոցով, որը կհանդիսանա չեզոք երաշխավոր։

Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին ասել է, որ հենց Թուրքիան էր սկզբում առաջարկել միջանցքը կառավարող մասնավոր ընկերության գաղափարը, որը կհաստատեին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

Նորություններ