Գյուղ, որտեղ չկան հարևաններ և երեխաներ չեն ծնվում․ որո՞նք են Շիրակի մարզի բնակավայրերը լքելու պատճառները

Լեռնագյուղը հրաշալի բնության գրկում ծվարած մի բնակավայր է, որի բնակիչները տարիների ընթացքում հեռացել են։ Այսօր այնտեղ մեկ ընտանիք է մնացել, որի անդամները, ի դեպ, ծնունդով այդ գյուղից չեն։ Լեռնագյուղում բնակվող միակ տղամարդը՝ 70-ամյա Հրանտ Մինասյանը, հեռացողներին չի մեղադրում, ասում է՝ պայմաններն են ստիպել․ հիմնական պատճառն այն է, որ գյուղը գլխավոր ավտոմայրուղուց հեռու է, մեկուսացած, դպրոց, խանութ և այլ սպասարկման օբյեկտներ չի ունեցել։
Նույն կարծիքն ունի նաև հայտնի էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանը, որը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել մարզի բոլոր բնակավայրերում։ «Չկան ենթակառուցվածքներ, խանութ, կենցաղի տուն․․․ ինչ-որ ձգող բան, երիտասարդները տեղափոխվել են Գյումրի, տուն են գնել, տարեցները չկան, երիտասարդները հեռանում են, գյուղը դատարկվում է»,-նշեց Բոյաջյանը։
Շիրակի մարզում լքված գյուղեր շատ կան։ Որո՞նք են գյուղերը լքելու պատճառները, կառավարությունը համալիր ի՞նչ մոտեցում ունի և ի՞նչ ծրագրեր է ձեռնարկում բնակչության արտահոսքը կանխելու ուղղությամբ։
REGIONS TV-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Հարցումը վերահասցեագրվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ ստացվել է հետևյալ պատասխանը․ «Պետություն-համայնք համագործակցության շրջանակում իրականացվում են մի շարք սուբվենցիոն, հրատապ և այլ ծրագրեր՝ միտված սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում։ Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար ՏԿԵ նախարարությունը հարցը քննարկում է Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ։ Քննարկման արդյունքում ստացված տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ՝ 30-օրյա ժամկետում»։
Էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանն այդ ծրագրերը բավարար չի համարում, ըստ նրա, կարևոր է, որ պետությունն անհատույց դոտացիա տրամադրի լքվող գյուղերի բնակիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում։