«Ալիևը հույս ունի, որ Հայաստանը չի վերականգնել իր ռազմական բալանսը, մտածում է՝ ինչու չստանալ նոյեմբերի 9-ով սահմանված «միջանցքային լուծումը», որը TRIPP-ում չկա»․ Դալլաքյան
«Ադրբեջանը պատրվակ է փնտրելու եթե նույնիսկ այդ փաստաթուղթը չլիներ։ Ես չեմ վստահում Ադրբեջանին, թե Հայաստանի հետ խաղաղության է ուզում գնալ»,-այս մասին Regions TV-ի հետ զրույցում ասաց «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն՝ անդրադառնալով Բաքվի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ «Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե «փաստաթղթի նախաբանում և դրա մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, որ վերաբերում է Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո կամավոր կերպով Հայաստան տեղափոխված մարդկանց, ինչպես նաև այս հարցի ընդգրկումը ԵՄ և Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում, այդ մարդկանց բնորոշումը որպես «փախստականների», Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է։ Բացի այդ, փաստաթղթի այն հոդվածում, որ նվիրված է հարաբերությունների կարգավորմանը ԵՄ ներդրմանը, նշվում է Միջազգային դատարանի վճիռների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարման մասին։ Որևէ կասկած չկա, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է»։
Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ Ադրբեջանից պարբերաբար հնչող պրովոկացիոն հայտարարությունները՝ վերադարձի, «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքի մասին, վկայում են այն մասին, որ Բաքուն չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել։
«Ադրբեջանը որևէ քայլ չի անում Հայաստանի հետ խաղաղության կնքման համար։ Հակառակը, նախապայմաններով է խոսում մեզ հետ Սահմանադրության մեջ փոփոխությունների առումով, այն դեպքում, երբ իրենց Սահմանադրությունը նույնպես, ըստ Նիկոլ Փաշինյանի, տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, նշում են այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան»»,-ասաց Դալլաքյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դանդաղեցնում, ձգձգում է գործընթացը, քանի որ մտածում է՝ մեկ տարի հետո միջազգային ասպարեզում, հատկապես ԱՄՆ-ում, հայտնի չէ՝ ինչ իրավիճակ կլինի, հնարավոր է, որ Հանրապետականները պարտվեն ընտրություններում, իսկ Դոնալդ Թրամփը, կորցնելով Կոնգրեսը, կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել։
«Այդպիսի փաստաթղթեր շատ կան արևմտյան երկրների խորհրդարաններում: Իհարկե, դա օգնում է գործին եթե իհարկե Հայաստանի իշխանությունները առավել հետևողական լինեն, բայց դա կախված է միջազգային իրավիճակից։ Այսինքն՝ երբ գերտերությունները կցանկանան ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ իրենց շահերից ելնելով, դրանք կօգտագործեն։ Եկեք հասկանանք, որ միջազգային իրավունքը այնպես չի գործում, ինչպես մենք ենք ցանկանում՝ միանգամից և արդարացի սկզբունքների հիման վրա։ Դա լծակ է Ադրբեջանի նկատմամբ, այլ հարց է, որ այդ լծակը համընկնում է մեր շահերի հետ։ Եվ այո, ինչ-որ պահի դա կարող է օգտագործվել որպես ճնշման միջոց Ադրբեջանի նկատմամբ»,-ասաց Դալլաքյանը։
Նրա վստահեցմամբ՝ արևմուտքն իսկապես ցանկություն ունի ճնշում գործադրելու Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն երկակի խաղը, որ նա տանում է Ռուսաստանի հետ՝ սանկցիոն ռեժիմը խախտելով ռուսական նավթը, գազն իր էներգակիրների անվան տակ Եվրոպա տեղափոխելով․«Եվ երբ ժամանակը գա և դրա նպատակը լինի այդ բանաձևերը և որոշումները կօգտագործվեն Ադրբեջանի դեմ»։
Նա նաև նշեց, որ հայկական կողմը պարբերաբար պետք է հրավիրի Եվրամիության ուշադրությունն այդ փաստերի վրա, դիվանագիտական խողովակներով պետք է բողոքի նոտա հղի, որ Ալիևը ապակառուցողական հայտարարություններ է անում հենց Եվրամիության տարածաշրջանում և նրանց շահերի դեմ։
«Ադրբեջանը մշտապես խոսում է, թե ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, ցանկանում է, որ ներդրումներ անեն Ադրբեջանում, բայց լրտես է անվանում Հայաստանում գործող եվրոպացի դիտորդներին, ի տարբերություն ռուսական բազայի ներկայության, ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջանի համար ՌԴ-ն երբևէ խոչընդոտ չի հանդիսացել։ Հայկական կողմը պետք է եվրոպացիների ուշադրությունը հրավիրի այն փաստի վրա, որ Ադրբեջանի համար ընդունելի է ռուսական կամ 3+3 հարթակի ձևաչափերը, քան արևմտյան, նույն իրենց ասած TRIPP-ի՝ «Թրամփի ուղի» ձևաչափը։ Որովհետև եթե «Թրամփի ուղին» Բաքվի սրտով լիներ, դրա իրականացման ուղղությամբ գործում քայլ կկատարեր, նույնը վերաբերում է Թուրքիային։ Բայց քանի որ Ադրբեջանի ղեկավարն իր սրտում և մտքում հույս ունի, որ Հայաստանը չի վերականգնել իր ռազմական բալանսը և որ դա երկարատև պրոցես է, մտածում է ինչու չի կարող ստանալ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով այսպես կոչված «միջանցքային լուծումը», որը TRIPP-ում չկա, դրա համար այդպիսի հայտարարություն է անում»,-ասաց Դալլաքյանը
Տիրուն Մարգարյան
