Արմեն Պետրոսյան․«Իրավիճակը խորը փակուղում է, որ դժվար թե ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվեն համաձայնագրերի ստորագրման շուրջ»
«Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստեղծված իրավիճակը հայտնվել է փակուղում. ոչ բանակցային հարթությունում, ոչ էլ ռազմական ոլորտում խնդիրը լուծել չի հաջողվում, քանի որ կողմերի միջև պահպանվում են խորը տարաձայնություններ։ Թրամփը դժգոհ է բանակցությունների ընթացքից՝ Իրանի հետ ձգձգվող գործընթացի պատճառով, և անընդունելի է համարում Թեհրանի դիրքորոշումը։ Այդ իսկ պատճառով Ամերիկայի նախագահի գրգռվածությունն ուժեղացել է, նա ավելի լուրջ է դիտարկում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Ամերիկացիները միշտ հայտարարում են, որ դա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է, սակայն բացառված չէ, որ ռազմական գործողություններ սկսվեն»։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունների դադարեցման մասին։ Ռազմական գործողությունները դադարեցվել էին ավելի վաղ հայտարարված հրադադարի ռեժիմից հետո, որը գործում էր ապրիլի 8-ից։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդիմի Չինաստանին՝ խնդրելով օգնել վերջ դնել Իրանի հետ թանկարժեք և ոչ ժողովրդական պատերազմին հինգշաբթի օրը Պեկինում նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում, քանի որ խաղաղ բանակցությունները հայտնվել են փակուղում, իսկ հակամարտության համաշխարհային տնտեսական ծախսերն աճում են։ Փխրուն զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ջանքերը չկարողացան առաջընթաց գրանցել պատերազմի կարգավորման հարցում, որը հազարավոր կյանքեր է խլել, փոխել դաշինքները Մերձավոր Արևելքում և հանգեցրել նավթի ու այլ առանցքային հումքային ապրանքների գների աճին ողջ աշխարհում։
Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին հրաժարվել իր միջուկային ծրագրից և վերացնել սահմանափակող վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, որն առանցքային նավագնացային երթուղի է, որով մինչև պատերազմի սկիզբը (փետրվարի 28) անցնում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։
Իրանը պահանջել է փոխհատուցում ռազմական վնասների համար, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում ԱՄՆ-ի կողմից և մարտական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ Իսրայելը պայքար է մղում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահի» դեմ։ Թրամփը Թեհրանի դիրքորոշումներն անվանել է «աղբ»։
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ իրանա-ամերիկյան ուղղությամբ ներկայիս իրավիճակը ցույց է տալիս ճկունության և զիջումների պատրաստակամության բացակայություն։ Այս փուլում կողմերը պատրաստ չեն փոխզիջման ոչ մի պարագայում, և նրանց տարաձայնությունները կապված են իրանա-ամերիկյան հակամարտության ավելի խորը խնդիրների հետ՝ Իրանի միջուկային ծրագրի ամբողջովին դադարեցումը, ինչի հետ Իրանը կատեգորիկ համաձայն չէ, Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց չեղարկմանն է սպասում Իրանը, ԱՄՆ-ն սա չի իրականացնում, և ամենակարևոր խնդիրը Իսրայելի գործողություններն են Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ, որը նույնպես շարունակում է մնալ օրակարգում և խոչընդոտում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև համապարփակ համաձայնության հասնելուն․« Եվ իրավիճակը Հորմուզի նեղուցում, քանի որ այն ընդհանուր առմամբ հայտնվել է փակուղում, և նեղուցը գործում է ոչ արդյունավետ։ Փուլ առ փուլ կա՛մ Իրանը, կա՛մ ԱՄՆ-ն ուժեղացնում են ճնշումն այս ջրատարածքում՝ սահմանափակելով տարբեր նավերի տեղաշարժը»։
Նա հավելեց, որ այս պահին կողմերը Պակիստանի միջոցով շարունակում են առաջարկներ փոխանակել՝ կապված համաձայնագրի հիմնական սկզբունքների հետ, բայց էական առաջընթաց չի նկատվում՝ կողմերի անզիջում դիրքորոշման պատճառով։
Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ իրավիճակն այնքան խորը փակուղում է, որ դժվար թե հաջողվի պայմանավորվել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Այնուամենայնիվ, ըստ նրա, երկու կողմերն էլ՝ ԱՄՆ և Իրանը, հակված են վերջնական համաձայնության և հարատև խաղաղության, հակված չեն մարտական գործողությունների վերսկսմանը։ Ըստ փորձագետի՝ Իրանի համար չափազանց կարևոր է, որ համաձայնագիրը կամ պայմանագիրը լինեն վերջնական, երաշխավորված և բացառեն ԱՄՆ-ի կողմից հետագա ցանկացած ագրեսիայի հնարավորությունը։ Այս պահին, նրա կարծիքով, նման գործարքի հավանականությունը մեծ չէ, բայց կրկնում եմ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը և իրանական կառավարությունը հակված են հենց համաձայնության։
Պետրոսյանը նշեց, որ դժվար է դատել Իրանում ԱՄՆ-ի գործողության ձախողման մասին․«Դա ամենևին այդպես չէ, քանի որ Իրանը բավականին բարդ հակառակորդ է և բարդ պետություն։ Անշուշտ, ԱՄՆ-ն հաշվարկել է գործողությունների բոլոր հնարավոր սցենարները։ Այդուհանդերձ, այստեղ կա մի կարևոր հանգամանք. հնարավոր է՝ սկզբնական սցենարը ինչ-որ չափով ձախողվել է՝ կապված վարչակարգի տապալման հետ՝ երկրի ղեկավարության կամ դրանից հետո մի քանի այլ անձանց հեռացումից հետո։ Բայց ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների գործողությունները Իրանի դեմ չի կարելի ձախողված համարել»։
Ինչ վերաբերում է առճակատմանը, Արմեն Պետրոսյանը գտնում է, որ այս դեպքում իրավիճակը խնդրահարույց է երկու կողմերի համար էլ. ԱՄՆ-ի համար, որոնք գործում են լարված ռեժիմով Պարսից ծոցի տարածաշրջանում, բնականաբար, բավականին բարձր ծախսերով պահում են բազմաթիվ նավեր և տեղակայում զինծառայողների՝ միաժամանակ ապահովելով շրջափակումը։ Միաժամանակ բարդ է իրավիճակը նաև Իրանի համար, քանի որ, ըստ փորձաագետի, երկիրը գտնվում է շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, զգալիորեն տուժել են բնակավայրերը․« Հասարակության մեջ առկա է որոշակի լարվածություն, և եթե շրջափակումը շարունակվի, ինչը, անկասկած, կարող է տեղի ունենալ, դա էապես կվատթարացնի Իրանի դրությունը։ Այնպես որ, երկու երկրներն էլ կարող են դիմադրություն ցույց տալ որոշակի ժամանակահատվածի ընթացքում»։
Տարածաշրջանային փորձագետի խոսքով՝ ժամանակն աշխատում է ընդդեմ Իրանի, որովհետև ռազմական գործողությունների դեպքում երկրում սոցիալ-տնտեսական վիճակը կվատթարանա բավականին արագ տեմպերով, ինչպես նաև դա կազդի ներքին գործընթացների վրա։
Պետրոսյանը նկատեց, որ բանակցությունները վարվում են մշտապես, միջնորդների միջոցով։ Ամենայն հավանականությամբ, մի շարք երկրների միջնորդությամբ կողմերից յուրաքանչյուրն առաջարկում է իր պայմանները՝ կապված խաղաղության համաձայնագրի կամ հակամարտության կարգավորման հետ, որոնց արձագանքում է մյուս կողմը։ Նա ասաց, որ հաղորդագրությունների փոխանակման գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը պատրաստ չեն լինի որևէ էական փոփոխության և հնարավոր է՝ այդ ժամանակ նրանք նորից բանակցություններ անցկացնեն ինչ-որ տեղ, ինչպես դա երկու անգամ տեղի է ունեցել Պակիստանում․ Զուգահեռաբար, ինչպես նշեց Պետրոսյանը, ԱՄՆ-ն կոշտ քայլեր է ձեռնարկում ռազմական գործողություն սկսելու համար, ինչին էլ Իրանը պատասխանում է, իսկ դա իրավիճակից ելք չէ և ընթացիկ բանակցային գործընթացի լուծում չէ։
Արմեն Պետրոսյանը նշեց, որ թեև Թրամփը խոսում է մարտական գործողությունների վերսկսման հավանականության մասին, ներկայիս իրավիճակում ռազմական լուծումը քիչ հավանական է, քանի որ դա կհանգեցնի փակուղային իրավիճակի էլ ավելի խորացմանը․«Իհարկե, չի կարելի բացառել, որ ինչ-որ փուլում մարտական գործողություններն ավելի ակտիվ կդառնան։ Այնուամենայնիվ, արձանագրվում են առանձին հարձակումներ, թիրախային բախումներ, բայց այլևս ոչ մի էական գործողություն տեղի չի ունենում։ Սակայն, կրկնում եմ, դրանք լիովին բացառելը սխալ կլինի»,-ընդգծել է Արմեն Պետրոսյանը։
Զաբելա Ավագյան
Նորություններ
