«Իսրայելը Քնեսեթում կասեցնում է հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախագծի քվեարկությունը»․ JNS | Region

«Իսրայելը Քնեսեթում կասեցնում է հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախագծի քվեարկությունը»․ JNS

Հուլիս 13,2026 20:31

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դահլիճում, հուլիսի 8, 2026թ.։ Լուսանկարը՝ Յոնաթան Սինդելի

Կիրակի օրը կասեցվել է Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթում) կայանալիք կարևոր քվեարկությունը, որով նախատեսվում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված բռնությունները ճանաչել որպես ցեղասպանություն։

Այս մասին  գրում է Jerusalem News Syndicate-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտոնյային։

Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլն արվում է դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը բախվում է նոր լարվածության՝ Ծոցում Իրանի շարունակական հարձակումների պատճառով հրադադարի ռեժիմի տապալումից հետո։ Այն հաջորդում է նաև անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ժամանակ Անկարան ճնշում էր գործադրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու համար։

Իսրայելի կառավարությունն անցյալ ամիս միաձայն հավանություն էր տվել բռնությունները որպես ցեղասպանություն որակելու առաջարկին՝ Իսրայելի դեմ Էրդողանի հնչեցրած բորբոքիչ հայտարարությունների ֆոնին Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով, և Իսրայելի խորհրդարանում քվեարկություն էր նախատեսվում՝ նախաձեռնությանը վերջնական հավանություն տալու համար։

Քնեսեթը շաբաթվա վերջին նախատեսում է անցնել ամառային արձակուրդի և նիստեր չի գումարի մինչև հոկտեմբերի 27-ի համապետական ընտրությունները։

«Նախկինում Իսրայելը ձեռնպահ է մնում մեկդարյա վաղեմության բռնությունները պաշտոնապես որպես ցեղասպանություն որակելուց, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին կառավարությունն առաջ մղեց այս քայլը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայերի դեմ իրականացված բռնությունները նախկինում որակել է որպես ցեղասպանություն, սակայն մինչ այժմ այս հարցով որևէ պաշտոնական քվեարկություն չէր անցկացվել։Թուրքիան, որն աշխարհում Գազայի պատերազմի պատճառով Իսրայելի ամենամեծ քննադատներից է, Իսրայելի կառավարության այս քայլն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»,-գրում է լրատվամիջոցը։

 

 

Նորություններ