Գիորգի Թումասյան․ «Իսրայելը Հայոց ցեղասպանության թեման օգտագործում է որպես դիվանագիտական զսպման գործիք» | Region

Գիորգի Թումասյան․ «Իսրայելը Հայոց ցեղասպանության թեման օգտագործում է որպես դիվանագիտական զսպման գործիք»

Հուլիս 22,2026 21:05

Անցյալ ամիս Իսրայելի կառավարության կողմից հավանության արժանացած՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը չներառվեց ամառային արձակուրդներից առաջ Իսրայելի խորհրդարանի քվեարկությունների փաթեթում: Այս որոշումը, որը կարող էր կարևոր քայլ դառնալ պատմական իրադարձությունների ճանաչման գործում, այդպես էլ մնաց թղթի վրա։

Վրաստանի հայ համայնքի հարթակի նախագահ Գիորգի Թումասյանի կարծիքով՝ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության չդնելը պատահականություն չէր, այլ կառավարական կոալիցիայի կողմից ընթացակարգային վետոյի հետևանք. «Այս գործընթացի նախաձեռնումն ի սկզբանե կրում էր մարտավարական աշխարհաքաղաքական մանևրի բնույթ»:

Ինչպես REGIONSTV-ի հետ զրույցում նշեց Գիորգի Թումասյանը, Իսրայելը գիտակցաբար է խուսափում պաշտոնական ճանաչումից։ Թել Ավիվում բանաձևը դիտարկում են որպես ճնշման լծակ։

«Իսրայելը ձեռնպահ է մնում վերջնական և պաշտոնական ճանաչումից, քանի որ նման քայլը դիտարկում է որպես «մեկանգամյա լծակ»: Ընդունելով բանաձևը՝ Իսրայելը սպառած կլինի ճնշման այդ ռեսուրսը: Արդյունքում, իսրայելական ղեկավարությունը նախընտրում է հարցը պահել կախված վիճակում՝ նախապատվությունը տալով րոպեական աշխարհաքաղաքական շահերին, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է հիմնարար բարոյական սկզբունքներին»,-ասաց Թումասյանը։

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախաձեռնողը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն էր: Հունիսի 28-ին կաբինետը միաձայն ընդունեց համապատասխան բանաձևը: Կառավարության նիստում իր ելույթի ժամանակ Սաարը հիշեցրեց, որ «1915 թվականին սկսված սպանությունների և տեղահանությունների հետևանքով զոհվել է շուրջ 1,5 միլիոն հայ: Բացի այդ, օսմանյան կառավարության գործողությունները հանգեցրել են Անատոլիայում բազմադարյա մշակութային և պատմական ժառանգության ոչնչացմանը»:

«Չնայած ընդարձակ և աներկբա պատմական փաստաթղթավորմանը՝ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է ինստիտուցիոնալացված ժխտման և նսեմացման արշավի առարկա, ներառյալ պատմության մանիպուլյատիվ վերագրումը, գլխավորապես թուրքական կառավարության կողմից: Անցյալում Իսրայելում հնչել են հայտարարություններ, այդ թվում՝ վարչապետ Նեթանյահուի և այն ժամանակվա արտգործնախարար Իսրայել Կացի կողմից, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Իսրայելը, որպես հրեական պետություն, պաշտոնապես որդեգրի այս դիրքորոշումը: Երբեք ուշ չէ ճիշտ վարվելու համար: Կարևոր է դա անել հիմա, որպեսզի տարբեր տեղերում մեզ այլևս չհարցնեն, թե ինչու ենք խուսափում դրանից: Սա և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է: Եվ, իմ կարծիքով, չկան ծանրակշիռ պատճառներ դրանից խուսափելու համար: Սա «վրեժխնդրության ակտ» չէ բացահայտ թշնամանքի, ինչպես նաև սարսափելի հռետորաբանության ու թշնամական գործողությունների համար»,-հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:

Սպասվում էր, որ կառավարության որոշումը քվեարկության կդրվի Քնեսեթում, սակայն դա այդպես էլ չտեղի ունեցավ: Ինչպես պարզել է իսրայելական Haaretz թերթը, քվեարկությունը արգելափակել է Բենյամին Նեթանյահուն. թերթի աղբյուրի տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը կապվել է իսրայելական վարչապետի աշխատակազմի հետ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իսրայելական կառավարությունը տեղեկացրել է ադրբեջանցի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից: Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի աշխատակազմը, ի պատասխան պարբերականի հարցմանը, հերքել է տեղեկությունն այն մասին, թե քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտությունից հետո, սակայն չի կարողացել բացատրել, թե ինչու այն չի կայացել: «Կառավարությունը որոշում է կայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այն հավանության է արժանացել միաձայն: Այն չի փոխվի, և սա կարևոր ու պատմական փաստ է»,-նշված է Սաարի հայտարարության մեջ:

Գիորգի Թումասյանը Նեթանյահուի և Իսրայելի կառավարության գործողությունները որակում է որպես ակնառու օրինակ այն բանի, թե ինչպես պատմական հիշողության հարցերը կարող են դառնալ քաղաքական առևտրի գործիք:

«Նման վարքագիծը աշխարհաքաղաքական առևտրի գործիքների ակնառու ցուցադրություն է: Կառավարությունում սկզբնական քվեարկությունը կոշտ հանրային ազդակ էր ձևավորում Անկարային՝ լարվածության հերթական փուլի պահին: Սակայն օրինագծի հետագա արգելափակումը ցույց տվեց, որ այս փուլում խնդիրը լոկ մտադրությունների ցուցադրումն էր: Հարցը օրակարգից հանելով՝ Նեթանյահուն պահպանեց ճկուն մանևրելու տարածությունը և այդ դադարն օգտագործեց որպես Թուրքիայի և Ադրբեջանի հետ աշխարհաքաղաքական առևտրի տարր»,-ընդգծեց Թումասյանը:

Վրաստանի հասարակական գործչի կարծիքով՝ «Ադրբեջանի և Իսրայելի փոխգործակցությունը հիմնված է փոխադարձ կրիտիկական շահերի վրա՝ նավթի անխափան մատակարարումներ, բազմամիլիարդանոց ռազմատեխնիկական համագործակցություն և տարածաշրջանային անվտանգության ոլորտում որոշ խնդիրների համընկնում: Ընդ որում, Ադրբեջանը ստիպված է մշտապես մանևրել Թուրքիայի հանդեպ ստանձնած պարտավորությունների և Իսրայելի հետ գործընկերության միջև: Օգտագործելով Ցեղասպանության թեման՝ Իսրայելը Թուրքիայի վրա ազդեցության լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, իսկ Ադրբեջանն իր հերթին գործի է դնում իր էներգետիկ և ռազմավարական ռեսուրսները, որպեսզի Իսրայելին հետ պահի վերջնական դիվանագիտական քայլերից»:

Փորձագետը նկատեց, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հաճախ ջրի երես է ելնում Թուրքիայի հետ հարաբերությունների սրման պահերին, ճգնաժամային պահերին այս թեմայի պարբերական արդիականացումը ցույց է տալիս, որ մեր պատմական ողբերգությունն օգտագործվում է որպես դիվանագիտական զսպման գործիք․«Սակայն մեզ համար այս դիրքորոշումը բացարձակապես սկզբունքային է․ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի ողբերգությունն է և հիմնարար պատմական ճշմարտություն, որը չի կարող և չպետք է հանդիսանա առևտրի առարկա: Ցեղասպանության բարոյական փաստն ինքնաբավ է և կախված չէ երրորդ երկրների արտաքին քաղաքականությունից»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն աջակցություն էր հայտնել Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը:

Գիորգի Թումասյանը կարծում է, որ Իսրայելի կողմից արձագանքի բացակայությունը բացատրվում է հռետորաբանության և իրական գործերի գործնական տարանջատմամբ: Իսրայելում հաշիվ են տալիս իրենց, որ Ադրբեջանին անհրաժեշտ է միջազգային ասպարեզում պահպանել համաիսլամական դիվանագիտական գիծը: Քանի դեռ նման հայտարարությունները մնում են հռչակագրային դիվանագիտության հարթությունում և չեն շոշափում փոխգործակցության գործնական ոլորտները՝ նավթի մատակարարումները, զենքի գնումները և համագործակցությունն անվտանգության ոլորտում, իսրայելական իշխանությունները նախընտրում են չնկատել այդ հռետորաբանությունը:

 

Զաբելա Ավագյան

Նորություններ