Լուսիանա Մինասյան․« Ես դիմել եմ Ալիևին։ Մեկ հեռախոսազանգը չի ազատի Լյուդվիգ Մկրտչյանին, չի բուժի նրան, սակայն թույլ կտա կնոջը հասկանալ՝ արդյոք նա ո՞ղջ է, առողջությունն ինչ վիճակում է»
Բաքվի բանտում պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ Մկրտչյանը կապ չի հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի վերջին և արդեն գրեթե վեց տարի գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներին «ադրբեջանցի ռազմագերիներին խոշտանգելու մեջ»։ Նա ամբողջությամբ հերքել է մեղադրանքները և մեղքը չի ընդունել։ Այնուամենայնիվ, 2021 թվականի օգոստոսին ադրբեջանական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանի խոսքով՝ նա ավելի քան մեկ ամիս է, ինչ չի խոսել կնոջ հետ։ Վերջին անգամ Հրանուշ Շահբազյանն ամուսնու հետ խոսել է հունիսի 19-ին։ Այդ զրույցի ընթացքում նա հայտնել է, որ ուժեղ թուլություն է զգում և կորցրել է գիտակցությունը։ Սրանից հետո նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան․ ընտանիքին չեն հայտնել ոչ ախտորոշումը, ոչ էլ բժշկական հետազոտության արդյունքները։ Լյուդվիգի ընտանիքը լրջորեն մտահոգված է նրա կյանքի համար։ Ավելի քան մեկ ամիս ընտանիքի հետ կապի բացակայությունը, հատկապես առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին ահազանգերից հետո, է՛լ ավելի է խորացնում հարազատների անհանգստությունը։
REGIONS TV-ի հետ զրույցում SOAR բարեգործական կազմակերպության (Արգենտինայում տեղակայված Հայ որբերի օգնության ընկերություն) ղեկավար Լուսիանա Մինասյանն ասաց, որ խորապես մտահոգված է Լյուդվիգ Մկրտչյանի առողջությամբ։ Նա սոցիալական ցանցում հրապարակել է Մկրտչյանի բժշկական փաստաթղթերը․ լեյկոցիտների մակարդակը գրեթե երկու անգամ գերազանցում է նորման, առկա են ուժեղ բորբոքային գործընթացի նշաններ, ինչպես նաև սրտի լուրջ խնդիրներ՝ ձախ փորոքի հիպերտրոֆիա, դիաստոլիկ դիսֆունկցիա և աորտալ փականի անբավարարություն։
Երեկ Լուսիանա Մինասյանը կոչով դիմել է ադրբեջանական իշխանություններին՝ թույլատրելու Բաքվի բանտում պահվող հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանին կապ հաստատել կնոջ՝ Հրանուշ Շահբազյանի հետ։ Իր դիմումում փաստաբանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին մարդասիրություն ցուցաբերել և լսել խղճի ձայնը։

Լուսիանա Մինասյան
«Մկրտչյանի ընտանիքը չափազանց մտահոգված է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ և որևէ հավաստի տեղեկություն ստանալու հնարավորություն չունի։ Ես դիմել եմ նախագահ Ալիևին՝ Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ։ Այս առումով ես չեմ վիճարկում այն պայմաններն ու պատճառները, որոնցով նա դեռ պահվում է Բաքվում։ Մեկ հեռախոսազանգը չի ազատի Մկրտչյանին և չի բուժի նրան, սակայն թույլ կտա կնոջը հասկանալ՝ արդյոք նա ո՞ղջ է, առողջությունն ինչ վիճակում է։ Լիովին վստահ եմ, որ նախագահ Ալիևն անցյալում արդեն իսկ նմանատիպ արձագանք ցուցաբերել է Վիգեն Էուլջեքչյանի գործով։ Տեխնիկապես ես կարող եմ լիովին սխալվել, որովհետև կան իրավական հիմքեր, որոնք, սակայն, կարող են հաշվի չառնվել»,-ասաց Լուսիանա Մինասյանը։
Նա հավելեց, որ երբ ներում էին հայցում Էուլջեքչյանի գործով, գիտեին, որ 20 տարվա ազատազրկմամբ պատժվող ծանր հանցագործությունը չի կարող ներառվել ներման որևէ որոշման մեջ․«Այնուամենայնիվ, մենք խոնարհաբար խնդրեցինք ևս մեկ անգամ, և Էուլջեքչյանն ազատ արձակվեց 2026 թվականի հունվարին»։
Լուսիանա Մինասյանն նշեց, որ բժշկական փաստաթղթերը սկզբում ուղարկվել են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ․«Պետք է նկատի ունենալ նաև, որ ՄԻԵԴ-ի միջոցով տեղեկատվություն հայցելու փաստաբան Սիրանուշ Սահակյանի աշխատանքն այժմ գործուն տարբերակ է։ Ազատ արձակված գերիների ընտանիքները նույնպես կարող են տեղեկություններ տրամադրել այս հարցի վերաբերյալ»։
Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իր տարածքում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո գրեթե անհնար է օբյեկտիվ պատկերացում կազմել Բաքվում հայ գերիների պահման պայմանների մասին։«Կարմիր խաչը նույնպես հաստատել է և հայտնել, որ իրենք չեն կարողանում մուտք գործել ադրբեջանական պահման վայրեր։
Փաստաբանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկին և ԿԽՄԿ-ին՝ պահանջելով կազմակերպել շտապ բժշկական օգնության տրամադրումը և ապահովել անկախ բժիշկների մուտքը Լյուդվօգ Մկրտչյանի մոտ․« Տյուրկի գրասենյակը շարունակում է տեղեկատվություն ընդունել Լյուդվիգի գործի վերաբերյալ, թեև մեզ հայտնել են, որ մեր հայցած արդյունքները ստանալու հավանականությունը մեծ չէ»։
Մինասյանն ասաց, որ իրենք հաճախ՝ գրեթե ամեն ամիս, հարցում են ուղարկում Սպիտակ տուն։
«Վերջերս ԱՄՆ վարչակազմը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։ Մենք հասկանում ենք, որ նախագահ Թրամփը կարող է փոխել իրավիճակը։ Մենք չգիտենք, թե ինչպես դա աշխատեց անցյալում, երբ ես դիմում էի Էուլջեքչյանի, Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի ազատ արձակման խնդրանքով, բայց երեքն էլ ազատ արձակվեցին»,-նկատեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ազատ են արձակվել և Հայաստան վերադարձել Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Գևորգ Սուջյանը։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ ռազմական գործողությունների ավարտից մեկ օր անց։ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ զինադադարի հայտարարումից հետո, երբ հումանիտար օգնություն էին տեղափոխում Արցախ։ Սուջյանն այնտեղ էր մեկնել որպես բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր։ Ադրբեջանում երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «ապօրինի զենք պահելու» և «լրտեսության» մեղադրանքներով։
«Ես կարող եմ իշխանություններին դիմել միայն միջազգային մարդասիրական իրավունքի և ողջամտության հիման վրա։ Ես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնող ենթադրություններ չեմ անում։ Հայ որբերի օգնության ընկերության հիմնական աշխատանքը և իմ գործունեությունը՝ որպես մասնաճյուղի նախագահ, հիմնված են մարդու իրավունքների սկզբունքների վրա։ Մենք ապաքաղաքական ենք և կմնանք ապաքաղաքական, քանի որ մեր կոչը թելադրված է մարդասիրական նկատառումներով»,- եզրափակեց Լուսիանա Մինասյանը։
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում պահվում է 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտված են 15-20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման։
Զաբելա Ավագյան
Նորություններ
