«Բանակում ինքնասպանության 85-90% դեպքերը կապված են երեք իրավիճակների հետ»․Փաշինյանը նշեց բանակում մահվան դեպքերի պատճառները
«Խնդիրը խորքային է։ Գիտե՞ք, թե բանակում ինչու են մեր զինվորները ինքնասպանություն գործում։ Երեք հիմնական պատճառ կա։ Առաջինը՝ խաղադրույքներ կատարելը, պարտքերի տակ ընկնելը և չկարողանալ պարտքը փակել։ Մենք, դե յուրե, միջոցներ ենք ձեռնարկել, որ դա արգելվի ծառայության մեջ գտնվողներին, սակայն այդ համակարգը դեռ ներդրման մեջ է։ Ի դեպ ասեմ, որ պարտադիր չէ քո հեռախոսից խաղադրույք կատարես, կան ստվերային դիլերներ, որոնք խոսքի վրա խաղադրույքներ են կատարում, այնուհետև նկարում ուղարկում են։ Սա ես գիտեմ Կոշի գաղութում լինելու ժամանակաշրջանից։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ դու հեռախոս ունենաս, եթե դու հաղթել ես քո գումարը տալիս են, բայց եթե պարտվել ես, այդ գումարը կստանան ցանկացած միջոցներով։ Ինքնասպանության պատճառներից մեկը սա է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին։
Ըստ Փաշինյանի՝ մահվան երկրորդը պատճառը ընտանեկան կամ անձնական խնդիրներն են, որոնք առաջացել են քաղաքացիական կյանքում։
Երրորդը՝ մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում քնելն է, ինչի հետևանքով վտանգի տակ է դրվում մարտական դիրքից վերադարձողների կյանքը․«Եթե արձանագրվում է, որ դիրքի հերթապահության ժամանակ քնել է զինվորը, ապա դիրքից իջնելուց հետո, տվյալ անձի նկատմամբ, սա քրեական ենթամշակույթային, այս դեպքում անվտանգային ճնշման միջոց է, արհամարհում և մեկուսացնում են տվյալ զինվորին, որը հոգեբանական ճնշում գործադրելու միջոցներից է։ Այս երեքն են բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառը։ Բանակում 85-90% ինքնասպանության դեպքերը կապված են այս երեք իրավիճակների հետ»։
Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով բանակին վերաբերող հարցերին նշեց, որ իրենց նախընտրական ծրագրերով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին դրույթը ներառելը կապված էր նմանատիպ դեպքերի հետ․ «Բանակի ղեկավարության վրա պետք չէ գցել․․․Ես ունեմ մեղք, որ այս խնդրի լուծումը մինչև հիմա չենք գտել։ Սա է պատճառը, որ մեր ծրագրերի մեջ մենք գրում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, դպրոցներում աշակերտների ֆիզիկական և հոգեբանական պատրաստության անհրաժեշտության մասին, աշխարհայացքի ընդլայնման մասին։ Ի վերջո զինվորը պետք է հոգեբանորեն ամուր լինի, որ կարողանա նաև չքնել դիրքում»։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին մահացած են գտել 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Նարեկ Թորոսյանի մահված գործով երկու զինծառայող է ձերբակալվել։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։ Մամուլը գրել է, որ նախնական տվյալներով՝ զինվորը ծեծի է ենթարկվել:
Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։
Հայտարարության մեջ նշվել է, որ միայն 2026 թ․ ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել են ոչ մարտական պայմաններում 8 մահվան դեպքեր, որոնց մեծ մասի առնչությամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրությունների, նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։
«Զինծառայողները գտնվում են Հայաստանի Հանրապետության անմիջական պատասխանատվության և հոգածության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նրանց կյանքի իրավունքն ու անվտանգությունը, պաշտպանել նրանց պատիվն ու արժանապատվությունը։ Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում:
Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ»,-նշել են ՀԿ-ներն իրենց համատեղ հայտարարության մեջ։
Տիրուն Մարգարյան
Նորություններ
