Ամասիա․ ի՞նչ անել, որ սահմանամերձ համայնքում դպրոցի ճամփան չհատի անդառնալիության կետը
Շիրակի մարզի Ամասիա համայնքի կազմում 26 բնակավայր կա, սակայն ամբողջ այդ հյուսիսային տարածաշրջանում բնակվում է 8․200 մարդ։ Համեմատության համար նշենք, որ միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում շուրջ 10․000 մարդ է ապրում։
Ամասիա համայնքի լքվող, հեռավոր բնակավայրերում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պատճառ են դարձել շարունակական միգրացիայի։ Օրինակ, սահմանամերձ Շաղիկ գյուղում մշտական բնակվում է 5 ընտանիք, մի քանիսն էլ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և մեղվապահությամբ, ամռան ամիսներին տեղափոխվում են այլ վայրերից։



Մեկ այլ սահմանամերձ գյուղում՝ Դարիկում, ընդամենը 1 ընտանիք է ապրում, որն այստեղ է տեղափոխվել Երևանից։ Իսկ Գառնառիճը համեմատաբար մարդաշատ գյուղ է համարվում, որտեղ բնակվում է 45 ընտանիք։

Ջեմմա Հարությունյան
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքում կառուցվում է 4 դպրոց, որոնցից յուրաքանչյուրը սպասարկելու է մի քանի բնակավայրերի դպրոցականների։ Դրանցից մեկը կառուցվում է Բերդաշենում և սպասարկելու է 9 գյուղի։ Ըստ համայնքապետի՝ նորակառույց դպրոցը շահագործման հանձնելուց հետո տվյալ բնակավայրերի ճանապարհների բարեկարգման հարցը ևս կլուծվի։
Սակայն խնդիրը միայն ճանապարհները չեն։ Հեռավոր գյուղերի բնակիչները պնդում են, որ գյուղերում դպրոցների փակումից հետո միգրացիայի ծավալներն էլ ավելի կմեծանան։ Նշում են՝ այս տարածաշրջանում ձմեռը խստաշունչ է, և ձնաբքերի ժամանակ այդքան ճանապարհ կտրելն ուղղակի ամենօրյա արկածախնդրություն կլինի։
Հատկանշական է, որ Հայաստանի ամենացուրտ վայրը գտնվում է այս համայնքում՝ Պաղակն բնակավայրում, որտեղ մինչև -42 °C ջերմաստիճան է գրանցվում։ Ի դեպ, Պաղակնը ևս լքված բնակավայր է, որը գտնվում է Բերդաշենի հարևանությամբ, այն բնակավայրի, որտեղ կառուցվում է 4 դպրոցներից մեկը։

Ջեմմա Հարությունյանը չի հերքում, որ դժվարություններ կլինեն։ Նա հայտնեց, որ դպրոցահասակ երեխաների տեղափոխման հարցը փորձել են լուծել դրամական հատկացումներով՝ յուրաքանչյուր դպրոցականի տեղափոխման համար ծնողին կտրամադրվի 2000 դրամ։


Սակայն հեռավոր գյուղերի բնակիչները վստահ չեն, որ միայն այս աջակցությունը բավարար կլինի։ Ըստ նրանց՝ դպրոցների կենտրոնացումը կարող է ոչ թե զսպել, այլ արագացնել սահմանամերձ բնակավայրերի դատարկման գործընթացը։
Ամասիա համայնքի դեպքում այս մտահոգությունները հատկապես արդիական են՝ հաշվի առնելով բնակավայրերի միջև եղած մեծ հեռավորությունները, կլիմայական ծանր պայմանները և սահմանամերձ դիրքը։


Փորձագետները բազմիցս նշել են, որ դպրոցը գյուղում միայն կրթական հաստատություն չէ։ Այն համայնքային կյանքի կարևոր կենտրոններից մեկն է, որի շուրջ ձևավորվում են սոցիալական կապերը, պահպանվում է բնակավայրի կենսունակությունը։ Երբ գյուղը կորցնում է դպրոցը, բնակիչների մի մասը սկսում է մտածել նաև բնակավայրը փոխելու մասին՝ երեխաների կրթությունն ու առօրյան ավելի մատչելի դարձնելու նպատակով։
Համայնքի հեռավոր գյուղերի բնակիչների մտահոգություններն ու պաշտոնյաների հավաստիացումները նույն «տարիքն» ունեն, սակայն մինչ օրս դրանց միջև եղած հակասությունները չեն վերացել։ Բնակիչները շարունակում են պնդել, որ առանց կենսական ենթակառուցվածքների և հասանելի ծառայությունների նույնիսկ ամենամեծ ներդրումներն ամբողջությամբ չեն կանխի գյուղերի դատարկումը։

Էդուարդ Մխիթարյան
Նորություններ
