Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտա անկլավում, որտեղ Մարոկկոյից մեկ օրվա ընթացքում 49,000 հազար միգրանտ է ներխուժել ապօրինի ճանապարհով | Region

Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտա անկլավում, որտեղ Մարոկկոյից մեկ օրվա ընթացքում 49,000 հազար միգրանտ է ներխուժել ապօրինի ճանապարհով

Հուլիս 31,2026 15:33

Պաշտոնական գնահատականների համաձայն, ինչպես հայտնում է BBC-ն, վերջին 24 ժամում Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Իսպանիայի Սեուտա տարածք ցամաքային և ծովային ճանապարհով Մարոկկոյից մուտք է գործել շուրջ 49,000 միգրանտ:

Տեսանյութերում  և լուսանկարներում երևում է, թե ինչպես են հինգշաբթի օրը հազարավոր մարդիկ լողալով մտնում քաղաք, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սահմանահատումները շարունակվել են նաև գիշերը:

Տեղական լրատվամիջոցները (elconfidencial.com), գրում են, որ վերջին օրերին տարածք հասնելու փորձերի ժամանակ առնվազն 24 մարդ է զոհվել:

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանն այս ամիս վճռեց, որ այն միգրանտները, ում կանգնեցրել են ծովում՝ Սեուտա կամ իսպանական մեկ այլ էքսկլավ՝ Մելիլիա հասնելու փորձի ժամանակ, չեն կարող արտակարգ կարգով (առանց ընթացակարգերի) հետ վերադարձվել Մարոկկո:

Մարոկկոյի հյուսիսային ափին գտնվող Սեուտան Ջիբրալթարի նեղուցով առանձնացված է Իսպանիայի մայրցամաքային մասից և երկար ժամանակ ծառայել է որպես հիմնական հանգուցային կետ Եվրոպա հասնել ցանկացող միգրանտների համար:

Տեղական իշխանությունները դիմել էին Մադրիդին՝ օգնության խնդրանքով՝ սահմանահատման փորձերի վերջին աճից հետո, սակայն հինգշաբթի օրը քաոսային տեսարաններ են արձանագրվել, քանի որ սահմանային հսկողությունը, ըստ երևույթին, կոլապսի է ենթարկվել:

Ըստ BBC-ի, Իսպանացի պաշտոնյաների գնահատականները ցույց են տալիս, որ վերջին մեկ օրվա ընթացքում Սեուտա մուտք գործած միգրանտների թիվը կարող է գերազանցել քաղաքի բնակչության կեսը, որը, տեղական վերջին տվյալներով, կազմում է շուրջ 83,600 մարդ:

Ավելի ուշ Իսպանիան զինված ուժեր տեղակայեց Սեուտայում և դրա քույր քաղաք Մելիլիայում անվտանգությունն ամրապնդելու համար:

Մարոկկոյի կողմից հավակնության առարկա հանդիսացող երկու քաղաքներն էլ երկար ժամանակ եղել են Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների թեժ կետեր: Մադրիդը պնդում է, որ երկու տարածքներն էլ Իսպանիայի անբաժանելի մասն են և ունեն նույն կարգավիճակը, ինչ մայրցամաքային կիսաինքնավար շրջանները:

Դրանք ձևավորում են Աֆրիկայի հետ Եվրոպական Միության միակ ցամաքային սահմանները:

Սովորաբար, Սեուտա մուտք գործելու փորձի համար միգրանտները լողում են մի քանի կիլոմետր՝ ափի ավելի հեռու հատվածներից: Այս անգամ, ըստ երևույթին, նրանք կարողացել են հեշտությամբ մոտենալ բուն սահմանային ցանկապատին: Սկզբում որոշ մարդիկ նույնիսկ քայլել են պատնեշի քարերի վրայով և դրա ծայրամասով, սակայն մեծ մասը ստիպված է եղել լողալով շրջանցել այն՝ մյուս կողմի լողափերին հասնելու համար:

Պարզ չէ, թե որտեղ էին այդ պահին մարոկկացի սահմանապահները, և թե ինչու միգրանտների խմբերը չեն ցրվել կամ կանգնեցվել:

Վերջին անգամ ժամանումների նման աճ՝ թեև ոչ այս մասշտաբի, արձանագրվել էր 2021 թվականին: Այդ ժամանակ Մարոկկոյի իշխանությունները թույլ տվեցին շուրջ 8,000 մարդու հատել սահմանը՝ Արևմտյան Սահարայի ինքնիշխանության շուրջ Մադրիդի հետ ծագած վեճից հետո:

Այդ դիվանագիտական վեճը վերջերս նորից բռնկվեց այն բանից հետո, երբ վարչապետ Պեդրո Սանչեսը մեկնեց Ալժիր, որն աջակցում է այդ տարածաշրջանի անկախությանը:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը սահմանահատումները շարունակվել են, ինչպես նաև սահմանի երկայնքով բախումները միգրանտների և ոստիկանության միջև:

Իսպանիան զորք է ուղարկում իր Սեուտա անկլավում անվտանգությունն ամրապնդելու համար:

 

Նորություններ