«Նույնիսկ վերադաս սպայակազմը կարող է զինվորների հետ հաղորդակցվել հայհոյանքով, նվաստացնող բառապաշարով»․իրավապաշտպանը ԶՈԻ-ում մահվան պատճառների մասին
20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի ողբերգական մահվան դեպքը կրկին բուռն քննարկումների ալիք է բարձրացրել՝ ի՞նչ է կատարվում ՀՀ զինված ուժերում, և ովքե՞ր են իրականում պատասխանատու ոչ մարտական պայմաններում արձանագրվող զոհերի համար։
Հուլիսի 21-ին ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է Նարեկ Թորոսյանի մարմինը։ Քննչական կոմիտեն հայտնել է երկու զինծառայողի՝ կրտսեր սերժանտի և շարքայինի ձերբակալման մասին․ նրանց մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նախնական տվյալներով զինվորը ենթարկվել է ծեծի։
Ցավոք, սա եզակի դեպք չէ․ միայն 2026 թվականի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում մահվան 8 դեպք, որոնց մեծ մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։
Օրերս հրավիրված ասուլիսում, անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնացրել էր երեք հիմնական պատճառ․
- Խաղադրույքները, որոնց պարտքերը հետագայում չեն կարողանում փակել,
- Քաղաքացիական կյանքից բանակ տեղափոխված ընտանեկան կամ անձնական խնդիրները,
- Մարտական դիրքերում քնելը, ինչի պատճառով ծառայակիցները զինվորին ենթարկում են հոգեբանական ճնշման։
Սակայն եթե անգամ այս պատճառներն իրապես առկա են, առաջանում է գլխավոր հարցը․ իսկ ո՞վ է պատասխանատու դրանք կանխելու համար։
«Սա համակարգային խնդիր է, այլ ոչ թե անձնական պատասխանատվության»
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի համոզմամբ՝ սխալ է հիմնական մեղքը բարդել հենց այս երեք պատճառների կամ անհատ զինծառայողի վրա․
RegionsTV-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշում է՝ նախ՝ քաղաքացիական կյանքում եղած խնդիրները չեն կարող ուղղակիորեն ներթափանցել բանակ, եթե համակարգը ճիշտ է գործում։
«Խաղամոլությունը պետք է վերահսկվի, ինչը նորից բերում է սպայակազմի պատասխանատվության տիրույթ։ Նույնն էլ քրեակատարողական հիմնարկներում է․ եթե բանտում թղթախաղ են խաղում, ուրեմն կանոնակարգն է խախտված։ Եթե մարդը ամբողջովին գտնվում է պետության վերահսկողության ներքո, պետությունը պարտավոր է նրան պաշտպանել նաև վնասակար սովորությունների մեջ ներքաշվելու ռիսկերից։ Եթե դա չի վերահսկվում, նշանակում է՝ համակարգը վատ է աշխատում կամ չի աշխատում ընդհանրապես»,- ընդգծում է իրավապաշտպանը։
Անդրադառնալով դիրքերում քնելու պատճառով առաջացող ճնշումներին՝ Զառա Հովհաննիսյանը նկատում է, որ այստեղ դրսևորվում է քրեական ենթամշակույթի ազդեցությունը․«Կանոնակարգը խախտելու համար նախատեսված են պատշաճ ընթացակարգեր՝ դիտողություն, նկատողություն, վերադասության կարգով պատասխանատվություն։ Մինչդեռ իրականում զինվորին նվաստացնում են, հայհոյում, վիրավորում արժանապատվությունն ու ընտանիքը, և մարդը, չդիմանալով նվաստացմանը, դիմում է ինքնասպանության։ Պատճառը քնելը չէ, այլ այն, որ բանակը կառավարվում է քրեական ենթամշակույթով, այլ ոչ թե կանոնադրությամբ»։
Հովհաննիսյանը գտնում է, որ Փաշինյանի՝ բանակն ու քաղաքացիական կյանքը նույն նժարին դնելն անտեղի է։
Իրավապաշտպանի խոսքով՝ բանակում անձը 100%-ով գտնվում է պետության հսկողության տակ, և այնտեղ գործում է հատուկ կանոնակարգ։ Ուստի բանակային բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները քաղաքացիական կյանքի հետ համեմատելն ու դրանով արդարացնելն անընդունելի է․«Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները պետք է լինեն բացարձակ անընդունելի։ Այսօր մենք տեսնում ենք, որ փաստացի լեգիտիմացվում են այդ հարաբերությունները, իսկ պետության պարտավորությունը՝ կանխարգելել բռնությունն ու ծեծը, անտեսվում է։ Համակարգը հաճախ արձագանքում է միայն այն ժամանակ, երբ արդեն ողբերգությունը տեղի է ունեցել, և նախաձեռնվում են քրեական վարույթներ»։
Ըստ Զառա Հովհաննիսյանի՝ բանակում պետք է գործեն կանխարգելման հստակ մեխանիզմներ․ զինծառայողը պետք է ունենա խախտումների մասին անանուն և անվտանգ եղանակով բարձրաձայնելու հնարավորություն, իսկ սպայակազմը պետք է իրականացնի խիստ վերահսկողություն։
Հղում անելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» մշտադիտարկման տվյալներին՝ իրավապաշտպանը ներկայացնում է մտահոգիչ վիճակագրություն՝ 2010–2017 թթ․ ոչ մարտական պայմաններում (խաղաղ պայմաններում/հրադադարի ռեժիմում) արձանագրվել է 299 զինծառայողի մահ։ Նույն մշտադիտարկման տվյալներով՝ 2018–2025 թթ․ ոչ մարտական մահերի թիվն աճել է 46%-ով՝ կազմելով շուրջ 430 դեպք (ներառյալ սպանությունները, ինքնասպանությունները, անսարք տեխնիկայի, զենքի հետ անզգույշ վերաբերմունքի և առողջական խնդիրների հետևանքով գրանցված մահերը)։
Նա նկատում է՝ թեև սպանությունների և ինքնասպանությունների մասով առանձին վերցրած առկա է 11% նվազում, ընդհանուր ոչ մարտական մահերի թիվը ցույց է տալիս զգալի աճ։
Ի՞նչ անել։ Զառա Հովհաննիսյանը ընդգծում է երկու առաջնահերթ քայլ․
- Իրականացնել անաչառ հետազոտություն՝ հասկանալու համար բանակում տիրող իրական իրավիճակը։
- Վերանայել սպայական և ղեկավար կազմի պատրաստվածությունը․ արդյո՞ք նրանք ունեն անհրաժեշտ հմտություններ ու գործիքակազմ՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար։
«Մենք տեսնում ենք, որ նույնիսկ վերադաս սպայակազմը կարող է զինվորների հետ հաղորդակցվել հայհոյանքով, նվաստացնող բառապաշարով, լինում են նաև ֆիզիկական բռնության դրսևորումներ, որոնք մնում են անարձագանք։ Քանի դեռ սրանք իրավական ու պատշաճ գնահատական չեն ստանում, բանակում իրավիճակի էական փոփոխություն ակնկալելն անհնար է»,- եզրափակում է իրավապաշտպանը։
Տիրուն Մարգարյան
Նորություններ
