Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո նոր մանրամասներ է հայտնել․ խոսակցությունը կշարունակվի Մոսկվայում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումից հետո տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով բանակցությունների արդյունքներին և հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին։
Փաշինյանը հանդիպումը «շատ լավ» է գնահատել և հայտնել, որ Պուտինի հետ պայմանավորվել են քննարկումները շարունակել Մոսկվայում՝ իր առաջիկա այցի ընթացքում։
«Շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար, և հայկական կողմը դրանց մեծ խնամքով է վերաբերվում։
Միաժամանակ վարչապետը հայտարարել է, որ ստեղծված նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։
«Նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, և այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածում կողմերը քննարկել էին նաև ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի գործընթացը և ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության հարցը։ Քննարկման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը տարբեր գնահատականներ էին հնչեցրել ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Հայաստանում ընդունված օրենքի և ԵԱՏՄ-ի հետ դրա համատեղելիության վերաբերյալ։
