«Եթե ապացուցվի, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, մեր արձագանքը կլինի շատ դաժան»․Փաշինյան | Region

«Եթե ապացուցվի, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, մեր արձագանքը կլինի շատ դաժան»․Փաշինյան

Սեպտեմբեր 03,2026 13:21

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը, ով հաճախ ներկայացվում է որպես իշխանությունների «սրտի գործարար»,  ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը։

Գործարանը ձեռք բերելու մասին լուրը հայտարարվել է Նալբանդյանին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջում։

Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում լրագրողները Նարեկ Նաբանդյանի մասին հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան Փաշինյանն ասաց․«Ես սրտի օլիգարխ չունեմ։ Եվ եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»։

Փաշինյանը վստահեցրեց, որ հանձնարարել է, որպեսզի համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն․ «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով։ Թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի․․․ինձ համար զարմանալի է՝ ամեն անգամ, երբ նման հրապարակում է լինում,  ինչո՞ւ չի հերքում։ Սա մեզ նեռվայնացնում է ահավոր ձևի»։

Փաշինյանը հայտարարեց․«Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, որևէ տեղ ֆորմալ կամ ոչ ֆորմալ ֆայ չունի»։

Նորություններ