Սերիա Ա. Հայտնի են 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստն ու ակումբը
«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AIC) վարկածով ճանաչվել է Սերիա Ա-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Դափնեկիրները որոշվել են ֆուտբոլիստների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է չորեքշաբթի երեկոյան՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում։
39-ամյա իսպանացի մասնագետն իտալական ակումբը գլխավորում է 2024 թվականից։ Ավարտված մրցաշրջանում նրա գլխավորած «Կոմոն» վաստակել է 71 միավոր և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Նշենք նաև, որ Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ լավագույն ակումբի կոչմանն արժանացել է հենց «Ինտերը»։ Լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը բաժին է հասել «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասին, իսկ լավագույն գոլի հեղինակ է դարձել Թուրինի «Յուվենտուսի» խաղացող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։
