Բաքվի բանտերում ինչպիսի պայմաններում են պահվում հայ գերիները․մանրամասնում է Սիրանուշ Սահակյանը | Region

Բաքվի բանտերում ինչպիսի պայմաններում են պահվում հայ գերիները․մանրամասնում է Սիրանուշ Սահակյանը

Սեպտեմբեր 04,2026 12:57

Բաքվում պահվող հայ գերեվարված անձինք Ֆիզիկական շփում արտաքին աշխարհի հետ չունեն, նրանք չեն տեսնում հարազատներին, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցներին, չեն տեսնում տեսնում անկախ բժիշկներին, չեն տեսնում անկախ փաստաբաններին, չեն տեսնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, այսինքն պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ հայ ռազմա-քաղաքական գերիների այլ իրավունքներ էլ են խախտվում, օրինակ զբոսանքի իրավունքը, այսինքն մինիմալ երաշխիքները, որոնք պետք է  պահպանվեն ցանկացած փակ հաստատությունությունում պահվող անձի առնչությամբ, չեն ապահովվում։

«Բայց գերագույն խնդիրն այն է, որ նրանք բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում: Արտաքին աշխարհի միակ շփումը դա հեռախոսային խոսակցություններն են և ես նշեմ, որ դատապարտյալները պետք է օգտվեն օրինակ նամակագրության իրավունքից, նամակներ ուղարկել և ստանալ: Այս իրավունքը ևս չի պահպանվում։Դատապարտյալներն ունեն կարճատև և երկարատև այցելությունների իրավունք հարազատների, ընկերների հետ, որոշակի կատեգորիայի անձանց հետ, բայց այս իրավունքը ևս ապահովված չէ: Միակ բանը, որը տրամադրված է, դա վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է: Օրինակ կան երեք դատապարտվածներ, որոնք կարողանում են զանգերը կազմակերպել 40 օրը մեկ հաճախականությամբ։Մնացյալի համար ապահովված է շաբաթական մեկ զանգի հնարավորություն: Զանգի տևողությունը փոփոխական է: Առանձին դեպքերում այն կարող է լինել երկու րոպե, երեք րոպե, որոշ դեպքերում կարող են թույլատրել մինչև 10 րոպե»,-ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝  այդ բոլոր զանգերը վերահսկվում են, դրանք հայեցողական են և  կախված բովանդակությունից, կարող են նաև հարկադիր ընդհատվել։

«Դրա բառ օրինակը մենք տեսանք նաև Ռուբեն Վարդանյանի պարագայում, երբ փորձում էր բարձրաձայնել դատավճիռը իրեն չտրամադրելու խնդիրը՝  Ադրբեջանի օմբուդսմենին դիմելու և որոշակի ջանքերով այդ ակտը ստանալու անհրաժեշտությունը, հարկադրաբար զանգն ընդհատվեց։ Այս զանգերի շրջանակում մենք կարող ենք ստանալ բացառապես կցկտուր տեղեկատվություն։ Ընդ որում՝ զանգն ապահովվում է ընտանիքի անդամի հետ, ինձ հետ անմիջական զրուցելու հնարավորություն տրված չէ։ Այսինքն եթե ադրբեջանական կողմը

գոնե ունենար դիրքորոշում, որ դեմ առ դեմ հանդիպումը փաստաբանի հետ հնարավոր չէ, բայց ապահովեր ժամանակակից այլ լուծումներով տեսակապեր, նման հնարավորությունները ևս ապահովված չեն»:

Ըստ նրա՝ այս զանգերի միջոցով ընտանիքի անդամները փորձում են հասկանալ իրավիճակը և հատկապես առողջական իրավիճակը, ընդ որում՝ վերջին ամիսներին  ինտենսիվացել է առողջական խնդիրների բարձրաձայնումը, մշտապես դժգոհություններ կան, որ բուժօգնություն չի կազմակերպվում, անգամ որոշակի ժամերից հետո բուժանձնակազմի որևէ ներկայացուցիչ այդ հաստատությունում չկա․«Եթե առողջական վիճակի կտրուկ վաթարացում լինի, հրատապ, շտապ օգնություն ցուցաբերելու հնարավորություններ չկան։ Հիմնականում կարող է ծայրահեղ իրավիճակում որոշ սիմպտոմներ մեղմելու դեղորայք տրամադրվի, սակայն կոնկրետ առկա հիվանդությունը կամ դրա վաթարացումը կանխող միջոցներ առհասարակ չեն ձեռնարկվում»:

Նման իրավիճակում, ինչպես նկատեց Սահակյանը, շատերին ազատազրկել են 15 տարի, և օրինակ15 տարի  պատիժը կրելուց հետո, եթե վերջինս հայրենադարձվի Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ առողջական վիճակում է լինելու, և  առհասարակ, ինչպի՞սի կյանքի որակ ունի թե՛ Ադրբեջանում, և թե հնարավոր հայրենադարձումից հետո։

«Նրանց իրական առողջական վիճակի վերաբերյալ անկախ որևէ գնահատական չունենք։ Որոշակի փաստաթղթեր ստացվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության միջոցով: Մենք նման տեղեկատվություն ստացել ենք 26 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Սպասում ենք նոր տեղեկատվության: Վերջնաժամկետը, որ Ադրբեջանը թարմ տեղեկատվություն տրամադրեր Եվրոպական դատարանին, սպառվել է օգոստոսի 31-ի դրությամբ: Մենք սպասում ասում ենք մի քանի օր, որպեսզի քարտուղարությունից գրություն ստանանք և ըստ դրա կհասկանանք, թե ինչպիսի տեղեկություններ են տրամադրվել դատարանում»,-ասաց Սահակյանը։

Սահակյանը վստահեցրեց, որ կրոնական խորհրդանիշների առնչությամբ թիրախավորված գործողություններ են իրականացրել․«Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ օրինակ՝ մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով՝ այրելով հեռացվել է խաչի տեսքով դաջվածքը»: Նա հավելեց, որ արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, արձանագրել են, որ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան կարդալ:

Նորություններ