Ինչպե՞ս կազդի Երևան-Բաքու համաձայնությունը Մոսկվայի լծակների վրա
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցկացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ «ՇՀԿ+» ձևաչափով։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։ Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ, որոնց մեծ մասն անցել է դռնփակ։
Բաց հատվածում կողմերը քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու Հայաստանի ծրագրերը։ Փաշինյանը հանդիպումը որակել է «շատ լավ» և հայտնել Մոսկվա կատարելիք առաջիկա այցի ընթացքում «անկեղծ և կառուցողական զրույցը» շարունակելու պայմանավորվածության մասին։ Նա ընդգծել է, որ Երևանը շահագրգռված է ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմամբ, սակայն անհրաժեշտ է «նոր հայացք» երկկողմ կապերին՝ տարածաշրջանում փոխված իրողությունների հաշվառմամբ։
REGIONSTV-ի հետ զրույցում «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Լիլիթ Դալլաքյանը վերլուծում է հանդիպման արդյունքներն ու հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները։
Բանակցությունների արդյունքների և կողմերի դիրքորոշումների մասին
«Ես չեմ կարծում, որ Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո կան ինչ-որ կոնկրետ արդյունքներ։ Փաշինյանն ինքը նշեց, որ անկեղծ զրույցը շարունակվելու է Մոսկվայում, իսկ դա նշանակում է, որ որևէ առաջընթաց չի արձանագրվել»,-կարծում է Լիլիթ Դալլաքյանը, միաժամանակ հիշեցնելով՝ «Ռուսաստանը կրկին Հայաստանին պարտադրում է հենց հիմա հանրաքվե անցկացնել, իսկ Փաշինյանը բացատրում է, թե տվյալ պայմաններում ինչու դա հնարավոր չէ»։
Ավելի ուշ, մեկնաբանելով Հարավկովկասյան երկաթուղու թեման, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցության և ներդրումների։ Այնուամենայնիվ, Մոսկվան ազդանշաններ չի տալիս հայկական երկաթուղիների կոնցեսիոն իրավունքներից հրաժարվելու պատրաստակամության մասին, ինչը պնդում է Երևանը։
«Այդ պահանջներին Ռուսաստանը տևական ժամանակ պատասխանում է մերժումով։ Միևնույն ժամանակ տնտեսական ճնշումը, չանվանենք դա պատժամիջոցներ, կապված է դիրքերի թուլացման հետ։ Իմ կարծիքով՝ Հայաստանը դեռևս չի մտնի Եվրամիություն և հանրաքվե չի անցկացնի։ Մենք տեսնում ենք երկու սկզբունքորեն միանգամայն հակասող տեսակետներ»,-նշում է քաղաքագետը։
Տարածաշրջանում «նոր իրողության» մասին
Մեկնաբանելով «նոր իրողության» մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ քաղաքագետը կասկածի տակ է դնում անվտանգային ճակատում իրական դրական տեղաշարժերի գոյությունը։
«Հնարավոր է՝ խոսելով նոր իրողության մասին, Փաշինյանը նկատի ունի օգոստոսի 8-ի համաձայնագիրը, բայց դրա մասին խոսում են նաև Մոսկվայում։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, օրինակ, TRIPP-ի կառուցման նախագիծն անվանեց անիրատեսական։ Անկախ նրանց գնահատականից, արդյոք հայկական երկաթուղային կոնցեսիան պետք է խաղա իր դերը, քանի որ TRIPP համաձայնագիրն անիրատեսական է, այն պետք է ինտեգրվի հայկական երկաթուղիներին որևէ հատվածում․ գուցե նրանք կարծում են, որ Թրամփը հետևողական կլինի մինչև վերջ․ գուցե նրանք հավատում են, որ միջազգային իրավիճակը փոխվում է օրեցօր, տեսնում են ռուսական հիբրիդային հարձակումները Եվրոպայի, Գերմանիայի ուղղությամբ, այսինքն՝ Հարավային Կովկասում իրականությունը դեռևս չի փոխվել․․․
Ես չեմ հասկանում, թե կոնկրետ ինչ նոր իրականություն նկատի ունի Փաշինյանը։ Խաղաղություն հաստատված չէ, սահմանների դեմարկացիան իրականացված չէ, Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել անկլավների և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ՝ զուգահեռաբար հռչակելով ձգտումը դեպի խաղաղություն։ Միակ «նոր իրականությունմ» այն է, որ հայ ժողովուրդը ստիպված եղավ ընդունել ընթացիկ վիճակը, իսկ Փաշինյանը, Արցախի կորստից հետո, վերընտրվեց խաղաղություն ապահովելու խոստումների ֆոնին։ Սակայն խաղաղություն այդպես էլ չհաստատվեց, իսկ տեղի ունեցածը դարձավ հայ ժողովրդի զիջումը, այլ ոչ թե դիվանագիտական հաղթանակ․ Բաքուն ստացավ անհրաժեշտ հատվածները Տավուշում, բայց դուրս չի բերում զորքերը Հայաստանի տարածքներից և ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը»,-ասում է Դալլաքյանը։
ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության մասին
Բիշքեկի հանդիպմանը կողմերի կարծիքները տարբերվեցին նաև Հայաստանի եվրաինտեգրման և ԵԱՏՄ-ին նրա անդամակցության համատեղելիության հարցում։ Վլադիմիր Պուտինը Երևանին կոչ արեց ավելի արագ կողմնորոշվել արտաքին քաղաքական վեկտորի հարցում՝ ընդգծելով, որ ԵՄ անդամակցության հնարավոր կուրսը Մոսկվայից պահանջելու է առևտրային և տնտեսական քաղաքականության ճշգրտում։ Երևանում էլ այդ ուղղությունների համատեղման մեջ խնդիրներ չեն տեսնում։
Դալլաքյանը նկատում է՝ Փաշինյանը հասկացրեց, որ անհրաժեշտություն չի տեսնում շտապ կարգով սկսել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Ըստ ամենայնի, նա հասկանում է, որ Բրյուսելի հետ բանակցությունները շատ ժամանակ կխլեն։ Մենք արագ չենք ստանա թեկնածուի կարգավիճակ։ Հայաստանը ստիպված է լինելու կանգնել ընդհանուր հերթում Ուկրաինայի և Բալկանյան երկրների հետ միասին, էլ չասած Թուրքիայի մասին։ Բացի այդ, անդամակցության համար պահանջվում է ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների վավերացումը, ինչը նույնպես երաշխավորված չէ։ Հասկանալով սա՝ Փաշինյանը հայտարարում է․ հանրաքվեի անցկացումը կպահանջի կոնկրետ քայլեր, իսկ քանի որ այդ գործընթացը կձգձգվի, հենց հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալը և երկիրը տնտեսական պատժամիջոցների տակ դնելը նպատակահարմար չէ»,-նշում է քաղաքագետը։
Տեղեկատվական պատերազմի ու հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր սրման մասին
Փորձագետի կարծիքով՝ կայացած հանդիպումը հազիվ թե հանի Երևանի և Մոսկվայի միջև կուտակված լարվածությունը։
Ըստ Դալլաքյանի՝ ամենահավանական սցենարը ճնշման հետագա խստացումն է։ «Մեր երկրի ներսում անկայունություն հրահրելու, ինչպես նաև արցախցիների գործոնը օգտագործելու փորձերի համար բացառված չեն սահմանափակումները Ռուսաստանում հայ աշխատանքային միգրանտների նկատմամբ։ Ռուսաստանի մոտ, հատկապես Պուտինի ռազմավարության մասին լրատվամիջոցներում վերջին հրապարակումներից հետո, տեսանելի է բոլոր ուղղություններով սեփական շահերը կոշտ պաշտպանելու տրամադրվածություն։
Այս ֆոնին, նույնիսկ եթե հայկական իշխանությունները հետքայլ անեն և խոստանան չմտնել ԵՄ առաջիկա 50 տարում, հասարակության ներսում սպասումների նշաձողն արդեն չափազանց բարձր է բարձրացված։ Ընդ որում, սխալ է ծայրահեղությունների մեջ ընկնել․ չի կարելի հասարակությանը փոխանցել ո՛չ «Ռուսաստանի լիակատար հաղթանակի» մասին թեզերը, ո՛չ էլ հավաստիացնել, թե «Փաշինյանը հաղթեց, իսկ Պուտինը շփոթված է»»,-ասում է քաղաքագետը։
Մեկնաբանելով Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, թե «Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը որպես զենք Ռուսաստանի դեմ», քաղաքագետն ասում է՝ դա ստանդարտ հռետորաբանություն է, նախկինում նման մեղադրանքներ հնչում էին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հասցեին։
«Մոսկվայում հետխորհրդային երկրները ընկալում են որպես սեփական ազդեցության ոլորտ։ Ռուսական մեդիայում և Telegram-ալիքներում ուղղակի սպառնալիքներով հայտարարություններն ուղղված են հայ հասարակության շրջանում վախ և Արևմուտքից հիասթափություն սերմանելուն»,-նշում է քաղաքագետը։
Արևմուտքի դերի և տարածաշրջանային հավասարակշռության մասին
«Արևմուտքի համար ժամանակն է անցնելու կոնկրետ գործողությունների, հայ հասարակության միակողմանի ձգտումը բավարար չէ։ Եթե Բրյուսելն իսկապես ցանկանում է աջակցել Երևանին, անհրաժեշտ են գործնական քայլեր՝ արագացված կարգավիճակ, ինչպես նաև արդյունավետ ճնշում Թուրքիայի վրա՝ սահմանը բացելու նպատակով։ Հակառակ դեպքում Հայաստանը ռիսկի է դիմում հայտնվել մեկուսացման մեջ՝ փակ սահմաններով, կախված Ադրբեջանի կետային տարանցիկ զիջումներից և ռուսամետ կողմնորոշում ունեցող Վրաստանով»,-նկատում է Դալլաքյանը։
Նրա կարծիքով՝ Մոսկվայի ազդեցության պահպանումը ուղղակիորեն կախված է նրանից, թե արդյոք կստորագրվի իրական խաղաղություն Երևանի և Բաքվի միջև։ «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Թուրքիան բացի սահմանները, Ռուսաստանի ազդեցության մեխանիզմները զգալիորեն կկրճատվեն։ Ի հեճուկս ընդդիմության հայտարարությունների՝ խաղաղ գործընթացի ձգձգումը շահավետ է Բաքվին․ Իլհամ Ալիևը տապալում է Ռուսաստանի վերջնական հեռացումը, քանի որ «3+3» ձևաչափը թույլ է տալիս ճնշում գործադրել Հայաստանի վրա առանց Արևմուտքի մասնակցության։ Հայաստանի իշխանությունների համար ժամանակն է հռետորաբանությունից անցնելու պրագմատիկ գործողությունների։ Ալիևը, լինելով Ռուսաստանի ընդդիմախոս, գործում է վճռականորեն և հասնում է իր նպատակներին։ Եթե Երևանը նախապես հաշվարկեր ռիսկերը, պայմանավորվեր Եվրոպայի հետ և պատրաստվեր հնարավոր պատժամիջոցներին, մենք կարող էինք խոսել ուժի դիրքերից, այլ ոչ թե արդարացող կողմի դիրքերից»,-եզրափակում է Լիլիթ Դալլաքյանը։
Զաբելա Ավագյան
