Ռեկորդից 40 տարի անց․ ինչպե՞ս է Ռոբերտ Էմմիյանը շարունակում ծառայել հայկական սպորտին | Region

Ռեկորդից 40 տարի անց․ ինչպե՞ս է Ռոբերտ Էմմիյանը շարունակում ծառայել հայկական սպորտին

Սեպտեմբեր 07,2026 17:55

«Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարն անցկացվում է արդեն 25 տարի։ Այս տարվա մրցաշարը խորհրդանշական էր. լրանում է 1986 թ․-ին Մոսկվայում Ռոբերտ Էմմիյանի սահմանած Եվրոպայի ռեկորդի 40-ամյակը: Այդ ժամանակ նա ցատկել էր 8,61 մետր։

Հիշեցնենք, որ 1987 թ․-ին Ծաղկաձորում նա գերազանցել էր սեփական ցուցանիշը՝ ցատկելով 8,86 մետր:

Էմմիյանն ընդգծեց, որ մրցումների օրը պատահական չէր ընտրված. այն համընկնում է իր անձնական մարզիչ Մկրտիչ Կարապետյանի ծննդյան օրվա հետ: Նա ներկաներին հորդորեց ծափահարություններով շնորհավորել վաստակաշատ մարզչին, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնեց մարզադպրոցի ղեկավար Յաշա Եղիազարյանին:

Այս տարի Գյումրիում անցկացվող մրցաշարին մասնակցում էր 16 մարզիկ՝ 6 երկրից, այդ թվում՝ Ուկրաինայից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից, Մոլդովայից:

Խոսելով թեթև ատլետիկայի զարգացման մասին՝ Էմմիյանը նշեց, որ Ֆրանսիայում գտնվելով հանդերձ, որտեղ պատասխանատու է միջազգային կապերի համար և մարզում է Ֆրանսիայի լավագույն մարզիկներին, միշտ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանը:

Անվանի հեռացատկորդը պարբերաբար մեծ խմբաքանակներով մարզագույք է ուղարկում ՀՀ տարբեր մարզեր՝ իր հնարավորությունների սահմաններում նպաստելով մարզական կյանքի զարգացմանն ու երիտասարդ մարզիկների առաջընթացին։

Նորություններ