Սահմանազատում հյուսիսից հարավ, նոր Սահմանադրություն և TRIPP նախագիծ. Բաքվի վերջին հայտարարությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու սահմանազատման գործընթացին։
Սահմանազատման (դելիմիտացիայի) նոր փուլը՝ հյուսիսից դեպի հարավ
Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսից դեպի հարավ ուղղությամբ։
Նրա խոսքով՝ սահմանազատման աշխատանքները կմեկնարկեն ամենաբարդ հատվածից՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանային հատման կետից։
Երկու երկրներից էլ սահմանազատման հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետները (Ադրբեջանից՝ Շահին Մուստաֆաևը)։
Կոնկրետ բնակավայրերին առնչվող բոլոր մանրամասները քննարկվելու են հանձնաժողովի աշխատանքների ընթացքում՝ ըստ անհրաժեշտության։
Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը
Բայրամովը հիշեցրել է Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագիրը՝ նշելով, որ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու համար Բաքուն կարևորում է Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը։ Նա ասել է, որ ադրբեջանական կողմը հետևում է ընթացքին՝ նշելով, որ դա Հայաստանի ներքին գործընթացն է, միաժամանակ հղում անելով ՀՀ վարչապետի հայտարարություններին, թե Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին։
«Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նույնպես նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նույնպես նոր հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին»,-ասել է Բայրամովը։
TRIPP տարածաշրջանային նախագիծը
Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Բայրամովն ասել է՝ հիմնական բանակցություններն ընթանում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, սակայն ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է Բաքվին, քանի որ, ինչպես Բայրամովն է ասել «այսնախագիծն անհնար է իրականացնել առանց Ադրբեջանի մասնակցության»։
Նրա խոսքով՝ ֆիզիկականաշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական։
«Մենք կարծում ենք, որ որքան շուտ այս նախագիծն իրականացվի, այնքան լավ։ Այն օգուտ կբերի նույնիսկ ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանի պետություններին»,-հայտարարել է Բայրամովը։
Սպասվում է ԱԳՆ ղեկավարների հանդիպում
Ադրբեջանի արտգործնախարարը նաև հաստատել է, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Նորություններ
