Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչում
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ և դրանք օտարել հօգուտ Հայաստանի Հանրապետության։
Որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am-ում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր բիզնես չէ, այլ ռազմավարական նշանակության ենթակառուցվածք, որից կախված է երկրի ավելի քան 1 միլիոն սպառողի, ինչպես նաև հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման և կապի համակարգերի անխափան աշխատանքը։
Գերակա շահ ճանաչելու հիմնական պատճառները հետևյալն են․
- Լիցենզիայի զրկում․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեռևս 2025 թ․ նոյեմբերի 17-ին դադարեցրել էր ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման թիվ 0092 լիցենզիան։
- Բաժնետերերի կողմից առաջարկի չընդունում․ Կառավարությունը «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով բաժնետերերին («Տաշիր Կապիտալ» ՓԲԸ և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ») առաջարկել էր կամավոր օտարել բաժնետոմսերը։ Օրենքով և դատարանի որոշմամբ սահմանված ժամկետների ավարտից հետո (մինչև 2026 թ․ մայիսի 25-ը) համաձայնություն չի կայացել։
- Ժամանակավոր կառավարման անբավարարություն․ Ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ ՀԷՑ-ում ներդրված ժամանակավոր կառավարչի ինստիտուտը կանխարգելիչ ու ժամանակավոր միջոց է և չի կարող ապահովել համակարգի երկարաժամկետ ու կայուն կառավարումը։
Ակնկալվող արդյունքը
Նախագծում նշվում է, որ «էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։ Ուստի սույն որոշման ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ»:
Դատական քաշքշուկները
Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն մի քանի դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԾԿՀ-ի և Կառավարության՝ փորձելով անվավեր ճանաչել լիցենզիայի դադարեցումը և կանխել բաժնետոմսերի օտարման գործընթացը։ Սակայն Վարչական դատարանը մերժել է ընկերության հիմնական հայցապահանջները։
Ինչպե՞ս է իրականացվելու օտարումը և որո՞նք են ժամկետները
Բաժնետոմսերի ձեռքբերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Գործընթացը համակարգելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Որոշմամբ սահմանված են գործընթացի հստակ ժամկետները․
- Գույքի նկարագրություն և գնահատում․ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում կկազմվի գույքի նկարագրության արձանագրությունը, որից հետո 3 ամսվա ընթացքում կիրականացվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատում։ Սեփականատերերն իրավունք ունեն ներկայացնելու նաև իրենց անկախ գնահատողի հաշվետվությունը։
- Գործընթացի մեկնարկ․ Օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետն է 2027 թվականի մայիսի 1-ը։
- Վերջնանպատակի իրագործում․ Օտարման նպատակի իրագործումը կսկսվի 2027 թ․ հուլիսի 1-ին և նախատեսվում է ավարտել 2027 թ․ հոկտեմբերի 1-ին։
Փոխհատուցում սեփականատերերին
Կառավարությունը նշում է, որ սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառի սեփականատերերին, քանի որ գործընթացն իրականացվելու է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նախնական և համարժեք փոխհատուցմամբ։ Փոխհատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվելու են պետական բյուջեում։
Նորություններ
