«Դպրոցներում տնօրեններ և ուսուցիչներ կան, որ տգիտություն են դասավանդում։ Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»․Փաշինյան
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կրթական, աշակերտների առաջադիմության խնդիրներին։
«Գործնականում երկրի դպրոցների 90%-ը կամ պետք է կառուցել, կամ վերակառուցել կամ հիմնանորոգել։ Ընդ որում, ես չեմ վարանել ասել, որ մենք դպրոց չենք բացում, մենք դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել»,-ասաց Փաշինյանը։
Ապա ընդդիմադիրների՝ կրթության ոլորտում արվող բարեփոխումները քննադատելուն անդրադարձավ․«Ո՞նց կարող է 30 տարվա, 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինի։ Բա որ խոսում ենք ուսուցիչների ատեստավորման ծրագրի մասին, ասում ենք, որ մենք պետք է երաշխիք ունենանք, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակ ունի, որովհետև մենք չենք կարող մեր երեխաների ապագան վստահել առանց լրացուցիչ ստուգումների: Բա էդ ո՞վ էր մեզ քննադատությունների տարափ անում, թե՝ դուք մեր ուսուցիչների բանն եք կասկածի տակ առնում»,-ասաց Փաշինյանը, նշելով, թե այս համատեքստում ուսուցիչներին չի մեղադրում։
«30 տարվա մեջ ոչ մեկ ուսուցչին չի ասել, որ գիտե՞ք ինչ, դուք պետք է, հարգելի սիրելի հարազատ ուսուցիչներ, դուք պետք է ձեր հմտությունների վրա աշխատեք»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բոլորը խմել են կենացներ, փառաբանել, մեծարել ուսուցիչնեչրին, որովհետև այդ ուսուցիչները իրենց պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար․«Բա ի՞նչ եք ուզում, բա այդ որ ասում ենք կրթվելը նորաձև է, պետք է կրթվել, այդ ո՞վ էր հարձակվում մեր վրա, ասում էին՝ այս ազգին անկիրթի տեղ են դրել և այլն»։
Ըստ վարչապետի, կառավարությունն արդեն 200 միլիարդ դրամ է ծախսել կրթության ոլորտի վրա։
«Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ բոլորս կրթվելու կարիք ունենք, բա այդ ո՞վ է մեզ ծաղրում, ասում է՝ դուք զրո դասարանցի եք։ Հա, դուք եք տենց ակադեմիկոսներ, դրա համար էլ ամեն մեկդ ակադեմիկոս միլիարդատեր եք։ Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների չգիտեմ դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ լինի գրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում։ Այսինքն, ձեզ թվում է, թե այդ ամենն այդպես անհետևանք է անցնելո՞ւ»,-ասաց վարչապետը։ Ապա զարմացավ, թե «այս ինչ աղմուկ-աղաղակ է բարձրացել» միջազգային վերջին հետազոտության արդյունքների մասին, ըստ որի գնահատվել է աշակերտների գրագիտությունը։
Նշեց, որ «գրագիտության պակասը ամեն օր տեսնում ենք, տեսնում ենք բրիֆինգներում, ամեն տեղ, այո մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք իմանալու, թե ինչ է պետությունը, ինչ է հասարակությունը, ինչ է միջազգային հարաբերությունները, ինչ է տնտեսությունը, մշակույթը»։
«Դաշնակցականները, Հանրապետականները, որ տասնյակ տարիներով դպրոցները սարքել են ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը: Մինչև այսօր մեր դպրոցներում տնօրեններ և ուսուցիչներ կան, որ այնպիսի գաղափարներ են դասավանդում, տգիտություն են դասավանդում դպրոցներում»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, որ ընտրություններից հետո նախարարի առաջ խնդիր է դրել․«Ասել եմ՝ այդ ամբողջ մասային պետք դուրս հանել դպրոցից, ինփ չեն հետաքրքրում բացատրությունները։ Այդ տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից, իսկ որ տասնյակ են նրանք, մեղմ եմ արտահայտվում»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց՝ PISA 2025 հետազոտության մասնակցությունը եղել է կառավարության որոշումը, հետազոտությանը մասնակցել են մեր 295 դպրոցների շուրջ 7000 աշակերտներ, 15 տարեկան․«Այն երեխաները, որոնք այդ հետազոտությանը մասնակցել են, իրենք 10 տարի սովորել են հին չափորոշչով, որովհետև 25 թվականի մարտից մայիս ամիսներին, երբ որ նրանց այս հարցերը տրվել են, իրենք ընդամենը հինգ ամիս է, որ նոր չափորոշիչը ուսումնասիրելու հնարավորություն են ստացել: Այս հետազոտությունը ցույց է տալիս մեր ունեցած գիտելիքը կյանքի տարբեր իրավիճակներում կիրառելու հմտությունը: Կարծում եմ ոչ մեկիս համար պիտի նորություն չլինի, որ այդտեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք, որովհետև տարիներով մեր դպրոցը անգիրի վրա է հիմնված եղել և կիրառականությունը բնական գիտություններից ինչպե՞ս պիտի բարձր լիներ»: Նախարարը նշեց, որ ուսուցիչների պակասի լրջագույն խնդիր կա, իհարկե, 2023 թվականի համեմատ կիսովչափ կրճատվել է ուսուցիչների պակասը:
«Մենք բոլոր ուղղություններով աշխատանքները, որ իրականացնում ենք, վստահ եմ, թույլ են տալու, որ մենք հաջորդ շրջափուլին, որը 29 թվականն է, այլ արդյունքներ տեսնենք մեր դպրոցներում։ Բայց նաև շատ կարևոր է, որ եղած խնդիրներն էլ ճիշտ ախտորոշվեն և մենք մեր հետագա քայլերում, եթե կարիք կա ինչ-որ բան փոխելու, լավարկելու, դրա ուղղությամբ էլ ուշադիր լինենք»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ PISA 2025 միջազզգային հետազոտության https://regionstv.am/43266.html արդյունքներով՝ հայաստանցի 15 տարեկան աշակերտները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից: Ըստ հետազոտության՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում։Գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Հայաստանն այս ցուցանիշներով տարածաշրջանում վերջին հորիզոնականում է՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
