«Եթե կա հնարավորություն գազը բերել 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղից, մենք գնալու ենք այդ ճանապարհով»․Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին
«Հայաստանում գազը էժան չի։ Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի այն ակնարկին, որ «ԵԱՏՄ-ից դուրս կամ կասեցված կարգավիճակով Հայաստանի համար ռուսական գազի գինը կարող է վերանայվել ու թանկանալ»։
Փաշինյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում:
«Մենք ասել ենք՝ այդպիսի ոլորտ չկա, որ մենք չենք գնալու դիվերսիֆիկա: Մեր քաղաքական որոշումն է՝ մենք մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք։ Մնացածը ընթացիկ հարցեր են և կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ»,-ասաց Փաշինյանը։
Նա հավելեց․«Եթե թանկացնելու իրավիճակ լինի, մենք էլ կնայենք ինչ կարող ենք թանկացնել կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանա։ Այնպես որ մենք նորմալ ենք վերաբերվում, հանգիստ աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել։ Էլ չեմ ասում, որ այո, մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից, թանկանա, չթանկանա, ինչ էլ լինի, մենք դիվերսիֆիկացնելու ենք։ Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից բերել գազ կամ երկրորդ տեղից բերել ավելի շատ, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերել, գնալու ենք այդ ճանապարհով, եթե հնարավորություն կա չորրորդ տեղից բերել, մենք այդ ճանապարհով էլ ենք գնալու: Եթե հնարավորություն կա, որ TRIPP-ով գազամուղ անցնի Հայաստանով, և որ մենք նաև տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ»:
Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարությունը պատկերացնում է իր անելիքը բոլոր սցենարներում:
