«Իմ սիրելի գործընկերը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել»․ Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին | Region

«Իմ սիրելի գործընկերը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել»․ Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին

Սեպտեմբեր 11,2026 14:35

Կառավարության նիստից  հետո հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Նա նշել է, որ Սարգսյանին վաղուց է ճանաչում, երեխա ժամանակվանից․ «Բայց նաև պետք է ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ ամենաազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ի հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, այդ բացահայտումները հիմա օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված, քրեական գործեր կան հարուցված»։

Փաշինյանի խոսքով՝ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել․ «Եվ պարզվել է՝ նա կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ։ Լարվել են այն պատճառով, որ պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով որպես արտոնյալ ՀՀ-ում շրջել է, իր օգնականը վարորդական իրավունք չի ունեցել, շրջել է։ Եվ երբ ոստիկանսությունը տասնյակ անգամ դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անունը շահարկելով, այդ փաստերը չեն արձանագրվել։ այդ  փաստերը չարձանագրելու համար քրեական գործ է հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել ն պաշտոնանկություններ։ Հարաբերությունները լարվել են, որովհետև մի կողմից օրենսդրական նախագծեր են քննարկել, մյուս կողմից զանգել են այդ ոլորտի մարդկանց, թե բա եկեք բանակցենք, տեսնենք, թե ինչ կարող են անել։ Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել դրանց զարգացումը։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում»։

Փաշինյանն ասաց, որ Սարգսյանը բնապահպանության ոլորտում իբր բացահայտումներ է արել․«Բայց այդ հայտարարություն անողն ինքն է Սևանի ափին, ապօրինի գործունեություն ծավալել»։

 

Նորություններ