Կյանքից հեռացել է լեգենդար Արարատ-73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը | Region

Կյանքից հեռացել է լեգենդար Արարատ-73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Սեպտեմբեր 15,2026 12:51

78 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Սերգեյ Պողոսյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Սերգեյ Պողոսյանը երևանյան ակումբի գույները պաշտպանել է 1970-ից 1975 թվականներին՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 99 հանդիպման և դառնալով 6 գոլի հեղինակ։ Նրա կարիերայի գագաթնակետը 1973 թվականն էր, երբ «Արարատի» կազմում նա կերտեց հայկական ֆուտբոլի պատմական հաղթանակները՝ նվաճելով Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսն ու գավաթը։

Մարզական կարիերան ավարտելուց հետո Պողոսյանն աչքի է ընկել նաև մասնագիտական այլ ոլորտում։ Ավարտելով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ նա երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում։ Սերգեյ Պողոսյանը հասել է մինչև ՀՀ զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ունենալով արդարադատության գնդապետի կոչում։

Նա շարունակել է իր նպաստը բերել ֆուտբոլին նաև խաղադաշտից դուրս. 2007 թվականին Պողոսյանը հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։

2013 թվականի հոկտեմբերին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, լեգենդար ֆուտբոլիստը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցություններն է հայտնել Սերգեյ Պողոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Նորություններ