«Գյումրու ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել ընդամենը 20 րոպե, եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի»․ Սարիկ Մինասյան
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հայտարարության վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը Առուշանյանի՝ «Իվաններ» արտահայտությունը որակել է որպես նացիստական։
«Մեջբերում է արել, կոնկրետ ռուս ազգին չի ուղղված։ Հիմա կարող է Իվան չասեր, Ռաշիդ ասեր։ Ռուս ազգը մեզ բարեկամ ազգ է»,-այսպես է արձագանքել Մինասյանը։
Հարցին՝ եթե բարեկամական ազգ է, ապա ինչո՞ւ է իշխանությունը ընդդիմությանը վիրավորելու համար պարբերաբար նշում «Նիժնիյ Տապր», ասում եք՝ ռուսների ագետներն են․«Հարցերն ուղղեք պարոն Առուշանյանին։ Ես մեր թիմի որևէ անդամի կողմից չեմ նկատել, որ թշնամական վերաբերմունք ունենան ՌԴ-ի կամ ռուս ազգի նկատմամբ։ Դա քաղաքական է, կարծում եմ՝ կհարթվի»։
Ինչ վերաբերում է «Կրեմլի ագենտ» արտահայտությանը, Մինասյանն ասաց, որ դա շրջանառվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ-ի հետ կապ ունի։
«Որպես գյումրեցի՝ կարծում եմ՝ Դավիթ Առուշանյանը հումորով ինչ-որ բան է նկատի ունեցել, այդպես համեմատություն է արել, հա՞։ Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի՝ կվիրավորվեի, կպահանջեի, որ ավելի բարձր մակարդակով արձագանքեն, որովհետև Վարդան Ղուկասյանի մասին խոսում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, անվտանգության խորհրդի քարտուղար Մեդվեդևը, իսկ մեր մարզպետի խոսքին արձագանքել է դաշնային խորհրդի նախագահը․ ավելի ցածր մակարդակ է, քան արտգործնախարարը»,-ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած տոնական համերգի առիթով ֆեյսբուքյան գրառում էր արել․ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»․․․»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք որպես գյումրեցի համաձայն է, որ Գյումրու ռուսական 102-րդ բազան պետք է դուրս հանել, ինչին Սարիկ Մինասյանը պատասխանեց․«Ես չեմ որոշողը։ Գյումրու ռուսական 102-րդ բազան Գյումրիում անվտանգային որևէ խնդիր չի լուծում։ Տնտեսական ինչ-որ առումով աշխուժություն քաղաքում մտցնում է, բայց այստեղ մեկ հարց կա նաև՝ 102-րդ ռազմաբազայի սպայական կազմը, ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմը, օրենքով սահմանված կարգով ազատված է գույքահարկից։ Նրանք ունեն տրանսպորտային միջոցներ, գույքահարկ չեն վճարում, ազատված են, ինչպես հավասարեցված է ՀՀ զինված ուժերի սպայական կազմերի իրավունքի հետ։ Եթե անգամ այդ ինչ-որ չափով տնտեսական աշխուժություն կարող է մտցնել Գյումրու առօրյայում, նույն կերպ իրենք այդ գույքահարկը չեն վճարում, և եթե հաշվի առնենք, որ այս 102-րդ բազան Ռուսաստանի Դաշնությունը կամ Դաշնության նախագահը որոշի, որ պետք է դուրս գա, մեկը մյուսին կբալանսավորի, խնդիր չեմ տեսնում։ Ես, որքան փորձել եմ հետաքրքրվել և ուսումնասիրել 102-րդ ռազմաբազան, Աստված չանի, եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի, ընդամենը կարող է դիմակայել 20 րոպե»։
