«Քաղաքական պատվեր է». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները խուզարկությունների մասին | Region

«Քաղաքական պատվեր է». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները խուզարկությունների մասին

Նոյեմբեր 04,2026 11:58

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները պնդում են, որ Կարապետյանների բնակարաններում ու նրանց հետ փոխկապակցված հասցներում այսօր վաղ առավոտից սկսված  խուզարկությունները քաղաքական պատվեր են։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդել է, որ խուզարկությունները «քաղաքական պատվեր են» և չի բացառել, որ դրանք կապված են նոր Սահմանադրության նախագծի շուրջ իրենց դիրքորոշման հետ։

«Սպասելի էին համանման գործողությունները, երևի թե այն հատուկ առաջարկներից, որ խոսում էին, այդ առաջարկների փաթեթի մեջ է սա։ Իրավաբանություն մի փնտրեք, քաղաքական պատվեր է, այստեղ իրավաբանություն չկա», -ասել է Վարդևանյանը։

Նույն խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է․« Հետևելով վերջին օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կարելի է ասել, որ խոսքը Փաշինյանի՝ ընդդիմությանը խոստացած առաջարկի մասին է։ Այսօր փաստացի տեսնում ենք այդ առաջարկի դրսևորումները։ Հայաստանի հանրապետությունում  Ալիևի սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք ասելու ենք՝ ոչ Ալիևի սահմանադրությանը։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, չէ՞, որ առաջարկով է հանդես գալու։ Դրա դրսևորումները հիմա տեսնում ենք»։

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման հարցով ընդդիմությանը այնպիսի առաջարկ կարվի, որից չենկարողանա հրաժարվել։ Փաշինյանը նաև  ասել է, որ «կա հնարավորություն թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնելու, որ ընդդիմությունը ստիպված կլինի հանրային ճնշման ներքո, իհարկե իր քաղաքական դիրքորոշման արձանագրմամբ կողմ քվեարկել նախագծին և իր քվեարկությամբ կաջակցի նախագիծը հանրաքվեի դնելուն»։

Նորություններ