Շաքի մտած ադրբեջանցին ժամերով երեխաներին չի վնասել, սպանելու դիտավորություն չի ունեցել․Արթուր Պողոսյան
Շաքի մտած ադրբեջանցին ժամերով երեխաներին չի վնասել, ասում է՝ մառախուղի պատճառով է մոլորվել, նա սպանելու դիտավորություն չի ունեցել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ադրբեջանցին հարցաքննվել է, ցուցմունք է տվել։ Պողոսյանը մանրամասներ չի հայտնել՝ նախաքննական գաղտնիքի պահպանման համար։
Նա նշել, է, որ առաջիկա օրերին այս դեպքով ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու։
Դիտարկմանը, թե կարծես պաշտպանում է ադրբեջանցի զինծառայողին, Պողոսյանն ասել է․«Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք։ Այն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, ապակին կոտրում է, սոված է լինում, մտնում է էդտեղ, ճաշ է սարքում, փոխվում է։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով այդ երեխաներին նստեցնում է, չի վնասում»։
Նա նշել է, թե ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել՝ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, գողացել է նաև քարտեր և դրամ, և ապօրինի սահմանահատում»։
