«Նախնական գնահատականով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել»․ նախարարը Ուշիի ողբերգական վթարի մասին | Region

«Նախնական գնահատականով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել»․ նախարարը Ուշիի ողբերգական վթարի մասին

Նոյեմբեր 04,2026 14:27

Մեզ համար ցանկացած դեպք, անկախ նրանից, թե մենք ինչ վիճակագրական պատկեր կունենանք, ողբերգական է, և մենք բոլորս պետք է հետևություններ անենք։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով Ուշիի ողբերգական ավտովթարին, որի հետևանքով   9 մարդ է մահացել։

Նախարարի պարզաբանմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի մանրամասները կքննարկվեն ու կպարզվի իրական պատճառը։

«Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել, որովհետև ճանապարհին արգելակման մասին վկայող առերևույթ հետքեր չկան, բայց նորից եմ ուզում շեշտել՝ սա նախնական է: Խնդրում եմ որևէ մեկդ այս հիմնավորմամբ չմեկնաբանել դեպքը, որովհետև վարույթով պետք է հստակ հասկանանք պատճառները»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ այստեղ անելիք ունենք բոլորս, այսինքն՝ թե պարեկային ծառայության վերահսկողությունը պետք է շարունակվի ուժեղացված պահել, թե ճանապարհներին ճանապարհային անվտանգության բաղադրիչներով՝ կահավորանք։

Անդրադառնալով սոցիալական ցանցում տարածված մեկնաբանություններին, թե ճանապարհները պատշաճ կահավորված չեն, լուսավորություն չկա, նախարարն ասել է․ «Պարեկային ծառայության վերահսկողությունը պիտի շարունակենք ուժեղացված պահել ճանապարհներին։ Ճանապարհային անվտանգության բաղադրիչներով կահավորանք, տեխնիկական զնման թեման գիտեք, որ մեր ամենախոցելի թեմաներից է, որովհետև շատ հաճախ այս զննության պատշաճ մակարդակով չիրականացման կամ այդ ցիկլային տարբերակով արանքում որևէ խնդիր հայտնաբերելու պայմաններում, մեքենան չսարքավորելու պայմաններում, այսինքն չվերանորոգելու պայմաններում նմանատիպ իրավիճակներ կարող են առաջ գալ։ Եվ վերջում, իհարկե, վարորդների վարքագիծը կա, որովհետև նաև շատ հաճախ այս պրիզմայով ենք խնդիրներ ունենում, սա է պատճառը, որ մենք օրենսդրական նախաձեռնություն ունենք, որ մինչև վարորդական քննությանը մասնակցելը պարտադիր լինի կրթական պրոցեսը: Ինչու՞, որովհետև, ցավոք, անվտանգային վարման մշակույթ Հայաստանի Հանրապետությունում չունենք, բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար։ Իհարկե, պարեկային ծառայությունը մեծ դեր ունի էս ամբողջ պրոցեսում, որպեսզի կարողանանք խախտումներն արձանագրել»:

Նախարարի խոսքով՝ ՆԳՆ-ն պարբերաբար տարբեր փաստեր է հրապարակում, ըստ որի՝ էական աճել է պարեկային ծառայության վարչարարությունը․« Բայց ես ոչ թե սա դրական ազդակ եմ համարում, այլ բացասական ազդակ եմ համարում միևնույն ժամանակ, որովհետև մեր խնդիրը չէ տուգանելը և պարծենալը, օրինակ, որ մենք ավելի շատ ենք վարչարարություն արել, մեր խնդիրն է արձանագրել, որ վարորդները փոխել են իրենց վարքագիծը սրա արդյունքում և սա է պատճառը, որ նաև որոշակի խստացումներ ենք նախատեսում, որովհետև տեսնում ենք, որ առկա տուգանքների բալային միավորների համակարգը շատ հաճախ զսպող դեր այդուհանդերձ չի կատարում և կարիք ունենք ավելի խիստ մոտեցումների»։

Նախարարը վստահեցրեց, որ ճանապարհատրանսպորտային դեպքերով զոհերի ու վիրավորբերի թվի նվազում է արձանագրվել, սակայն խոշոր ավտովթարներ են եղել, ինչից տպավորություն է, թե դեպքերն աճել են․«Բովանդակային առումով վարելու մշակույթի փոփոխության խնդիր ունենք։ Դեպքերի հիմնական պատճառները երթևեկության անվտանգային կանոնները խախտելն է»։

Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ  Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Տիրուն Մարգարյան

Նորություններ