Ինչո՞ւ են եվրաչինովնիկներն աչք փակում, երբ տեսնում են Հայաստանի սահուն գահավիժումը
Սերժ Սարգսյանը մարտի 19-ին Բաղրամյան 26-ից գրավոր հաղորդում տվեց, որ սահմանադրական փոփոխություններին ընդառաջ ինքն ընդամենը աճպարարություն է արել՝ հայտարարելով, որ չի հավակնում նախագահի ու վարչապետի պաշտոնին, բայց դա այնքան էլ չի նշանակում, որ չի հավակնելու առհասարակ: Պարզ ասած, 10 տարի առաջ զավթած ամրոցը հիմա ամենևին էլ չի պատրաստվում լքել:
Մարտի 20-ին՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ժամեր անց, 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանը:
Ուշագրավ զուգադիպությամբ ճիշտ նույն օրը՝ մարտի 20-ին, ԵՄ-ն չորս նոր ծրագրի մեկնարկի մասին հայտարարեց: Այս անգամ «թիրախում» երիտասարդներն են:
Մարտի 19-ին և 20-ին տեղի ունեցածն իբրև թե բարեփոխումների ուղին բռնած եվրաինտեգրված իշխանությունների «համարժեք» պատասխանն էր Եվրոպային՝ ավտորիտարիզմի խորացման և խեղված դատական համակարգի տեսքով: Հակաժողովրդավարական պրոցեսներին զուգահեռ, սակայն, ԵՄ դեսպանը հանդես է գալիս ըստ էության ոչինչ չասող, իրականությունից կտրված «անշառ» հայտարարությամբ՝ ազդարարելով հերթական ծրագրի մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում սկսում ենք այս խոշոր նախաձեռնությունը և կարևոր աջակցություն ենք ցուցաբերում երիտասարդական միություններին լրացուցիչ վերապատրաստման և մենթորության, ինչպես նաև նոր աշխատատեղերի և գործարար հնարավորությունների միջոցով»:
Ներքաղաքական լրջագույն զարգացումների շրջանում Սվիտալսկու մատնանշած հիմնական «ուղերձը» Եվրոպայի հերթական «խոշոր աջակցությունն» է… Այսքանը:
Մինչդեռ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ սպասելի էր, որ ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, այնպես էլ մեր երկիր այցելած եվրոպացի չինովնիկներից Լոուրենս Մերեդիթը, բացի երիտասարդությանը փողով գայթակղելու քայլից, անհամեմատ ավելի արժեքավոր ասելիք պետք է ունենային նրան՝ որպես հասարակության առաջադեմ և շարժիչ ուժ, առավել ևս հիմա: Հատկացվող աջակցությունն ինչպե՞ս անել, որ ծառայի նպատակին՝ քաղաքացիական ուժեղ հասարակություն կայացնելու, հասարակական կյանքում խթան հանդիսացող պահանջատեր քաղաքացի դաստիարակելու առումով…
Չհնչեց ոչ մի խոսք նաև մսխված միջոցների մասին, որոնք ոչ միայն չեն նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, այլև ճիշտ հակառակը. «աճպարարները» քաղաքացու գրպանից թռցրել են նրան պատկանող իշխանությունը և բանտարկել քաղաքացու անձնական ազատությունները:
Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք, որ քննադատական, ճշգրիտ թիրախավորված խոսքի դեֆիցիտ է նկատվում ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին շրջանի գործունեության մեջ: Ինչո՞ւ է եվրոպացի պաշտոնյան վախենում իրերն իրենց անուններով կոչելուց:
Ընտրություններից հետո, երբ Հայաստանի առաջ կար դրված առաջադրանք՝ ստորագրել Եվրոպայի հետ համաձայնագիր, Սվիտալսկին այս աստիճան բծախնդրորեն չէր գրաքննում իր ասելիքը և չէր վախենում բացահայտ քննադատել գործող իշխանություններին, խոսել բարոյական ճգնաժամի մասին:
Բացի փաստաթղթի ստորագրումից, մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գուցե այդպես էլ անհասկանալի մնա, թե էլ ինչ գործոններ իրենց հետքը թողեցին Պյոտր Սվիտալսկիի վրա, երբ նա ի դեմս Սերժ Սարգսյանի վարչախմբի գտավ «գաղափարակից» ընկերոջ: Այդուհետ նա սկսեց աչք փակել տեղի ունեցող հակաժողովրդավարական պրոցեսների վրա:
Պյոտր Սվիտալսկին, այսպիսով, իր իսկ կողմից մատնանշված բարոյական ճգնաժամի մեջ ներքաշեց ոչ միայն իրեն, այլև եվրոպական արժեհամակարգն ամբողջությամբ:
Բացակա կեցվածքի պատճառը գուցե նաև այն է, որ լեհ դիվանագետը գիտակցում է, որ սին են եղել հռչակած «բարեփոխումները», եվրաչինովնիկների կողմից հայտարարված «մեկ քայլ առաջ»-ները, որովհետև իրականում տեսնում են երկրի սահուն գահավիժումը և լռում: Որովհետև խայծ է եղել եվրոպական արժեհամակարգ ասվածը, պատրանք, որով գայթակղել և շարունակում են գայթակղել՝ բացառապես շահադիտական նկատառումներ ունենալով:
Գիտակցում են, որ հերթական «խոշոր նախաձեռնությունը» կարժանանա նախորդների ճակատագրին, որովհետև եվրոպացի հարկատուների միջոցները զուր են վատնվում: Դրանք չեն կարող բարիք ստեղծել մի երկրում, որտեղ իշխանությունները չունեն քաղաքական կամք՝ նպատակային օգտագործել դրանք: Միլիոնավոր եվրոներ ջուրն են լցվում ճիշտ նույն պահին, երբ Մոսկվայից հերթական հրահանգն է հնչում: Արդյունքում՝ հերթեր ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրությունների համար բացված տեղամասերի դիմաց և 90% քվե Պուտինի օգտին:
Ինչևէ, շուտով ԵՄ պատվիրակության ղեկավարը կավարտի իր առաքելությունը Հայաստանում: Ոչինչ, որ ճգնաժամը խորացել է, կարևորն այն է, որ պաշտոնական Բրյուսելը գնահատի իր վաստակը և պաշտոնի բարձրացում տա:
Հեշտ չի եղել Եվրոպային մաս կազմելու խոստումների շղարշի տակ խորացնել ճգնաժամը՝ փոշիացնելով ոչ միայն եվրոպացի հարկատուների փողերը, այլ նաև հայ հասարակության առողջ կորիզի, նույն այդ երիտասարդության վստահությունը եվրոպական քաղաքակրթության հանդեպ:
Արմենուհի Վարդանյան