ՀՀ-ում մարդիկ ավելի շատ վստահում են եկեղեցուն, քան վարչապետին ու քաղաքական կուսակցություններին․հարցում

Առավոտից մի շարք ՔՊ-ականներ, Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը հոգևորականների հասցեին անպարկեշտ, սկանդալային գրառումներ են անում։ Այս համատեսքտում ուշագրավ է սոցիոլոգիական հարցումների արդյունքները՝ եկեղեցու ու վարչապետի հանդեպ վստահության մասին։
Ըստ Կովկասյան բարոմետրի հարցումների՝ Հայաստանում կրոնական հաստատություններն ի տարբերություն այլ ինստիտուտների, հանրության շրջանում առավել մեծ վստահություն ունեն։
Կովկասյան բարոմետրը հրապարակել է 2024 թվականի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ը իրականացրած հարցումների արդյունքները։ Հարցումներն իրականացվել են Երևանում և ՀՀ 10 մարզերի գյուղական և քաղաքային բնակավայրերի 1561 չափահաս քաղաքացիների շրջանում։
Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 79,4%-ը վստահում է իր դավանած կրոնի հաստատությանը։ 2021 թվականի հարցման համաձայն այս ցուցանիշը կազմել 34%։
Ընդ որում, 2024-ին հարցվածների 79%-ը նշել է, որ դավանում է Հայ Առաքելական եկեղեցուն, 1%-ը՝Ավետարանչական, Հոգեգալստական, Կյանքի խոսք և այլն, 18%-ը նշել է՝ «ոչ մի», 2%-ը նշել է «այլ»։
2021-ին հարցվածների 80% է նշել, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, 3%-ը՝ Այլ քրիստոնեական եկեղեցի կամ դավանանք (Եհովայի վկաներ, Մորմոն և այլն), 14%-ը նշել է՝ «ոչ մի», 1%-ը՝ ուղղափառ, 1%-ը նշել է՝ «այլ»։
Հաջորդը՝ վստահության «չափաբաժնով» բանակն է` 74.1%։ Սակայն 2024-ի հարցման արդյունքներով՝ բանակի նկատմամբ հասարակության վստահությունը նվազել է համեմատած 2021 թվականի արդյունքների հետ, 2021-ին բանակին վստահում էր 82%-ը։
Գործադիր իշխանությանը՝ վարչապետին ու նախարարներին վստահում է 27.8%, չի վստահում 53.6%-ը։ 2021-ին վարչապետն ընդամենը 12% վստահություն ուներ։
Առողջապահական համակարգին վստահում է 46%-ը, իսկ 2021-ին այս ցուցանիշը կազմում էր 41%։
2021-ին, հարցման արդյունքներով, ամենամեծ վստահությունը վայելում էր ՄԻՊ-ը՝ 81%, վերջին տարիներին ՄԻՊ-ի հանդեպ վստահությունը նվազել է, նախորդ տարվա հարցման արդյունքների համաձայն ՄԻՊ-ին վստահում է 32.7%-ը։
Ուշագրավ է, որ 2021-ի համեմատ Եվրամիության նկատմամբ վստահությունը նույնպես նվազել է։ 2021-ին Եվրամիությանը վստահել է հարցվածների 53%-ը, 2024-ին՝ 29.5%-ը։
Մարդիկ ոստիկանությանն ու բանկերին ավելի շատ են վստահում, քան քաղաքական կուսակցություններին։ 2024-ի տվյալներով՝ ոստիկանությանը վստահում է 40.5%-ը, բանկերին՝40.9%-ը, 2021-ին ոստիկանության վստահությունը 19% էր, բանկերինը՝ 36%:
Իսկ ահա քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունն ամենացածրն է, նախորդ տարի այն կազմել է 9.9%, 2021-ին՝ 40%:
Հետաքրքիր է, թե ինչ պատկեր կլինի հաջորդ հարցման ժամանակ՝ ՔՊ-ականների ու Փաշինյանի հոգևորականների ու եկեղեցու դեմ արշավից հետո։
Նիկոլ Մարգարյան