Սկզբում 500 դոլար են կորցնում, հետո՝ 1300, վերջում՝ 192000․կիբերխարդախության զոհերը բողոքի ցույց են անում, իրավապահներից պահանջում են իրենց տուժող ճանաչել ու քրգործ հարուցել
8 միլիոն դրամ վարկ ստանալու համար Ազնիվ Գրիգորյանը 2,5 միլիոն դրամի վճարումներ է կատարել, սակայն վարկն այդպես էլ չի ստացել, հետո պարզվել է, որ նա կիբեր խարդախության զոհ է դարձել։ Այսօր կիբերհանցագործության զոհ դարձած մոտ երեսուն քաղաքացի, որոնք հսկայական գումարներ են կորցրել, գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց էին անում։
Ազնիվ Գրիգորյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես է խաբեության զոհ դարձել, ասաց, որ համացանցով իրեն առաջարկել էին 0,3%-ով վարկ։ Ինքն էլ մտածել է՝ ցածր տոկոսով վերցնի, բարձր տոկոսով վարկերը մարի։

Ազնիվ Գրիգորյան
«Սկզբում ինձ ասացին՝ 150 դոլար վճարի, որ վարկը ձևակերպենք ու տանք, հետո ասացին 800 դոլար վճարի, հետո՝ 1000: Մի խոսքով՝ 5000 դոլարի մուծումներ արեցի, բայց էդ վարկը ոչ ստացա, ոչ էլ։ Դե հավատացել էի․․»,-պատմեց Ազնիվ Գրիգորյանը։
Ասաց, որ խաբեբաներն այնպես էին խոսում, որ կասկածներ չէին առաջացնում․«Թղթեր էին ուղարկում, ասում՝ տպեք, ստորագրեք, հետ ուղարկեք։ Ուրիշ լեզվով էր, շատ բան չէի հասկանում, բայց ստորագրեցի։ Մուծումների կտորններն էինք ուղարկում, էդ ամենը՝ օնլայն։ Վերջում ասացին՝ քսան րոպեից կլինի վարկը, ու կորան, ջնջվեցին ֆեյսբուքից»։
Տիկին Գրիգորյանը երբ հասկացել է, որ խարդախության զոհ է դարձել, դիմել է ԱԱԾ, սակայն, ինչպես ինքն ասաց՝ ԱԱԾ-ն մի «տարի տարել-բերել է», բայց գործը չի էլ բացահայտվել․«ԱԱԾ-ից խոստացան, որ հարցը կլուծվի, վերջում ասեցին՝ գնացեք ոստիկանություն, թող քրգործ հարուցեն։ Դիմեցի ոստիկանություն, քրգործ հարուցեցին, մի տարի էլ էդտեղ տարան-բերին, հետո ասացին՝ չենք կարում գտնենք։ Էդ վարկի իբր ձևակեչպման ժամանակ մի աղջիկ կար, Կիրովականից էր, նա ինձ ասաց՝ հա, ես ստացել եմ 20 հազար դոլար վարկ, ճիշտ է, տիկին ազնիվ, չեն խաբում։ Իրավապահները նրան էլ կանչեցին, խոսացին, բայց․․․»։
Դատախազության շենքի մոտ էր նաև տիկին Ռիտան, թոշակառու է, նա էլ կիբերհանցագործության զոհ է դարձել։ Լրագրողներին տիկին Ռիտան պատմեց, որ երկու տարի առաջ համացանցում գովազդ է տեսել, իբր թե «Գազպրոմ Արմենիան» թոշակառուների համար, որպես Նոր տարվա նվեր, խաղարկություն է կազմակերպում։
Հիշեցնենք, որ զեղծարարները «Գազպրոմ Արմենիան»-ի անունն ապօրինաբար օգտագործելով, տարբեր տեսակի խարդախությունների էին դիմում, օրինակ՝ առաջարկում էին փոքր ներդրումներ անել ընկերությունում ու ստանալ մեծ եկամուտներ։
Տիկին Ռիտան պատմեց, որ մասնակցել է այսպես ասած՝ կեղծ «Գազպրոմ Արմենիայի» կազմակերպած խաղարկությանը․«Սկզբում 50 հազար ուղարկեցի, ասացին՝ մինիմումը 500 դոլար պիտի լինի։ Ուղարկեցի, անցավ ժամանակ, զանգեցին, ասացին՝ 1300 դոլար է դարձել ձեր գումարը, էսքան գումար տվեք, որ գումարը հետ տանք։ Տվեցի, հետո նորից ասացին, որ գումար պետք է տամ։ Վերջում այնքան գումար դարձավ, չտվեցի: Որոշ ժամանակ հետո մի ուրիշ կազմակերպությունից կապնվեցին, ասացին՝ էսքան գումար տվեք օգնենք ձեր գումարը վերադարձնեն։ Մի խոսքով՝ էդ ժամանակ ասացին՝ միացրեք ձեր բանկի հավելվածը, որ տեսնենք որտեղ ուղարկենք ձեր գումարը։ Հաշվեհամարիս 19 միլիոն դրամ կար, ասացին, գումարը կնստացնենք քո էլեկտրոնային դրամապանակին։ Մտքով չի անցել, որ խարդախություն է։ հավելվածը բացեցի․․․ գումարն արդեն 192 հազար դոլար է դարձել, ամեն ինչ վաճառել եմ, որ տամ, իմ գումարը հետ վերադարձնեն, բանկերում վարկեր ունեմ, հիմա էլ ֆրանսիական մի կազմակերպությունից իրավաբան է խոստացել, որ կօգնի»։
Տիկին Ռիտան ասաց, որ բոլոր տվյալները՝ հեռախոսահամարներ, կոդեր՝ որտեղ որքան է փոխանցել, ամբողջը տրամադրել է իրավապահներին, սակայն խարդախությունը չեն կարողանում բացահայտել․«Ոչինչ չեն անում»։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահները հանցավոր անգործության են մատնված, ոչինչ չեն անում կիբերհանցագործներին բացահայտելու ուղությամբ։ Իր հաշվարկով մոտ 17 հազար քաղաքացի է տուժել նման հանցագործություններից։ Տվյալներն էլ իրեն դիմած քաղաքացիների պատմածների հիման վրա է հաշվարկել․«Վերջերս հellobit-ն է ակտիվացել։ Քաղաքացիներն ասում են, որ երբ իրենք կապի մեջ են եղել, ցույց է տվել որ հարթակում այս պահին օնլայն 18-19 հազար հոգի կա, ու քանի որ քսանից մեկն է եկամուտով դուրս եկել, ներդրում արել, եկմուտ ստացել, ապա կոպիտ հաշվարկով 17 հազարը տուժած դուրս կգան»։
Նա ասաց, որ իրենց ՀԿ-ին դիմած քաղաքացիների մեծ մասը հենց հellobit-ի զոհն են դարձել, թեև դրա նման այլ հարթակներ էլ կան։
Նա պատմեց, որ երբ քաղաքացիները առցանց հարթակներով փորձում են տարադրամ փոխանակել, իրենց զանգերի կենտրոնի միջոցով նույն խարդախները զանգում են քաղաքացիներին առաջարկելով ավելի բարձր կուրսով փոխանակել․«Ու մարդիկ ծուղակում են հայտնվում»։
Կարագյոզյանի խոսքով՝ նրանք այսօր բողոքի ցույցով պահանջում են, որպեսզի իրավապահներն անմիջապես զբաղվեն, քրեական գործ հարուցեն ու խարդախության զոհ դարձած քաղաքացիներին տուժող ճանաչեն, ոչ թե հեգնեն․«Քաղաքացինեևը դիմում են ոստիկանություն ու ստանում անլուրջ վերաբերմունք։ Երբ նրանք պատմում են, թե ոնց են տուժել, իրավապահներն ասում են՝ բա ո՞ւր էր ձեր գլուխը, ո՞ւմ եք փոխանցել ձեր փողերը, ձեր փողերը ձեր կամքով փոխանցել եք ուրիշներին, հիմա եկել եք մեզանից ի՞նչ եք պահանջում և այլն։ Սա հանցագործությունը կոծկելու ձև է»։
