Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա սառցե շոու է ստեղծվել․ պրեմիերան՝ Ամանորին ընդառաջ
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծվել է նոր սառցե շոու, որի պրեմիերան տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 20-ին և 21-ին:
«Նոր հրաշքի նախօրեին» սառցե ներկայացումը Հայաստանի երեխաների և պատանիների նոր սերնդի համար է: Հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա գունեղ շոուի: Ալենի ստեղծած՝ բարության և ներելու հզոր ուժի մասին հեքիաթն, անշուշտ, կջերմացնի հանդիսատեսի սրտերը և կլցնի խանդավառությամբ: Ամանորյա տրամադրության անկրկնելի տեսարանը ստեղծվել է մի թիմի ջանքերով, որը շոուի մասնակից է դարձրել միայն հայաստանցի տաղանդավոր մարզիկ-գեղասահորդների և բարձրակարգ չմշկորդների:
Մանկուց մեզ ծանոթ հերոսներ ու նոր կերպարներ, բոլորի կողմից սիրված ամանորյա երաժշտություն, վարպետորեն կատարվող պարային համարներ, յուրօրինակ դեկորացիաներ և բեմական էֆեկտներ՝ այս ամենը ներառված է սառցե ներկայացման մեջ:
Այս նոր հեքիաթային արկածում Ամանորից մի քանի ժամ առաջ փերիներն ու խաղալիք-կենդանիները փորձում են իրենց բարությամբ վերադարձնել չար վհուկի կողմից խաթարված կախարդանքը։ Բոլոր հերոսների և Ձմեռ պապի համար գլխավորն ու ակնհայտն այն է, որ ոչ մի մութ ուժ ի վիճակի չէ չեղարկել, խափանել կամ ոչնչացնել Ամանորի գիշերվա դյութանքն ու գեղեցկությունը: Ոչ ոք չի կարող խոչընդոտ լինել, որ հրաշքին հավատացողը կախարդական պարահանդեսը փերիների, հրեշտակների, տոնածառի խաղալիքների, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ անցկացնի: Հրաշքները միշտ մեր շուրջն են, հատկապես՝ Ամանորի հեքիաթային գիշերը․ հեքիաթը ներկաներին սովորեցնում է՝ գլխավորն այն է, որ սրտից մշտապես ճառագեն բարությունը, ջերմությունը և ներողամտությունը։
«Որդուս՝ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հրաշալի հեքիաթը դառնում է մի լուսավոր ներկայացում, որ կջերմացնի բոլորի սրտերը: Հայ մանուկները և, ինչու ոչ, մեծերը հնարավորություն կունենան վայելելու հայկական ամանորյա գեղեցիկ հեքիաթը սառույցի վրա: Հեքիաթ, որն իր հմայքով մարդկանց հոգիները կպարուրի լույսով: Ես վստահ եմ, որ այն կսիրվի բոլորի կողմից և երկար տարիներ տարբեր սերունդներ հաճույքով կդիտեն այն, քանզի այս հեքիաթը բարության և հավատի մասին է, երբեք չհանձնվելու և նպատակասլացության մասին է, և, ի վերջո, ներողամտության ու վեհության մասին է»,-նշում է Ալենի մայրը՝ նախագծի մեկենաս Նազելի Տերտերյանը։
«Այս ներկայացումը ծնվեց մի ցանկությունից՝ Ամանորի մոգականությունը փոխանցել այնպես, որ այն դիպչի յուրաքանչյուր երեխայի հոգուն։ Ալեն Մարգարյանի պատմությունը մեզ էներգիա տվեց ստեղծելու մի իսկական սառցե աշխարհ, որտեղ բարությունը միշտ ավելի ուժեղ է, քան խավարն ու վախը։ Մենք աշխատել ենք բացառապես հայ գեղասահորդների հետ, որպեսզի բեմում երևա մեր երկրի ներուժը՝ իր ողջ փայլով ու հմայքով։ Հուսով եմ՝ այս շոուն կդառնա այն հնարավորությունը, որտեղ ընտանիքները կվերագտնեն միասին լինելու՝ պարզ, բայց անփոխարինելի ուրախությունը»,-նշում է ներկայացման պրոդյուսեր Զառա Մխեյանը։
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Էմիլ Կարատն է, պարուսույց-բեմադրիչը՝ Դմիտրի Լապշինը։ Զգեստների դիզայնը՝ Կարինե Դնոյանի։





