«Եթե Քի Վեսթն այդքան ուժեղ ծրագիր էր, իրականացնեիք։ Դուք եք Քի Վեսթից հրաժարվել։ Դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն»․ Փաշինյան
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղվող հիմնական հարցերը վերաբերում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային փաստաթղթերին, որոնց կառավարությունը հրապարակել է երեկ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ ԼՂ բանակցությունների վերաբերող փաստաթղթերում ամենազավեշտալին այն էր, որ ձեր ընտանեկան թերթում հրապարակված Լևոն Տեր–Պետրոսյանի նամակը, թե հոդվածը ներկայացրել էինք որպես բանակցային փաստաթուղթ․«Դրա փոխարեն կարող էիք հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը, ինչո՞ւ չեք հրապարակում։ Ես տեսա, որ այսօր առավոտյան ասացիք, որ այդ փաստաթուղթը չկա, անհետացել է։ Հետո տեսա Թաթուլ Հակոբյանի գրառումը, ով հայտնում էր, որ 2005–ին ԱԳՆ–ում ծանոթացել է այդ փաստաթղթին, որը բաղկացած է 20 էջից, քարտեզներից»։
Պատգամավորը հավելեց՝ 2019–ի մասով դուք այսօր առավոտյան հայտարարել եք, որ դեռ 2019–ին եք հասկացել, որ որեւէ տարբերակ չկա, և միակ տարբերակն այն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու․«Բայց նաև հայտարարել եք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Դուք 2021–ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էին՝ «անջատում հանուն փրկության», խոսում էիք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին։ Բա, եթե հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը, ՀՀ քաղաքացիներին ինչի՞ էիք խաբում»։
ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա․ի պատասխան պատգամավորի հարցի, ասաց Փաշինյանը։
«Ես մտածել եմ, թե ինչու չկա, և իմ պատասխանը մեկն է, որովհետեւ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։ Եվ դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27, և դրան նախորդած ու նախորդած իրադարձություններ։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, էդ ինչի՞ եք Լևոն Տեր–Պետրոսյանի հրապարակած թղթերին այդպես քամահրանքով վերաբերում։ Դուք չէի՞ք, որ 2020–ից հետո հավաքվել էինք և որոշում էինք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրենից պարզաբանում ուզեք, թե դա ինչ թուղթ է և որտեղից։ Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է, 100 տոկոսով»,-ասաց Փաշինյանն ու «Ազատություն» ռադիոկայանին նկատի ունենալով նշեց՝ վերջերս ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը մանրամասն, անձնական վկայություններով բերել է և ամբողջացրել է։
«Էս քանի տարի Քի Վեսթ եք ասում։ Եթե դա այդքան լավ, ուժեղ ծրագիր էր, իրականացնեիք։ Ավելին, դուք եք Քի Վեսթից հրաժարվել, գնալով 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներ առաջարկել։ Բա եթե էդքան լավ բան էր Քի Վեսթը, ինչի՞ եք հրաժարվել»,–ասաց Փաշինյանը։
Խամոյանը հայտարարեց, որ ՔԻ Վեսթի փաստաթուղթը կառավարությունը չի հրապարակում, որովհետեւ դրա բովանդակությունը ձեռնտու չէ իշխանություններին։
Փաշինյանն էլ հորդորեց Քոչարյանի թիմը հրապարակի այդ փաստաթուղթը․«Մենք կապագաղտնիացնենք, դուք հրապարակեք։ Դուք եք հրաժարվել Քի Վեսթից։ Ես վախեցել եմ, այո վախեցել եմ։ Ի՞նչն է այդտեղ տարօրինակ, որ վախեցել եմ։ Վախենայի, նոյեմբերի 9–ի փաստաթուղթը չէի ստորագրի, չէի ասի բաներ, որոնք հիմա ասում եմ։ Ես ասում եմ բաներ, որ հազար տարի հայ ժողովրդի մեջ հազարավորները իմացել են ու վախեցել են ասել, տաբու է եղել։ ես վախեցել եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում։ Էդ դուք եք, որ սուպերմեններ եք, տուռնիկի վրա կարող եք էնքան պտտվեք ու չվախենաք։ ․․․Մենք գիտե՞ք ինչից ենք վախեցել, որովհետեւ տեսել ենք այդ թակարդը, որ Հայաստանի և Սփյուռքի մի շարք գործիչներ մեզ մղում են դեպի այն թակարդը, որը Ղարաբաղի հարցի մասին չի, ՀՀ պետականության կորստի մասին է։ Մենք վախեցել ենք, որ Հայաստանի պետականությունը կորցնենք, և ճիշտ ենք արել, որ վախեցել ենք։ Դրա շնորհիվ է, որ այսօր ասում ենք, որ Հայաստանը 500-1000 տարի լինելու շանս ունի։ Մեր կառավարությունը Հայաստանի համար հազարամյակի հեռանկար է բացել»։
