«Այդ փաստաթուղթը ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն՝ բանակցութունների նախորդ շրջանում տեղի ունեցած և գեներացված բովանդակությամբ»․ Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019-ի առաջարկների մասին
«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել։ Երկրորդը՝ վերնագրի պատճառով․․․ ես այդ հատվածն ընդգծում եմ, ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է և ինչ բովանդակության։ Այդ փաստաթուղթը ձևավորվել է այն գործընթացում, երբ ինձ անհրաժեշտ է եղել, այդ թովում՝ համանախագահների ամփոփ տեղեկատվությունը, թե ինչ բովանդակություն է գեներացված բանակցային գործընթացում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին հարցին։ Լրագրողի հարցը 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի մասին էր․«Այնպիսի տպավորություն է, որ միայն այն պատճառով, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին, դուք մերժել եք բանակցել, գուցե բանակցեիք, դրա արդյունքում չլիներ պատերազմ ու ունենայինք Արցախ»։
Փաշինյանն ի պատասխան ասաց․«Կարևոր է արձանագրել, որ փաստաթուղթը ձևավորվել է իմ վարած բանակցությունների արդյունքում ․․․ որովհետև այդ ընթացքում իմ շփումներում գտնվել եմ տեղեկատվության հավաքման փուլում՝ թե ինչ է տեղի ուենցել, ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։ Այդ փաստաթուղթը ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացում նախորդ շրջանում տեղի ունեցած և գեներացված բովանդակությամբ»։
Փաշինյանը կրկին պնդեց․«Մենք երբեք չենք հրաժարել բանակցություններից, չի եղել այդպիսի բան, որ հրաժարվենք բանակցելուց, միշտ բանակցել ենք մեր պատկերացումներին, ՀՀ- ում գեներացված պատկերացումներին համապատասխան, և խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ մենք արձանագրել ենք, որ իրական բանակցություններում դիվանագիտական և միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործըթնացը»։
Հիշեցնենք, որ օրերս բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո ընդդիմությունն ու որոշ քաղաքական ուժեր, փորձագետներ Փաշինյանին մեղադրում են, որ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, եթե Փաշինյանն ընդուներ ու դրա շուրջ բանակցեր, պատերազմ չէր լինի, Արցախն էլ կմնար հայկական։
2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներով, որն ըստ էության փաթեթային լուծում էր, նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները՝ պայմանով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը պահպանվի։ Առաջին փուլում նախատեսվում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Զանգելանի, Կուբատլուի վերադարձ Ադրբեջանին: Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո:
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և կունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների։
Իսկ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները:
Երեկ խորհրդարանում իշխանությունը պնդում էր, թե «2019-ի այդ առաջարկը նոր առաջարկ չէ, պարզապես փաստաթղթերի սեղմագիրն է, Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը գնահատման փուլում է եղել»։
«2019-ի թուղթը հենց դա է, երբ որ ես ասել եմ՝ ինձ ասեք՝ որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Ես հերքում եմ ընդդիմության կողմից հնչեցվող պնդումը, թե իբր եղել է 2019 թվականին որևէ ինչ-որ նոր առաջարկ, և առավել ևս որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք ոչ»,-խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Փաշինյանը երեկ էլ պնդել է, թե 2019-ի թուղթը հենց դա է․«Երբ որ ես ասել եմ՝ ինձ ասեք՝ որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր»:
